Համադրեց՝ ՆՈՒՊԱՐ ՏԷՄԻՐՃԵԱՆ
ՀՅԴ-Ի ՀԻՄՆԱԴԻՐ ԵՐՐՈՐԴՈՒԹԻՒՆԸ՝ ՔՐԻՍՏԱՓՈՐ, ԶԱՒԱՐԵԱՆ ՌՈՍՏՈՄ

Բառական իմաստով, այս (ենթախորագիր), ի հարկէ, ճիշդ չէ: Ռոստոմը, օրինակ, Դաշնակցութեան հիմնադիր ժողովների անգամ չի մասնակցել: Բայց, ըստ էութեան, գլխաւորապէս նրանց մտքի, հոգու եւ կամքի արդիւնք է ՀՅ Դաշնակցութիւնը՝ իր գաղափարներու եւ կամքի արդիւնքն է Հ. Յ Դաշնակցութիւնը: Իրենց իմացականութեան ուժով եւ անձնական կեանքի ու գործի օրինակով Քրիստափոր, Զաւարեան, Ռոստոմ անզուգական երրորդութիւնը կերտեցին, անհասանելի բարձրութեան հասցրին եւ հզօր կազմակերպութեան վերածեցին ՀՅ Դաշնակցութիւնը, որ կէս դարից աւելի անընդհատ իր գաղափարներով ու հերոսական գործերով, իր մտաւորական ու ռազմիկ շքեղ դէմքերով ճոխացրեց հայոց նորագոյն պատմութիւնը: Եւ այսօր էլ տակաւին, ազատատենչ հայութիւնը ապրում ու ոգեւորւում է նրանց սերմանած գաղափարներով, նրանց կռած ու կոփած կազմակերպական սկզբունքներով, նրանց անձնուէր կամքի օրինակով, նրանց տենչերով ու ոգիով:
Որպէս անհատականութիւններ, երեքը այնքա՛ն տարբեր էին իրարից: Քրիստափորը՝ մտքով ու հոգիով խորունկ ովկիանոսի պէս, խոհերով ու զգացումներով՝ զուսպ ու հանդարտ խաղաղ եղանակին ու բուռն ու մոլեգին՝ փոթորկի օրերուն: Մարմնով տկար, բայց զարմանալի կերպով տոկուն ու աշխատունակ: Մտքով եւ կամքով՝ հուժկու, շատ կարդացած եւ մտաւոր ճոխ պաշարի տէր, մանաւանդ, ընկերային հարցերում: Միտքը՝ բաց ամէն մի նոր գաղափարի առջեւ: Սակաւախօս, բայց խօսքով ազդու, պարզ ու դիւրահաղորդ մարդկային յարաբերութիւնների մէջ:
Անանձնական, համեստ եւ սակաւապէտ անհատական կեանքում: Աննկուն սկզբունքային եւ բարոյական խնդիրներում: Կեանքի եւ մարդկանց հանդէպ՝ լաւատես եւ լայնամիտ: Օժտուած կազմակերպական բացառիկ տաղանդով եւ շրջապատի մտքերի ու հոգիների վրայ ազդելու արտասովոր կարողութեամբ: «Մարդակերտ»՝ ասում էին նրա մասին:
Ամէնքը, ով բախտ է ունեցել անձամբ ճանաչելու Քրիստափորին, միաբերան հիացումով են խօսում նրա մասին: «Շատ լաւ կարողանում էր թափանցել մարդկանց ներքին աշխարհը։ Երբ ընտրում էր բացառաբար բարոյապէս անբասիր մարդիկ եւ, երբ պատահում էր այդպիսի մարդկանց, ուղղակի գերում էր բառի բուն իմաստով, եւ այդ գերութիւնը հաճելի էր գերուածին: Սիստեմատիկ (կանոնաւոր) մտածող եւ գործող մարդ էր: Արդեօք գիտակցաբա՞ր մտածում ու հաշւում էր նախապէս իր անելիքն ու ասելիքը, թէ՞ կատարում էր ներշնչումով, իբրեւ մի տաղանդ, դժուարանում եմ ասել: Միշտ հաւասարակշռուած, միշտ հանգիստ, միշտ անմոռաց ժպիտը երեսին: Չափազանց ուշադիր ու ներողամիտ դէպի հակառակորդներն անգամ, ուստի ամէնքը սիրում ու յարգում էին նրան»: ասում է, օրինակ, նրա մտերիմներից մէկը՝ Մարտին Շաթիրեան։
Քրիստափորի տարիների գործակից Մ. Վարանդեանը այսպէս է բնորոշում նրան․ «Պատկառելի գլուխ մը փրոֆեսորի, պետական մարդու․ Երկայն մօրուքով, դալուկ դէմքով ու խիստ իմացական արտայայտութեամբ. Նայուածքը՝ աւելի խորհողի, քան յեղափոխական գործիչի, լուրջ, հանդիսաւոր, ինքնավստահութեան եւ արժանապատուութեան դրոշմը ճակտին. Խորունկ ու խոհուն աչքեր, որ մեղմիւ կը պսպղային ակնոցի ետեւը եւ կը թափանցէին հոգւոյն մէջ․ Նիհար, թուլակազմ մարմին մը, փոքր ինչ դանդաղաշարժ, քիչ խօսող, կուռ տրամաբանող, ընդհանրապէս պաղ, զուսպ, հաւասարակշռուած. Ներսը, սակայն հրաբուխ, ազնիւ կիրքի խորանդունդ ծով մը, որ շարունակ կ՛ալեկոծուէր ու դէպի գործ կը մղէր»:
Վիպասան Շիրվանզադէն այպէս է պատկերացնում Քրիստափորին՝ ՀՅ Դաշնակցութեան հիմնադրութեան օրերին․ «Ես չեմ տեսել կեանքումս մի ուրիշը, որ կարողանար իր շուրջն ստեղծել այնքան համակրանք, որքան այդ մարդը՝ Քրիստափորը: Միջահասակ, ի ծննդէ կաղ, գունատ դէմքով, նօսր, պարզ, շագանակագոյն միրուքով, խոշոր խելացի աչքերով, ահա Միքայէլեանը այն ժամանակ, երբ ես ճանաչեցի նրան… Միշտ խոհուն, միշտ հանգիստ բայց եւ միշտ բարեհամբոյր: Բաւական էր, որ նա իր սեւ յօնքերը բարձրացնելով ակնոցների տակից՝ նայէր հանդիպողին ժպտուն դէմքով, եւ արդէն մարդն յաղթուած էր: Շատ քիչ էր պատահում, որ Քրիստափորը կորցներ իր սովորական անդորրութիւնը, բայց երբ գրգռւում էր, անյաղթելի էր իր բուռն զգացմունքների մէջ»:
Մի խօսքով՝ բնութիւնը Քրիստափորին ստեղծել էր ղեկավար եւ առաջնորդ լինելու համար:
Քրիստափոր Միքայէլեանը պատմական Գողթն գաւառից էր՝ ծնուած 1859ի Հոկտեմբեր 18ին, Վերին Ագուլիս մեծ գիւղում: Վաղ հասակից որբացած էր նա, ինչպէս ինքն էր ասում յետոյ, «տրտում մանկութիւն» է ունեցել: Տկար կազմով, կաղ, բայց ուշիմ ու խոհուն, արտակարգ ընդունակութիւններով օժտուած տղայ էր: Նախնական կրթութիւնը ստանալով ծննդավայրում, 1874ին յաջողում է անցնել Թիֆլիս եւ երկու տարի նախապատրաստուելուց յետոյ, ընդունւում է ուսուցչական ճեմարան, որ աւարտում է 1880ին, առաջին կարգի մրցանակով:
Բացի սովորական դասերից, ճեմարանում Քրիստափորը անյագ կարդում է, գլխաւորապէս ընկերային, հոգեբանական ու մանկավարժական գրականութիւն: Նրա մտքի վրայ ուժեղ տպաւորութիւն է գործում Ր. Օուէնի ընկերային վարդապետութիւնը, ինչպէս եւ ռուս ընկերվարական հեղինակները՝ Չերնիշեւսկի, Դոբրոլիւրով, Լաւրով, Միխայլովսկի, որոնք իշխում էին ժամանակի երիտասարդութեան մտքերի վրայ: Միաժամանակ՝ Քրիստափորը մասնակցում է աշակերտական ինքնազարգացման խմբակներին, որոնց մէջ գործօն ու ղեկավար դեր է կատարում՝ շնորհիւ իր բնական ձիրքերի եւ գիտական պատրաստութեան: Ճեմարանը աւարտելուց յետոյ, Քրիստափոր մի քանի տարի ուսուցչութիւն առաւ ծննդավայր Ագուլիսի ծխական դպրոցում, իսկ ամառուայ արձակուրդները անց էր կացնում Թիֆլիսում: Նա արդէն կազմակերպուած անհատականութիւն էր: Մտել էր յեղափոխական շրջանակների մէջ: Անդամ էր «Նարոդնաեա Վոլեա» մարտական կազմակերպութեան: Հայ ազգային հարցեր ճեմարանում նրան դեռ չէին զբաղեցնում. Ապրում ու որդեգրում էր համառուսական գաղափարներով ու շարժումներով: Քրիստափորը այսպէս էր ներկայացնում իր յուշերում ժամանակակից երիտասարդութեան տրամադրութիւնները․ «Թիֆլիսի միջնակարգ դպրոցների այլացեղ երիտասարդութիւնը, ազդուած մի կողմից Ռուսաստանի կենտրոնների յեղափոխական եւ միւս կողմից եկուոր պրոպագանտիստներից (քարոզչութիւն կատարող) ու գաղտնի գրականութիւնից, շարժուեց ու անյագօրէն նուիրուեց ինքնազարգացման եւ պատրաստութեան՝ յեղափոխական-հասարակական գործունէութեան համար: Երիտասարդութեան իդէալների բնոյթը որոշում էր մենակ «Նարոդնաեա Վոլեա» կուսակցութիւնը, որ այն ժամանակ իշխում էր կովկասեան երիտասարդութեան բոլոր զգայուն ու գիտակից տարրերի մտքերի վրայ: Միջազգային ընկերվարութիւն էր այդ իդէալը, որ պահանջում էր անվերապահ ու անձնազոհ կռիւ կեանքի հին ձեւերի դէմ: Մասնակի, տեղական, ազգային կամ զուտ քաղաքական բնոյթ կրող եւ ո՛չ մի հարց ոչ ոքի միտք չէր գալիս: Ռուսը, հայը, վրացին իրարու միացած՝ ընդհանուր աշխարհաքաղաքացիական իդէալի հանդէպ՝ ճանաչում էին մէկ նպատակ, կռուի միեւնոյն միջոցներով․ նոյն այդ ուղղութիւնն էր նկատւում եւ ինքնազարգացման բոլոր խմբակներում աշակերտութեան մէջ»:
(Քաղուած «Յուշապատում ՀՅ Դաշնակցութեան. 1890-1950» հատորին մէջ Սիմոն Վրացեանի հեղինակած բաժինէն)