ՀՅԴ Բիւրոյի քաղաքական ներկայացուցիչ, «Հայաստան» խմբակցութեան պատգամաւոր Արմէն Ռուստամեան յայտարարեց, որ Իլհամ Ալիեւի թիւ մէկ նպատակն է՝ Հայաստանի հետ երկկողմ բանակցութիւններ վարել, եւ ձեւով մը փակուղիի մէջ յայտնուած բանակցութիւնները տեղափոխել իր առաջարկած դաշտը:
Ըստ անոր` Ալիեւի նկատմամբ ճնշումներ կը գործադրուին այն առումով, որ վերջինս կը հրաժարի արեւմտեան հարթակներու վրայ բանակցութիւններ կատարելէ: «Ադրբեջանը դրան որեւէ յօդաբաշխ բացատրութիւն չէր կարողանում տալ: Վերջերս մենք նաեւ ԵԽում ենք դրա մասին քննարկում ունեցել: Հիմա Ադրբեջանը փորձում է մեղմել իր նկատմամբ ճնշումները: Երկրորդը, ես վստահ եմ, որ փորձում է ասել, որ ճիշդ է երկկողմ ձեւաչափով բանակցելը: Սրանով Ալիեւն ասում է` տեսէք, որ երկկողմ բանակցում ենք, ինչպիսի դրական արդիւնքներ են լինում: Սա կարող է տանել խաղաղութեան պայմանագրի ամբողջացմանը, եւ բանակցութիւնների տեղափոխմանը երկկողմ ձեւաչափի դաշտ», ըսաւ Ռուստամեան:
Ըստ անոր՝ երկկողմ բանակցութիւնները վտանգաւոր են՝ պիտի ծաւալի պարտուողի եւ յաղթողի խօսակցութիւն: «Երկրորդը, ի՞նչ է նշանակում երկկողմ ձեւաչափով հարցեր լուծել, դա նշանակում է, որ հարց չի մնացել լուծելու: Ե՞րբ է առաջանում միջնորդների անհրաժեշտութիւն, երբ կողմերը ունենում են չհամաձայնեցուած դիրքորոշումներ, եւ դրանց համապատասխանեցումը կատարւում է միջնորդների մասնակցութեամբ: Նրանք տալիս են հնարաւորութիւն, որ այն, ինչ արդէն ձեռք է բերուել երաշխաւորուի: Այստեղ նաեւ միջազգային երաշխաւորների հարցն է կորում», յայտնեց Ռուստամեան՝ աւելցնելով.
«Եթէ ամէն ինչ շուտափոյթ է տեղի ունենում եւ չճդտուած հարցեր կան, դա նշանակում է` Հայաստանը միակողմանի զիջել է, որովհետեւ Ադրբեջանի կողմից որեւէ զիջման մասին որեւէ յայտարարութիւն ես չեմ լսել»։
Ռուստամեան շարունակեց՝ ըսելով. «Նիկոլ Փաշինեանը խօսում է 29,800 քառ,կմ.ի մասին, բայց դա ֆիքսւո՞ւմ (կ՛ամրագրուի՞) է Ադրբեջանի կողմից, թէ ոչ: Ադրբեջանի կողմից նման յայտարարութիւն չի եղել, եւ ես չեմ էլ տեսնում, որ կարող է լինել: Այս պարագայում Հայաստանը պէտք է բնական հարցեր առաջադրի, նախ պէտք է ասի` բանակցութիւններ կարող են տեղի ունենալ սկսած այն պահից, երբ որ իմ տարածքներից դուրս կը բերուեն Ադրբեջանի զօրքերը: Ի՞նչ ես դու բանակցում, երբ ինքը կարող է դա ֆիքսի, ասելով` ես լաւ էլ ճիշդ տեղում կանգնած եմ: Մենք յայտարարում ենք, որ 200 քառ,կմ տարածքի կորուստ ունենք, ու այդ պայմաններում գնում ենք ինչի՞ մասին բանակցենք: Կամ պէտք է որպէս առաջին քայլ լինի այդ 200 քառ,կմ.ի ազատագրում, որից յետոյ սկսենք խօսել միւս բոլոր հարցերի մասին, կամ եթէ դա չենք անում, գնում ենք խօսելու Ադրբեջանի պայմաններով»։
Ըստ Ռուստամեանի՝ Ատրպէյճան տարբեր հնարաւորութիւններ կ՛օգտագործէ ըսելու համար, որ Ղարաբաղի հարցը փակուած է, որովհետեւ իրենք գիտեն, որ փակուած չէ:
Պատասխանելով այն հարցումին, որ արդեօք մօտիկ ապագային խաղաղութեան համաձայնագիրի ստորագրութիւն կանխատեսելի՞ է՝ ան ըսաւ. «Ինչ-որ անորոշ ձեւակերպումներով դա չեմ բացառում: Որ լինեն անորոշ ձեւակերպումներ, որ երկու կողմն էլ համարեն, որ շատ լուրջ նուաճում ունեն, բայց յետոյ ամէն մէկը մեկնաբանի իւրովի: Դա այն է, ինչ Ադրբեջանին է պէտք, որովհետեւ Ադրբեջանին ձեռնտու չէ այսօր ֆիքսել 29,800 քառ,կմ Հայաստան` իր յստակ սահմաններով: Նա դա չի ուզում անել, որովհետեւ հնարաւորութիւն ունի այսպէս անընդհատ առաջ գալով իր դիրքերը դնել, ինչո՞ւ պէտք է այդ շանսը կորցնի: Դիմացը թուլացած բանակցող ունի եւ իր` ուժի դիրքից խօսելը, դա իրականացնելը դեռ չի պատժուել աշխարհի կողմից: Ախորժակը ուտելու ժամանակ է բացուել եւ նա շարունակելու է այս նոյն տրամաբանութեամբ առաջնորդուել»։