
Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Ա. Քալանթարեանի «Քննութիւն» վէպի թերթօնի ԽԲ. բաժնի վերջաւորութեան Արգամ Մանասեան պատրաստուեցաւ շուկայ երթալու, խորովածի միս բերելու համար: Նորիկն է օրուան խոհարարը եւ այնպիսի համով խորոված կը պատրաստէ, որ Արգամը իրեն կ՛առաջարկէ ճաշարան բանալ:
Բոլորը միասին կ՛ուտեն եւ պատկերասփիւռ կը դիտեն, որովհետեւ այդ օրը «Քիեւ»-«Արարատ» ֆութպոլի (ոտնագնդակի) խաղը կայ: «Արարատ»ը պարտուելու վրայ է, եւ Նորայրը բարկացած՝ «դրանց անունը պիտի փոխել» կը պոռայ. «բա Արարատն ափսոս չէ՞»…
Խաղը սակայն կ՛ընդհատուի…. հեռատեսիլէն լսուող ահազանգով մը…:
***
«Իսկապէս, հեռուստատեսային էկրանի (պաստառի) վրայ, խոշոր-սեւ տառերով գրուած էր. «Ահազանգ»:
– Դէ, էսպիսի ֆուտպոլիստներ ունեցողը ահազանգ պիտի տայ, էլի, – ծիծաղեց Նորայրը:
– Չէ, երեւի շատ կարեւոր բան է, որ ֆուտպոլի խաղի արանքում են տալիս, – ասաց Արգամը: – Գիտեն, որ նայողները շատ կը լինեն:
Էկրանի վրայ խորհրդաւոր ու ահասարսուռ երաժշտութեան տակ երեւացին կինոքատրեր (տեսանկարներ): Կամերան (տեսախցիկը) շրջում էր արտադրամասերում, ցատկռտելով անցնում ինչ-որ դազգահների (մեծ սեղաններ) վրայով եւ ի վերջոյ կանգ առաւ հոսքային մի գծի վրայ, որից ցած էին թափւում սիկարէթներ (ծխախոտեր):
– Մեր գործարանն է, – ապշած բղաւեց Արգամ Մանասեանը: – Տեսնես ի՞նչ է պատահել:
Ասես ի պատասխան նրա հարցի, ժապաւէնի ետեւից լսուեց հաղորդավարի թաւ ու խաղացկուն ձայնը.
– Երեւանի «Արգիշտի» ծխախոտի գործարան: Անունն ինքը յուշում է, եւ մենք սովոր էինք լսել, որ այս գործարանում փորձարկման ենթարկուեն ծխախոտի նորանոր տեսակներ: Բայց ինչպէս պարզուեց, վերջերս գործարանում փորձարկւում են ոչ թէ սիկարէթների, այլ արտադրա-ֆինանսական կարգի խախտումների եւ չարաշահումների նոր տեսակներ: Գործարանի տնօրէն Արգամ Մանասեանը եւ գլխաւոր տեխնոլոկ (արհեստագէտ) Բակուր Եկանեանը…
– Այս ի՞նչ են ասում, Արգամ, – ձեռքերն իրար խփեց Յասմիկը:
– Սո՜ւս, – նրան ընդհատեց ամուսինը: – Լսենք:
– Խախտելով պետականօրէն սահմանուած կարգը, առանց պլանաւորման (ծրագրման), առանց նախահաշուարկային փաստաթղթերի, առանց ֆինանսաւորման, կամայականօրէն գործարանի տարածքում ստեղծել են փաստօրէն մասնաւոր ցեխ (արտադրամաս)՝ իբր աննիքոթին, բաւականին կասկածելի եւ գիտականօրէն չհիմնաւորուած սիկարէթներ արտադրելու համար: Մեր նկարահանող խումբը եղաւ գործարանում եւ վճռեց գտնել այդ ընդյատակեայ արտադրամասը: Ահա, գուցէ այստե՞ղ է: Ոչ: Սա «Արին Բերդի» արտադրամասն է: Կամ գուցէ սա՞ է: Չէ, ինչպէս տեսնում էք, «Սալյուտն» է հոսում այստեղ: Իսկ սա՞ ինչ է: «Ախթամա՞ր»: Մի՞թէ գործարանը «Ախթամար» էլ է արտադրում: Ուրեմն ինչո՞ւ է ժողովուրդը ա՜խ, «Ախթամար» հառաչելով ապարդիւն փնտռում այդ սիկարէթները ծխախոտի կրպակներում: Ուրեմն ո՞ւր է գնում «Ախթամարը», ո՞ւր են գնում «Գառնին», «Երեւանը», «Հայաստանը»… Ո՞ւմ ձեռքն են ընկնում, որ յետոյ ժողովրդին են հասնում կրկնակի թանկ գնով…
– Խոսրովն է, – թղթի նման սպիտակած ասաց Արգամ Մանասեանը:
– Բայց չշեղուենք եւ որոնենք մեզ հետաքրքրող արտադրամասը: Որտե՞ղ կարող է այն լինել: Գուցէ հենց ընդյատակեայ իմաստով՝ յատակի, գետնի տա՞կ: Ոչ, ոչ, ինչպէս տեսնում էք, սա ընդամէնը պահեստ է: Գուցէ այդ առեղծուածային արտադրամասը գտնելու հարցում մեզ օգնի գործարանի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատար Վռամ Մաշուրեա՞նը:
Էկրանի վրայ յայտնուեց Վռամ Մաշուրեանը: Լուսաւորութի՞ւնն էր մեղաւոր, թէ ինչ, բայց նրա դէմքը գունատ էր թւում:
– Չափազանցութիւն է, – ասաց նա զարմանալի հանգստութեամբ: – Գործարանում ոչ մի գաղտնի արտադրամաս չի եղել եւ չէր էլ կարող լինել: Ձեր ասածը հաւանաբար վերաբերում է գլխաւոր տեխնոլոկի մասնաւոր փորձարկումներին: Այո, պարզուեց, որ նա մեքենայ էր առանձնացրել եւ ինչ-որ փորձեր էր կատարում: Հենց որ ինձ յայտնի դարձաւ այդ փաստը, անմիջապէս կարգադրեցի դադարեցնել ապօրինի աշխատանքները: Գլխաւոր տեխնոլոկին խիստ նկատողութիւն է յայտարարուած:
– Արա, դա կարգին տղայ դուր եկաւ, – չդիմացաւ, բացագանչեց Նորայրը: – Ճիշդն ասած՝ չէի սպասում:
– Իր կաշին է փրկում, – կամացուկ ասաց Արգամը:
Էկրանի վրայ յայտնուեց հաղորդավարը: Նրա կրծքի վրայ անմիջապէս գրուեց. «Հեռուստատեսութեան խմբագրութեան յատուկ թղթակից Խոսրով Պիշարեան»:
Խոսրով Պիշարեանը ասաց մեղմ, թերահաւատ ժպիտով.
– Իսկ հիմա լսենք մինիստրի (նախարարի) կարծիքը, ընկերներ:
Եւ էկրանին երեւաց մինիստր Սամսոն Պատալեանը:
– Սա ե՞րբ է եկել, – ակամայ տեղից վեր ցատկեց գործարանի նախկին տնօրէնը: …Ուրեմն Մարինէն խաբում է ինձ:
Մինիստրը սեւեռուն հայեացքով, լոյսերից փոքր ինչ կկոցած, կնճռոտուած աչքերով նայեց ուղիղ իր դիմաց, հազաց (…) եւ ասաց.
– Ինքնաքննադատաբար պէտք է խոստովանեմ, որ բացարձակապէս տեղեկութիւն չեմ ունեցել, թէ այդ իմաստով ինչ է կատարւում ծխախոտի գործարանում: Ես խորապէս զարմացած եմ»:
***
Ընթերցողը վստահաբար կը յիշէ Սամսոն Պատալեանը, որ մեզի ծանօթ է Սամսոն Իվանիչ, ինչպէս նաեւ… Սարի թաղի Սամօ անուններով: Սամսոն Իվանիչը «յարգուած» նախարար է, որ ժամանակին ճամբորդած է Արգամ Մինասեանի հետ եւ շատ ալ լաւ տեղեակ է անթոյն ծխախոտի փորձարկումներէն: Սարի թաղի Սամոն օրէնքով գող Վլէի «գործընկեր»ն է. արդեօք քանի՜ անգամ ապօրինի գործերով զբաղած է եւ չարաշահած իր դիրքը: Իսկ հիմա աներեսաբար կը յայտնէ, որ տեղեակ եղած չէ գործարանին մէջ տեղի ունեցածէն:
***
«(…) – Տեղեակ եմ պահում ձեզ, որ այդ եւ այլ մի շարք սխալների եւ չարաշահումների համար գործարանի տնօրէն Արգամ Մանասեանը մեկուսացուած է աշխատանքից եւ նրա վերաբերեալ նիւթերը յանձնուած են քննչական մարմիններին՝ նրան քրէական պատասխանատուութեան ենթարկելու համար:
– Արգամ, Արգամ ջան, կը բանտարկե՞ն քեզ, – հեկեկաց Յասմիկը: (…)
Կողքի սենեակից կամացուկ քայլերով եկաւ Նայիրուհին ու թեքուեց, գրկեց հօր պարանոցը:
Էկրանի վրայ նորից յայտնուեց Խոսրով Պիշարեանը:
– Յարգելի բարեկամներ, – ասաց նա: – Հաւանաբար դուք զգացիք երկու ելոյթների միջեւ եղած հակասութիւնը: Յարգելի մինիստրը նշում է, որ եղել է այդպիսի ապօրինի արտադրամաս, իսկ գործարանի տնօրէնի ժամանակաւոր պաշտօնակատարը ժխտում է: Ուրեմն՝ եղե՞լ է արդեօք, ի՞նչ ծախսերով է կառուցուել: Իսկ հիմա որտե՞ղ է անհետացել այդ արտադրամասը: Երեւի այդ հարցերն արդէն քննչական մարմիններին հետաքրքրեն: Իսկ մենք կը սպասենք նրանց պատասխանին: Մինչեւ նոր հանդիպում, յարգելի հեռուստադիտողներ:
– Եւ այս բոլորը մի մեծ տուփ «Ախթամարի» համար, – տխրած ու ընկճուած ասաց Արգամ Մանասեանը: – Ընդամէնը մի տուփ սիկարէթի համար:
– Ո՞ւմ պէտք է տայիր, – հարցրեց Նորայրը:
– Այդ թղթակից Խոսրովին:
– Արա, դէ դու էլ տայիր, էլի, – պոռթկաց Նորայրը»:
***
Յասմիկը կը հեծկլտայ, Նորայրին կինը՝ Սիրանը, կը փորձէ մխիթարել զայն, իսկ Նորայրը Արգամին կ՛առաջարկէ դուրս ելլել ու քիչ մը պտտիլ, երբ յանկարծ հեռաձայնը կը հնչէ…
Արդեօք ո՞վ է հեռաձայնողը եւ ի՞նչ կ՛ուզէ…: