Կ՛ամփոփէ Եւ Կը Ներկայացնէ՝ ԱՆԻ ԱՍՏՈՒՐԵԱՆ
Անցեալ անգամ կարդացինք Արգամ Մանասեանի մտածածներուն մասին: Վարորդ Աշոտը, գիտաշխատող Բակուրը եւ Վռամը յաջորդաբար անցան մտքէն: Հիմա կարգը Մարիամին է: Մարիամը Վռամ Մաշուրեանի կինն է:
***
«Իսկ երբ Վռամին յիշեց, կողքին աննկատելիօրէն յայտնուեց Մարիամը, նայեց խորունկ, խաժ աչքերով, ժպտաց ու շշնջաց քնքշօրէն՝ «Սիրելի՜ս, սիրելի մարդ… պահպանիր քեզ… պահպանիր յանուն քո ընտանիքի եւ յանուն նրանց, ովքեր սիրում են քեզ»: Ի՞նչ էր ուզում դրանով ասել Մարիամը: Եւ ինչո՞ւ միանգամից անջատեց հեռախօսը: Զարմանալի մարդիկ են կանայք: Այն ե՞րբ էր, Յասմիկն ասաց, դու չե՞ս զգում, ինչ է, որ Մարիամը սիրում է քեզ: Թէ՞ ուրիշ տեսակ ասաց. բայց միտքը նոյնն էր: Նոյնն էր, ի հարկէ, ըստ որում հաստատ սխալ էր, եթէ ճիշդ լինէր, Արգամը հո նորելուկ պատանի չէր, կը հասկանար անմիջապէս: Սխալ էր, սխալ, բայց այնուամենայնիւ այդ խօսքերը հաճելի էին Արգամին: Ի վերջոյ, ո՞ւմ հաճելի չէ, երբ իմանում է, թէ ինչ որ մէկը սիրում է նրան:
Միամիտ, ազնիւ Յասմիկը: Ինչպէ՞ս է ապրելու հիմա: Ինչպէ՞ս է մխիթարելու Նայիրուհուն, հետեւելու Նայիրիին, պահելու տունը եւ միաժամանակ, բարեխղճօրէն, նշուած օրերին, ուտելիքի կապոցը ձեռքին՝ հերթի կանգնելու բանտի դարպասի մօտ: (…) Յասմիկը եւ բանտը: Խելագարուել կարելի է: Ի՞նչ արեցիր քո ընտանիքի հետ: Իւրաքանչիւր մարդ ի վերջոյ իրաւունք ունի իր բախտը տնօրինելու, միա՛յն իր բախտը… Այնինչ դու քո ողջ ընտանիքի բախտի հետ խաղացիր, յիմար, յիմա՜ր Արգամ Մանասեան: Չէ՞ որ սրանից յետոյ, անկախ իրենցից, Յասմիկն արդէն կալանաւորի կին է համարուելու, զաւակները՝ կալանաւորի երեխաներ, իսկ մօր մասին ասելու են.
– Խեղճի տղան բանտում է:
Ոչ թէ խեղճ տղան, այլ՝ խեղճի տղան»:
***
Այս էջին, ինչպէս նաեւ յաջորդ էջերուն մէջ պիտի խաղայ Ա. Քալանթարեանի վիպապաշտ լարը. մինչ առաջին բաժնին մէջ Մարիամին անունը կը յիշուէր հպանցիկ ձեւով, գալիքին մէջ Վռամ Մաշուրեանի կինը կեդրոնական դեր պիտի ունենայ, ռոմանթիք շարժապատկերի մը սիրային ծալքերը բանալով դիտող-ընթերցողին:
Այս վերջինը, թէեւ պիտի զարմանայ Արգամ Մանասեանի վարուելակերպի ակնթարթային փոփոխութենէն, սակայն թերեւս մտածէ, որ կեանքն ալ շարժապատկեր մըն է եւ ինչպէս շարժապատկերներուն մէջ կը պատահին այսպիսի բաներ, կեանքին մէջ ալ կը պատահին… կամ՝ հակառա՞կը…
Այսօրուան տեսարանը այդքան ալ համոզիչ չի թուիր տրամաբանութեան փնտռտուքին հետամուտ անձերու, բայց եւ այնպէս ընթերցողին հարցադրել կու տայ, թէ հեղինակը ինչո՞ւ հարկ զգացած է զայն ներմուծել վէպին վերջաւորութեան: Արդեօ՞ք ուրիշ միջոց չէ գտած ստեղծուած դատական հանգոյցը լուծելու:
***
«(…) Արդէն մտնում էր շէնքը, երբ բնազդաբար զգաց, որ պատից ստուեր պոկուեց եւ մի քայլ առջեւ եկաւ:
– Արգամ Պետրովիչ, – լսեց նա խուլ, խեղդուած կանացի մի ձայն:
Արգամ Մանասեանը շրջուեց ձայնի կողմը:
– Մարիա՞մ:
– Կամաց, ի սէր Աստծոյ, շշնջաց Մարիամը: – Երկու ժամ է, ինչ սպասում եմ ձեզ:
Արգամը արագօրէն մօտեցաւ նրան:
– Բայց դու թրջուել ես ոտքից գլուխ: Ինչո՞ւ վերեւ չես բարձրանում: Գնանք:
Կինը ետ շրջուեց:
– Ես ուզում եմ ձեզ հետ առանձին խօսել: Ինձ որեւէ տեղ տարէք, որպէսզի մեզ լսող ու տեսնող չլինի, խնդրում եմ… շտապով ասաց նա, ասես տենդի մէջ:
– Բայց դու դողում ես, Մարիամ, – անհանգստացաւ Արգամը: – Մի՞թէ այդ ամէնը տանը ասել չի լինի:
– Ո՛չ, – ասաց Մարիամը:
Արգամ Մանասեանը ակամայ բռնեց նրա ձեռքը: Մարիամի ձեռքը սառն էր ու դողում էր:
– Բայց ես ի՞նչ անեմ, – շփոթահար մրմնջաց նա: – Այս ժամին… Ես ուղղակի չգիտեմ…
– Մհերի արուեստանոցը տար, – յանկարծ ասաց կինը: – Շուտ արա, ի սէր Աստծոյ, զգում եմ, որ ուշագնաց եմ լինում:
– Մհերի արուեստանո՞ցը… – Մի՞թէ Մարիամը գիտի, որ երբեմն-երբեմն զուարճանում ենք այնտեղ, զարմացած ու ամաչելով մտածեց Արգամը:
Նա արագօրէն հանեց պիջակը (բաճկոնը), Մարիամի ուսերին նետեց եւ քայլեց դէպի հեռախօսը:
– Հիմա կը զանգահարեմ:
– Շուտ, – խնդրեց կինը:
Մհեր Սամսոնեանը տանն էր:
– Մհեր, – սկսեց Արգամ Մանասեանը, – մի խնդրանք ունեմ, եղբայր:
– Ընդունելութիւնը ժամը երկուսից չորսն է, – ծիծաղեց Մհերը:
– Կատակի ժամանակը չէ, Մհեր, ինձ քո արուեստանոցի բանալին է պէտք: Եւ շատ շտապ:
– Ի՞նչ, – քրքջաց նկարիչը: – Շատ շտա՞պ: Կեցցես, Արգամ Պետրովիչ, ա՛յ քեզ տղամարդ: Ես ամէն օր թերթում քո ողբերգական մահախօսականն եմ փնտռում, իսկ դու դեռ հաւես (տրամադրութիւն) ունես… Ողջունում եւ շնորհաւորում եմ… նոյնիսկ թոյլ եմ տալիս դատարկել պարը (խմիչքներու պահարանը)…
– Մհե՜ր…
– Իսկ հետը ընկերուհի չունի՞, – ձայնը իջեցրեց նկարիչը: – Ասա թող մի ընկերուհի գտնի, ես էլ գամ…
– Վերջ տուր, Մհեր, – սրտնեղեց Արգամը… – գործնական (գործի հետ կապ ունեցող) հանդիպում է…»
***
Երբ Արգամ վերջապէս ձեռք կը ձգէ Մհեր Սամսոնեանի բանալին ու կը վերադառնայ Մարիամին, այս վերջինը կ՛ուզէ վստահ ըլլալ, որ Արգամին ունեցածը արուեստանոցի՛ բանալին է… արդեօք՝ ինչո՞ւ:
***
«Ինչո՞ւ է արուեստանոցի գաղափարն այդպէս ուրախացնում նրան: Ի՞նչ է պատահել: Այդ ի՞նչ ունի իրեն ասելու տիկին Մարիամը, որ չի ուզում տանն ասել: Կամ փողոցում: Կամ որեւէ այլ տեղ: Արգամ Մանասեանը այդ հարցերի պատասխանը չէր գտնում եւ ժամանակ էլ չունէր մտածելու:
Բարեբախտաբար դիմացից թաքսի էր գալիս: Արգամն առաջ նետուեց եւ ձեռքով խնդրեց, հասկացրեց, որ վարորդը մեքենան շրջի: Յետոյ բացեց աւտոմեքենայի (ինքնաշարժ) դուռը, Մարիամին հրաւիրեց նստել, իսկ ինքը դուռը բացեց, որպէսզի վարորդի կողքին նստի: Բայց Մարիամը կամացուկ ասաց.
– Մրսում եմ, ինձ մօտ նստէք, Արգամ Պետրովիչ:
Վարորդը ներողամտաբար ժպտաց, եւ Արգամ Մանասեանը ամաչելով նստեց Մարիամի կողքին:
– Թումանեան փողոց, – ասաց նա:
– Յովհաննէ՞ս, – կատակեց վարորդը, սպասելով, թէ ուղեւորը կը ծիծաղի, բայց նկատելով, որ նա, ընդհակառակը, մռայլուեց, լռեց ու մեքենան կտրուկ պոկեց տեղից:
– Գրկիր ինձ, հա՞, – խնդրեց Մարիամը:
– Մարիամ… շշնջաց Արգամը:
– Մրսում եմ…
Նա չէր ձեւացնում: Իրօք մրսում էր: Մարիամը դողում էր շարունակ: Արգամը ձախ ձեռքը երկարեց նրա ուսի վրայով, եւ կինն անմիջապէս թեքուեց, կծկուեց ու սեղմուեց նրան: Եւ Արգամը միանգամից զգաց, որ հարբել է»: