Հայաստանի եւ Ատրպէյճանի արտաքին գործոց նախարարների՝ Ղարաբաղեան կարգաւորման հարցի շուրջ Հոկտեմբերի 24ին Փարիզում տեղի ունեցած հանդիպումը մասնայատուկ արդիւնքներ չտուեց։ Ինչպէս ասւում է հաղորդագրութիւնում, որը հանդիպման աւարտին տարածուեց ԵԱՀԿ Մինսքի խմբի համանախագահների (Ֆրանսա, Ռուսաստան, ԱՄՆ) անունից, հանդիպումը նուիրուած էր ԼՂ հիմնախնդրի հիմնային կարգաւորման լրացուցիչ տարրերի քննարկմանը, որոնք միջնորդները Հոկտեմբերի 6ին Մոսկուայում ներկայացրել էին նախարարներին, եւ անցաւ կառուցողական, բաց եւ անկեղծ մթնոլորտում։
Միջազգային միջնորդների առաջարկները «նոր հեռանկարներ են բացում բանակցութիւնների համար, սակայն պահանջում են լրացուցիչ ջանքեր»։ Այդ նպատակով երկու երկրների նախարարների խորհրդակցութիւնները կը շարունակուեն Նոյեմբերի 14ին Պրիւքսէլում։ Այնուհետեւ ՄԽ համանախագահները մտադիր են այցելել հակամարտութեան տարածաշրջան։
Միայն դրանից յետոյ, թերեւս, կ’ընդունուի որոշում Հայաստանի եւ Ատրպէյճանի նախագահների հանդիպման մասին։ Այժմ, Վարդան Օսկանեանի խօսքերով, բաւարար հիմքեր չկան բարձր մակարդակի հանդիպման համար։ «Փարիզում կողմերին չյաջողուեց շփման կէտեր գտնել, բայց կայ դիրքորոշումները մօտեցնելու որոշակի հնարաւորութիւն, այդ պատճառով որոշուեց խորհրդակցութիւնները շարունակել նախարարների մակարդակով»։
Ընդհանուր առմամբ, փարիզեան հանդիպման նման արդիւնքն սպասելի էր։ Դժուար է պատկերացնել, թէ ինչպէս Երեւանին եւ Պաքուին կը յաջողուի շփման կէտեր գտնել այնպիսի ցաւոտ հարցերում, ինչպիսիք են Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ Լաչինի ու Քէլբաջարի ապագան։ Եւ յատկապէս այդ հարցերը, եթէ հաւատալու լինենք տարբեր տեղեկատուական արտահոսքերին, չհամաձայնեցուածների թուին են պատկանում։
Ի զուր չէ, որ Ֆրանսիայի ԱԳՆի պաշտօնական ներկայացուցիչ Ժան-Պաթիստ Մաթէին նշեց, որ Հայաստանի եւ Ատրպէյճանի ԱԳՆ ղեկավարներ Վարդան Օսկանեանի եւ Էլմար Մամէտեարովի՝ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման փարիզեան բանակցութիւնների նպատակը «նախկին սկզբունքների մշակումն է, որոնք կարող են դրուել երկու կողմերի համար ընդունելի խաղաղութեան պայմանագրի նախապատրաստման հիմքում», եւ այդ սկզբունքները պէտք է լինեն «հաշուեկշռուած, արդարացի եւ գործնականում կիրառելի»։
Գործնականում հարկ կը լինի, որ դրանք կիրառեն ոչ թէ երկու, այլ երեք կողմերը. ֆրանսացի դիւանագէտը, հաստատուած տխուր աւանդոյթի համաձայն, «մոռացաւ» Լեռնային Ղարաբաղի մասին, որն Ատրպէյճանի ջանքերով (մեր կարծիքով՝ միջնորդների լուռ շահագրգիռ աջակցութեան պայմաններում) 1997 թուականից բանակցութիւններին մասնակցում է միջնորդաւորուած։
Նրա դիրքորոշումը հայ-ատրպեճանական խորհրդակցութիւններում ներկայացնում է Հայաստանը։ Փարիզում Վարդան Օսկանեանը, որը հանդիպման նախօրեակին հիմնային կարգաւորման վերոգրեալ լրացուցիչ տարրի շուրջ խորհրդակցութիւններ ունեցաւ ԼՂՀ նախագահի եւ ԱԳ նախարարի հետ, ներկայացրեց Ստեփանակերտում մշակուած՝ Հայաստանի եւ ԼՂՀի ընդհանուր դիրքորոշումը։
«Ազատութիւն» ռատիոկայանին տուած հարցազրոյցում ՀՀ ԱԳՆ ղեկավարը, չտրուելով խորհրդակցութիւնների մանրամասներին, նշեց, որ ԼՂՀ ղեկավարութիւնը տեղեակ է կարգաւորման սկզբունքների փաստաթղթին, որն այսօր դրուած է բանակցութիւնների սեղանին։
«Դա, ի հարկէ, չի նշանակում, թէ նրանք համաձայնութիւն են տուել իւրաքանչիւր հարցի առնչութեամբ. ես սա ուզում եմ ճշդել։ Այդ փաստաթղթում կան բաներ, որոնք ընդունելի չեն նաեւ հայկական կողմի համար։ Բայց մեր դիրքորոշումն այդ փաստաթղթի նկատմամբ հետեւեալն է. սկզբունքային տարաձայնութիւններ այդ փաստաթղթի շուրջ մենք չունենք, այսինքն՝ մենք մեր համաձայնութիւնը տուել ենք մասնայատուկ այն սկզբունքների առնչութեամբ, որոնք նշուած են փաստաթղթում։
«Բայց փաստաթուղթն աւելի ընդգրկուն է, քան սկզբունքները։ Եւ մանրամասների վերաբերեալ մենք, ի հարկէ, ունենք տարաձայնութիւններ փաստաթղթի եւ համանախագահների հետ»։ Թէ յատկապէս ինչ տարաձայնութիւններ՝ դեռեւս կարող ենք միայն ենթադրել՝ ելնելով այն բանից, որ չհամաձայնեցուած են մնում վերը նշուած հարցերը։
Դրանք համաձայնեցնելու համար, մեր կարծիքով, քիչ ժամանակ չի պահանջուի, քանզի Պաքւում, համարելով, թէ ժամանակն աշխատում է իրենց օգտին, շարունակում են խստացնել իրենց դիրքորոշումը՝ սպառնալով ռազմական ամավարկի աւելացմամբ եւ նոր պատերազմով։ Փարիզում նախարարների հանդիպումից ոչ շատ առաջ Ատրպէյճանի նախագահ Իլհամ Ալիեւը ուրախութեամբ յայտարարեց, թէ 2007 թուին իր երկրի ռազմական ամավարկը կը հասնի միլիառի սահմանին, եւ որ Հայաստանը, չդիմանալով այդ մրցավազքին, կ’ընկնի յաղթողի ոտքերը, իսկ եթէ ոչ, Ատրպէյճանը կը դիմի վերջին միջոցին՝ պատերազմին։
Այդ յայտարարութիւնների խորապատկերին ատրպեճանական կողմը կրկին սկսեց ապատեղեկատուութիւն տարածել հայկական կողմից հրադադարի դրութիւնն իբր խախտելու մասին։ Թէեւ իրականում ամէն ինչ ճիշդ հակառակն է. Հոկտեմբերի 18ին հայկական դիրքերի հերթական գնդակոծման հետեւանքով զոհուեց ՀՀ ԶՈՒ շարքային Ալեքսանդր Փափախչեանը (1987թ. ծնուած)։ Աւելի շուտ՝ Սեպտեմբերի 23ին, Իջեւանի մարտական դիրքերի ուղղութեամբ բացուած նշանառուական հրետակոծութեան հետեւանքով զոհուեց պայմանագրային ծառայութեան ենթասպայ Գառնիկ Մելեանը (1964թ. ծնուած)։
Հրադադարի յաճախակիացած խախտումները վերջապէս լրջօրէն անհանգստացրին միջնորդներին, եւ Հոկտեմբերի 20ին ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անտրէ Գասփրչիքի նախաձեռնութեամբ հայ-ատրպեճանական սահմանին տեղի ունեցաւ Հայաստանի եւ Ատրպէյճանի պաշտպանութեան նախարարներ Սերժ Սարգսեանի եւ Սաֆար Ապիեւի հանդիպումը «վստահութեան աստիճանը երկու պաշտպանական գերատեսչութիւնների ղեկավարների միջեւ բարձրացնելու նպատակով»։ Դժուար է պատկերացնել, թէ ինչպէս կարելի է վստահել Ապիեւին, որը նոյնիսկ ափրիկեան պետութիւնների ներկայացուցիչների հետ հանդիպումներում ժամերով խօսում է, այսպէս կոչուած, «Ատրպէյճանի՝ հակամարտութիւնը ռազմական ճանապարհով լուծելու իրաւունքի» մասին։
Յատկանշական է, որ Սարգսեան-Ապիեւ հանդիպման նախօրեակին ատրպեճանական ԶԼՄներում երեւան եկան մեկնաբանութիւններ, որոնք կասկածի տակ էին դնում պաշտպանութեան նախարարների շփման նպատակայարմարութիւնը։ Դրանց արձագանգեցին, աւաղ, ոչ թէ ներկայումս գործող միջնորդները, այլ ՌԴ նախագահի ԼՂ հարցով յատուկ ներկայացուցիչ Վլատիմիր Քազիմիրովը, որը 1992-1996 թթ. գլխաւորում էր Ռուսաստանի միջնորդական առաքելութիւնը եւ մասնակցեց 1994թ. հրադադարի եւ 1995թ. Փետրուարի 4ի՝ կրակի դադարեցման դրութեան ամրապնդման մասին համաձայնագրի կնքմանը։
Վերջին համաձայնագիրը, յիշեցրեց Քազիմիրովը, մասնաւորապէս նախատեսում էր անայլընտրանք անմիջական շփումներ կողմերի քաղաքական եւ ռազմական ղեկավարութիւնների միջեւ եւ անյետաձգելի մասնայատուկ միջոցառումների ձեռնարկում՝ միջադէպերի ահագնացում թոյլ չտալու, դրանք պարզաբանելու եւ կարգաւորելու համար, սակայն դա վաղուց կողմերը չեն կատարում եւ, փաստօրէն, մոռացութեան է տրուել ԵԱՀԿում։ Վ. Քազիմիրովը յիշեցրեց նաեւ, որ «Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի զինուորական ղեկավարները բացայայտօրէն արտայայտուել են այն պարտականութիւնների կատարման օգտին, որոնք կողմերը ստանձնել էին 1995թ. Փետրուարեան համաձայնագրով, իսկ պաշտօնական Պաքուն այդ առումով յամառօրէն լռութիւն է պահպանում»։
Չի կարելի չհամաձայնել, որ դեսպան Ա. Գասփրչիքի (որն առաջարկում էր անցկացնել հակամարտութեան կողմերի պաշտպանութեան նախարարների հանդիպում) նախաձեռնութիւնը բաւական օգտակար է։ Նա Փարիզում որոշ մանրամասներ ներկայացրեց Սարգսեան-Ապիեւ հանդիպումից։ Սակայն, Վ. Օսկանեանի խօսքերով, Գասփրչիքը միայն մասամբ մասնակցեց պաշտպանութեան նախարարների հանդիպմանը եւ ամբողջովին տեղեակ չէ դրա բովանդակութեանը։ ՀՀ ԱԳՆ ղեկավարն ինքը եւս տեղեակ չէ այդ հանդիպման մանրամասներին։
Համարձակուենք ենթադրել, որ նոյն վիճակում են նաեւ միջազգային միջնորդները։ Մինչդեռ նրանց չէր խանգարի ռազմատենչ Ատրպէյճանին յիշեցնել մի շարք միջազգային կազմակերպութիւնների առջեւ ստանձնած՝ հակամարտութեան խաղաղ կարգաւորման մասին պարտաւորութիւնները եւ գոնէ առաջարկել Պաքուին՝ ստորագրելու յատուկ փաստաթուղթ կողմերի՝ ուժի կիրառումից հրաժարուելու մասին։ Շատ հետաքրքիր է, թէ ինչպիսին կը լինի պաշտօնական Պաքուի վերաբերմունքը նման առաջարկին…