
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Անցեալ անգամ Արգամ Մանասեանին հետ մտանք Վազգէն եւ Վարսիկ Միրզոյեաններուն տունը ու հետեւեցանք ընթրիքի ընթացքին ունեցած իրենց խօսակցութեան:
Ընթրիքէն ետք, երբ Արգամ Մանասեան տուն կը վերադառնայ, կինը՝ Յասմիկը կ՛ըսէ թէ մայրը Ուջանէն եկած է, որովհետեւ մտահոգուած է զաւակով: Մայրը, որ քնացած էր, կ՛արթննայ, ամուր կը գրկէ զաւակը եւ կը պատմէ թէ ինչպէս դատախազը այցելեր է իրեն, տան չափերը առեր, պարտէզին ծառերը հաշուեր, թուղթեր պահանջեր եւ պատուիրեր՝ գիւղէն չբացակայիլ: Արգամը բնականաբար շատ կը բարկանայ, բայց կը փորձէ հանգստացնել մայրը:
***
«- Էդ ո՞վ է ետեւիցդ ընկել: Քեզանից ի՞նչ են ուզում, տղայ ջան:
Արգամն անհոգ ծիծաղեց:
– Դատարկ բան է, մամ ջան, կ՛անցնի:
– Ես էլ էդ էի ասում, տղայ ջան, որ սրտիդ մօտ չվերցնես: Սիրտդ մեղք է: Մարդու համբաւը որ դուրս է գալիս, Արգամ ջան, թշնամիներն էլ հետն են դուրս գալիս: Էդպէս է: Էդպէս եղել է ու էդպէս կը լինի: Տես, ինչքան փիս բաներ վերացան, չէ՞, օրինակ՝ քոսը, մալարիան, ոջիլը, թախտապիթին (տախտակի ոջիլ)… բայց նախանձը, չարութիւնը չվերացան: Որովհետեւ քոսն ու թախտապիթին մարդուց դուրս են ու մարդը կարողանում է կռուել դրանց դէմ, իսկ նախանձի ու չարութեան դէմ չի կարողանում, որովհետեւ դրանք իր հոգու մէջ են: Էդպէս է:
– Ուրեմն դատախազի օգնականը մեր տուն էր եկել, – չէր հանգստանում Արգամը:
– Հա, – ասաց մայրը: Վախենալու մարդ էր: Հաց դրեցի, որ ուտի, չկերաւ:
– Թոյն չունէի՞ր, մկների համար, – ծիծաղեց Արգամը: – Բա հացն ափսոս չէ՞ր…
– Չէ, չէ՜, – ասաց մայրը: – էնքան էլ վատ մարդ չէր, որովհետեւ ինչքան հասկացայ՝ փող էր ուզում: Եթէ մարդը փող է առնում ու լաւութիւն անում, ուրեմն էնքան էլ վատ մարդ չի:
– Է՜, մէր ջան, դու էլ ես ձեռից գնացել, – զարմացաւ Արգամ Մանասեանը: (…)
***
Քիչ ետք մայրը ծոցէն ծրար մը կը հանէ եւ կ՛երկարէ տղուն:
***
«- Փող է, գառ ջան, – ասաց մայրը: – Քեզանից ի՞նչ պահեմ, գերեզմանիս համար եմ հաւաքել: Բայց քեզ հետ որ մի բան պատահի, էլ ինձ ի՞նչ գերեզման: Աւելի լաւ կը լինի անունս էլ չմնայ աշխարհի վրայ: Վերցրու, ցաւդ տանեմ, տար տուր իրեն՝ թող ձեռ քաշի քեզանից:
«Էս ի՜նչ ծանր օր է» մտածեց Արգամը, զգալով, որ նորից սեղմւում է կոկորդը, որ շունչը կտրւում է:
– Բա եղա՞ւ, մէր ջան, – տնքաց նա:
– Առանց փողի չի լինի, ցաւդ տանեմ, – ասաց մայրը: – Տէրտէրին էլ եմ հարցրել. Ասաց՝ առանց փողի չի լինի:
– Տէրտէ՞ր: Դուք տէրտէ՞ր էլ ունէք:
– Օշական գնացի: (…)
– Իսկ Օշականի տէրտէրն ի՞նչ գիտէր, թէ ինչի համար է: Կամ դո՞ւ ինչ գիտես…
– Տէրտէրն ասաց՝ եթէ պաշտօնեայ դատախազն իր ոտքով ձեր տունն է եկել, ուրեմն առանց փողի չի լինի: Էդ մարդն, ասաց, մինչեւ իր ճանապարհածախսը չհանի ու փող չստանայ իր կորցրած ժամանակի համար, չի հանգստանայ:
– Իսկ ինքը ինչքա՞ն ստացաւ իր կորցրած ժամանակի համար, – խթեց որդին:
– Ես եկեղեցուն նուիրեցի, մեռնեմ իրա զօրութեանը:
Արգամը սեղանը վրայ զգուշութեամբ սահեցնելով փաթեթը (ծրարը) մօրը մօտեցրեց:
– Ինձ փող պէտք չէ, մամ ջան, ասաց նա: – Եթէ պէտք լինէր, կ՛ուզէի:
Մօր շրթունքները դողացին:
– Ինձ մի նեղացրու, գառ ջան: Ես մուրազով եմ բերել: Թաղես ինձ, թէ չվերցնես:
Արգամ Մանասեանը չգիտէր ինչ անել:
(…)
Յասմիկն այդ իրավիճակում աւելի գործնական դուրս եկաւ: Նա թիկունքից գրկեց ամուսնու գլուխն ու շշնջաց ականջին:
– Ի՞նչ ես պատմութիւն սարքում: Վերցրու, թող հանգստանայ: Իսկ մի քանի օր յետոյ կը տանենք իրեն կը տանք: Կ՛ասենք, որ պէտք չեկաւ: Ճիշդ չէ՞:
– Էդ ի՞նչ ես փսփսում, հարս ջան, – հարցրեց մայրը կասկածով:
Եւ Յասմիկը կարմրելով խաբեց.
– Արգամը առաւօտ շուտ գործ ունի: Ասում եմ քնենք: Լուսանում է արդէն: Ճիշդ չե՞մ ասում, մայրիկ ջան:
Մայրը չհաւատաց:
– Ճիշդ ես ասում, – ասաց նա՝ փաթեթը Արգամին մօտեցնելով: – Թող բարի լոյս բացուի իմ տղայի տան վրայ, Տէր Աստուած: Պահպանիր իմ որդուն, երկնային ՏԷր, փրկիր էս ցաւից, մի սեւ գառ եմ մատաղ խոստանում քեզ համար:
Արգամը ծիծաղեց ու գրկեց մօրը:
– Ուրեմն քո կարծիքով ոչ այստեղ ու ոչ այնտեղ… – նա մատով ցոյց տուեց առաստաղը, – առանց կաշառք տալու չի լինի, հա՞…
Մայրն արագ- արագ խաչակնքեց ու վեր պարզեց գլուխը:
– Ներիր իմ որդուն, Տէր Աստուած: Քո ոտքի հողն եմ: Ներիր նրան, որովհետեւ դեռ երեխայ է ու չի հասկանում իր արածն ու ասածը:
– Այ դրա լրիւ համաձայն եմ, – ասաց Արգամ Մանասեանը: – Իսկապէս ոչինչ չեմ հասկանում, մամ»:
***
Յաջորդ օրը Կիրակի է, եւ Արգամին մտերիմ ընկերը՝ Նորայրը եւ իր կինը՝ Սիրանը այցելութեան կու գան: Երկու ընկերները նարտի կը խաղան։ Խաղալէ առաջ գրաւի կու գան եւ կը համաձայնին, որ պարտուողը խորովածի միս պիտի գնէ: «Նայիրիկ», կ՛ըսէ Նորայրը, – «Նարտին բե՛ր ախպեր ջան, հօրդ հաշուին խորոված ենք ուտելու»: Այդպէս ալ կ՛ըլլայ: Արգամը կը պարտուի եւ . «Տարուել եմ, Յասմիկ ջան», կ՛ըսէ. «Մի երկու զամբիւղ տուր, շուկայ պիտի գնամ, ճար չունեմ: Սրանից պրծնիլ չի լինի»:
Գալ անգամ պիտի տեսնենք, թէ ինչ պիտի պատահի խորովածը վայելելու ժամանակ: