«Դէպի Հայք» կամ Birthright Armenia կազմակերպութիւնը հիմնադրուել է 2004 թուականին, ամերիկահայ բարերար Էտիլ Յովնանեանի կողմից: Նպատակը Հայաստանի եւ Սփիւռքի երիտասարդութեան միջեւ կամուրջ ստեղծելն է, անկախ Հայաստանի զարգացման գործին սփիւռքահայ երիտասարդութեանը մասնակից դարձնելը, ինչը հայրենիքի հետ ամուր եւ մնայուն կապեր ստեղծելու կարեւոր նախապայմաններից է:
Մինչ օրս 18-32 տարեկան շուրջ 250 հայ երիտասարդներ աշխարհի տարբեր երկրներից որպէս կամաւորներ եկել են Հայաստան՝ իրենց նախընտրած ոլորտում աշխատելու, փորձ ձեռք բերելու եւ իրենց կարողութիւններով օգտակար լինելու հայրենիքին: Սա նաեւ լաւ հնարաւորութիւն է մօտիկից ծանօթանալու Հայաստանի մշակոյթին ու պատմութեանը, տարրական գիտելիքներ ձեռք բերելու կառավարման համակարգի եւ տարբեր ոլորտների վերաբերեալ, սովորելու հայերէն եւ, վերջապէս, ճանաչելու իրական Հայաստանը, բացայայտելու նրա էութիւնը, ինչը հնարաւոր չէ անել շրջագայութեան միջոցով կամ գրքեր ընթերցելով ու պատմութիւն ուսումնասիրելով:
Հայաստանում երիտասարդներն ապրում են հիւրընկալ ընտանիքներում, որտեղ կարող են անմիջականօրէն շփուել իրենց հայրենակիցների հետ, ծանօթանալ հայ ընտանիքի կենցաղին ու հոգսերին: Հիւրընկալ ընտանիքն էլ իր հերթին իմանում է՝ ինչ դժուարութիւններ ու խնդիրներ ունեն Սփիւռքի հայ ընտանիքները: «Այսինքն՝ մենք չենք ուզում, որ այդ երիտասարդները Հայաստան գան իբրեւ զբօսաշրջիկ, այլ այստեղ գալով՝ իսկապէս ճանաչեն Հայաստանը, մակերեսի շերտը բացեն եւ տեսնեն նրա էութիւնը, եւ այդ ճանաչման միջոցով կապուեն Հայաստանի հետ: Վերադառնալուց յետոյ Հայաստանի հետ ունենան խորը եւ ամուր կապ», ասում է Հայաստանում «Դէպի Հայք»ի գործադիր տնօրէն Սեւան Գապագեանը: Նրա խօսքերով՝ հիւրընկալ ընտանիքներում ապրելու գաղափարը շատ յաջողուած է: Շատերն իրենց կապը պահպանում են անգամ վերադառնալուց յետոյ էլ, եւ կան կամաւորներ, ովքեր միայն իրենց հիւրընկալ ընտանիքին տեսնելու համար կրկին Հայաստան են գալիս: Այս առումով հետաքրքիր է Սոֆիա Մալխասեանի պատմութիւնը: Ամերիկայից Հայաստան գալուց եւ հայերէն սովորելուց յետոյ՝ Սոֆիան Եղէգնաձորի Գետափ գիւղում անգլերէն էր սովորեցնում 6-10րդ դասարանների աշակերտներին: Մէկ տարի ապրելով Հայաստանում՝ Սոֆիան մեկնեց Ամերիկա, բայց չորս ամիս անց կրկին վերադարձաւ: «Շատ կարօտեցի Հայաստանը եւ իմ հիւրընկալ ընտանիքը», խոստովանում է նա: Սոֆիան մինչ օրս կապ ունի Գետափի իր հիւրընկալ ընտանիքների հետ: Նրա հիւրընկալ մայրը՝ Ռոզան եւ քոյրը՝ Աստղիկը ապրում էին չգործող մանկապարտէզի դասասենեակներից մէկում, որը զուրկ էր տարրական պայմաններից՝ սանհանգոյց, ջուր, կոյուղի: Ամերիկա վերադառնալուց յետոյ Սոֆիան դրամահաւաք իրականացրեց եւ 30,000 ԱՄՆ տոլար հաւաքեց, որպէսզի իր հիւրընկալ ընտանիքի համար ձեռք բերի իրենց երազած տունը:
2006 թուականից մինչ օրս Սոֆիան ապրում եւ աշխատում է Հայաստանում’ «Քաունթերփարթ ինթերնեյշընըլ» կազմակերպութեան կողմից իրականացուող Քաղաքացիական շահերի պաշտպանութեան եւ աջակցութեան ծրագրում՝ որպէս խորհրդատու եւ չի բացառւում, որ իր ապագան կապի Հայաստանի հետ:
Գոյութիւն ունեն թէ՛ սփիւռքեան, թէ՛ հայաստանեան կազմակերպութիւններ, որոնք կամաւորներ են բերում Հայաստան աշխատելու: Սակայն «Դէպի Հայք»ի իրականացրած ծրագիրը իւրայատուկ է, չի կրկնում ոչ մի ծրագրի, այլ լրացնում է դրանց եւ հանդիսանում հովանաւորող կազմակերպութիւն: «Մենք իրենց կամաւորական աշխատանքի փորձառութեան վրայ կառուցում ենք յաւելեալ շերտ՝ հիւրընկալ ընտանիք, շրջապտոյտների ծրագիր, դասախօսական ծրագիր եւ այլն: Մենք, փաստօրէն, թիկունք ենք կանգնում այդ կազմակերպութիւնների տարած աշխատանքին», ասում է Սեւան Գապագեանը: Բացի այդ, «Դէպի Հայք»ը հոգում է բոլոր այն կամաւորների ճանապարհածախսը, ովքեր համաձայնում են կազմակերպութեան առաջարկած պայմաններին:
ԿԱՄԱՒՈՐՆԵՐԸ ՄԵԿՆՈՒՄ ԵՆ ԳԻՒՄՐԻ
Տարէցտարի որքան աւելանում է Հայաստան մեկնել ցանկացող կամաւորների թիւը, այնքան ընդլայնւում են աշխատանքի ոլորտները: Ընդ որում, կամաւորն իր ցանկութեամբ է ընտրում այն բնագաւառը, որտեղ պիտի աշխատի: Մինչ օրս երիտասարդներն աշխատել են ընկերային, առողջապահական, երիտասարդական, իրաւական, բնապահպանական, մշակութային, կառավարական, պիզնէսի, մարդու իրաւունքների, զբօսաշրջութեան, զանգուածային լրատուամիջոցների եւ այլ ոլորտներում:
2004-2006 թուականների վիճակագրութիւնը ցոյց է տալիս, որ երիտասարդ կամաւորները հիմնականում հետաքրքրութիւն են դրսեւորում կառավարական, առողջապահական, ընկերային ոլորտների նկատմամբ: Մշակոյթը, երիտասարդական եւ մարդու իրաւունքների ոլորտները վերջին տեղերում են:
Այս տարի առաջին անգամ «Դէպի Հայք»ը ծրագիր է իրականացնում Գիւմրիում: Մօտ մէկ ամիս է, ինչ Գիւմրիում են ապրում եւ աշխատում 15 կամաւորներ եւ ակնկալւում է, որ մի քանի հոգի եւս կ’աւելանան: Նրանց ներկայութիւնը մեծ խանդավառութիւն եւ աշխուժութիւն է առաջացրել Գիւմրիում: «Ամրանը Երեւանը լցւում է զբօսաշրջիկներով եւ նմանւում է միւս արեւմտեան քաղաքներին, եւ կամաւորը հնարաւորութիւն չի ունենում ծանօթանալու քաղաքի իրական դէմքին: Հետեւաբար որոշեցին պայման դնել. որպէսզի ստանան օդանաւի ծախսերի փոխհատուցումը, ամառուայ իրենց ծրագիրը պէտք է լինի Երեւան քաղաքից դուրս: Եւ ընտրեցինք Գիւմրին, որովհետեւ այն իր իսկական դէմքը պահում է նոյնիսկ ամրան ամիսներին, զբօսաշրջութեան կենտրոնի չի վերածւում: Կամաւորները շատ գոհ են եւ ասում են, որ այնտեղի մթնոլորտն իրենց աւելի հոգեհարազատ է, աւելի ջերմ է, աւելի լաւ են զգում իրենց», ասում է «Դէպի Հայք»ի հայաստանեան գրասենեակի տնօրէնը՝ յաւելելով, որ գիւմրեցիների համար կարեւորն այն է, որ իրենց ընկալում են ոչ թէ որպէս երկրաշարժից տուժած, օգնութեան կարիք ունեցող խեղճ ժողովրդի, այլ եկել են պարզապէս մասնակցելու իրենց կեանքին եւ իրենք էլ փոխադարձաբար պէտք է մասնակցեն նրանց կեանքին:
24ամեայ Սեւանան եկել է Կլէնտէյլից եւ առաջին կամաւորներից է, որ մեկնել է Գիւմրի: Նա սովորում է Քալիֆորնիայի համալսարանում, մասնագիտութեամբ մանկական հոգեբան է: Աշխատում է «Փիւնիկ» հաշմանդամների միութիւնում որպէս հոգեբան: Անգլերէնի, պարի եւ նկարչութեան դասերի միջոցով հոգեբանական աշխատանք է տանում երեխաների հետ: Սեւանան խոստովանում է, որ շատ է հաւանել Հայաստանը եւ շատ է ցանկանում ուսումն աւարտելուց յետոյ Հայաստան տեղափոխուել: Միայն ցաւում է, երբ տեսնում է իր հայրենակիցների ոչ բարեկեցիկ կեանքը: «Շատ ցաւալի բաներ եմ տեսնում: Շատ բան կայ փոխելու, մարդկանց կեանքը լաւացնելու: Ցաւում եմ, երբ 20 տարի առաջ երկրաշարժից աւերուած շէնքերի մնացորդներն եմ տեսնում: Մարդիկ ամէն օր անցնում են դրանց կողքով եւ յիշում իրենց կորուստները: Ինչո՞ւ այսքան ջերմ, այսքան սիրառատ ժողովուրդը պիտի անընդհատ յիշի երկրաշարժի պատճառած ցաւը», ասում է Սեւանան:
Իր հիւրընկալ ընտանիքի մասին պատմում է, որ շատ հոգատար մարդիկ են եւ իրեն հարազատի պէս ընդունեցին. «Առաջին օրը նստեցինք ընթրելու, կարծես երկար տարիների ծանօթներ լինէինք, այնքան ջերմ ու հարազատ էր մթնոլորտը: Ամերիկայից են շատ հետաքրքրւում, հարցնում են՝ ինչպիսի՞ երկիր է, ինչպիսի՞ ժողովուրդ է… Ես էլ՝ Հայաստանից, Գիւմրիից, իրենց խնդիրներից»:
ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓԻՒՌՔ ԿԱՊԸ ՊԷՏՔ Է ՀԶՕՐ ԼԻՆԻ
«Դէպի Հայք»ի գլխաւոր տնօրէն Լինտա Եփոյեանը նկատում է, որ Սփիւռքից դէպի Հայաստան շարժը մեծացել է: Սփիւռքահայ երիտասարդները հնարաւորութիւն ունեն լիարժէք մասնակցելու Հայաստանի զարգացման գործին, ինչից զրկուած էին իրենց ծնողները: Նա հաւաստիացնում է, որ շատերը գիտակցում են, որ իրենք են մեր հայրենիքի ապագան եւ պատասխանատու են Հայաստանի ճակատագրի համար: «Եթէ ունենանք առանձին Սփիւռք եւ առանձին Հայաստան, ոչ մէկին պէտք չէ այսպիսի յարաբերութիւն: Պետք է սերտ յարաբերութիւններ լինեն այս երկուսի միջեւ, եւ երիտասարդ տարիքից պէտք է այդ յարաբերութիւնները ստեղծուեն», կարծում է Լ. Եփոյեանը: Եւ այդ յարաբերութիւնները ստեղծողն ու ամրապնդողը պէտք է լինեն հէնց երիտասարդները, որովհետեւ ձեւաւորուելով եւ դաստիարակուելով խորհրդային համակարգից դուրս՝ ներկայիս երիտասարդութեանը չեն կաշկանդում այն թելերը, որով կապուած էին իրենց ծնողները:
Ներկայիս սերունդն աչքի է ընկնում մտաւոր բարձր կարողութիւններով, առաջնորդներին բնորոշ խառնուածքով, հասարակական-քաղաքական գործընթացներին արագ արձագանգելու ունակութեամբ: Ուստի մեր խնդիրը պէտք է լինի այս երիտասարդների եռանդի, գիտելիքների եւ հնարաւորութիւնների արդիւնաւէտ օգտագործումը ի նպաստ մեր պետութեան եւ հայ ազգի, անկախ այն բանից, թէ աշխարհի որ ծայրում են նրանք ապրում: