ԵՐԵՒԱՆ, «Երկիր».- Հայազգի բեմադրիչ Վարդան Յովհաննիսեանի «A story of people, war and peace» վաւերագրական շարժանկարը, որ նկարահանուած է Արցախի մասին՝ BBC-ի աջակցութեամբ, Ամսթերտամի (Հոլանտա) IDFA վաւերագրական ժապաւէններու փառատօնի մրցանակակիրներու առաջին երրեակին մէջ է: Վարդան Յովհաննիսեան մամուլին յայտնեց, թէ եզրափակիչ փուլին կը մասնակցէին 3000 ժապաւէններէն 300ը:
«Դա վաւերագրական շարժանկարների շատ հեղինակաւոր եւ լուրջ փառատօն է, եւ այն, որ «A story of people, war and peace» հայկական ժապաւէնը մրցանակակիրների երրեակում է, շատ բան է ասում: Ցուցադրութեան ժամանակ Հոլանտայի ատրպեճանական համայնքը փորձել է բողոքի ցոյցեր կազմակերպել, Պենելիւքսի (Պելճիքա, Հոլանտա եւ Լիւքսեմպուրկ) երկրներում Ատրպէյճանի դեսպանը փառատօնի կազմակերպիչներին գիր է յղել, սակայն նրանց ոչինչ չի յաջողուել անել», ըսաւ Վարդան Յովհաննիսեան:
Իր հերթին, Հոլանտայի հայկական կազմակերպութիւններու համախմբումի (FAON) մամլոյ եւ հանրային կապի պատասխանատու Ինկէ Տրոսթ յայտարարեց, որ Հոլանտայի ատրպէյճանցիներուն կ’աջակցէր Թուրքիան: «Նրանց, չգիտես ինչու, թւում է, որ աշխարհը պէտք է անի այն, ինչ իրենք են ցանկանում, սակայն, իրականում, ամէն բան այդպես չէ», ընդգծեց Տրոսթ: