Նոյեմբերի 30ը նշանակալից էր Սահակ Մեսրոպ հայկական դպրոցի համար։ Օրը կարեւորւում էր Արեւմտեան թեմի առաջնորդ Յովնան արքեպիսկոպոս Տէրտէրեանի այցելութեամբ։
Ուստի, վաղ առաւօտուանից եռուզեռ էր դպրոցի միջանցքներում. պատրաստւում էին սրբազան հօր գալուստին, կրկին անգամ կրկնելով իրենց յանձնարարականները։ Եւ ահա սպասուած հանդիպումը։ Ժամանում է առաջնորդը՝ ուղեկցութեամբ Նժդեհ եւ Կիրակոս քահանաներուն։ Յարգելի հիւրերին սրտատրոփ սպասում էր թէ՛ դպրոցի աշակերտական եւ թէ ուսուցչական կազմը։
Շնորհաշատ աշակերտները միջոցառում էին կազմակերպել այդ օրհնաբեր այցի առթիւ։ Գեղեցիկ կատարումներով հանդէս եկան առանձին դասարանների աշակերտներ ներկայացնելով հատուածներ հայ դասական գոհարներից եւ հոգեւոր երգերից։ Հոգեշահ ձեռնարկի աւարտին բեմ հրաւիրուեց սիրելի սրբազան հայրը՝ իր հայրական պատգամը եւ օրհնութիւնը բերելու համար։ Իր խօսքում սրբազանը պատուիրեց աշակերտներին խոստանալ լինել բարի եւ օրինակելի քրիստոնեաներ, սիրել իրենց դպրոցը, ուսուցիչներին, մէկը միւսին, եւ հաւատարիմ մնալ իրենց հայրերի աւանդոյթներին։
Ապա սիրելի աշակերտներին եւ ուսուցիչներին բաժանուեցին աղօթագրքեր եւ քարոզգրքեր՝ հեղինակուած սրբազան հօր կողմից։
ԴԻՒԱՆ ԱՌԱՋՆՈՐԴԱՐԱՆԻ