Որքան մօտենում են խորհրդարանական ընտրութիւնները, այնքան ակնյայտ է դառնում, որ Միացեալ Նահանգները ԵԱՀԿի միջոցով փորձում է կեանքի կոչել Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման մի նոր ու բաւականաչափ լաւ հաշուարկուած ծրագիր։
Ի զուր չէր ամիսներ առաջ ԵԱՀԿ Մինսքի խմբի ամերիկացի համանախագահն ակնարկում ընտրութիւնների շրջանում եւս Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանակցութիւնները շարունակելու անհրաժեշտութեան մասին։ Ներկայումս արտաքուստ՝ կրակի ու ջրի նման մէկը միւսին բացասող այս երկու խնդիրները «համադրելու» գործը իր վրայ է վերցնում հէնց ինքը՝ ԵԱՀԿն, որը ե՛ւ միջնորդ է Ղարաբաղեան բանակցութիւններում, ե՛ւ դիտորդ՝ հայաստանեան ընտրութիւններում։
Սրանով են պայմանաւորուած ԵԱՀԿի ձեռնարկած վերջին «ցամաքահանման գործողութիւնները», որոնց մէջ են ընդգրկուել արդէն մեր երկիր այցելած ԵԱՀԿի Խորհրդարանական վեհաժողովի նախագահ Կորան Լենմարքըրը, յառաջիկայում Հայաստան այցելող ԵԱՀԿ գործող նախագահ, Սպանիայի արտգործնախարար Միկէլ Անխել Մորաթինոսը եւ վերջապէս՝ մայիսեան ընտրութիւններում ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան ղեկավար նշանակուած ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի փոխնախագահ Թոնէ Թինկկարտը։
Փաստօրէն, ԵԱՀԿի ողջ ղեկավարութիւնը իր ջանքերն ու հնարաւորութիւնները կենտրոնացրել է հայաստանեան ընտրութիւնների ու Ղարաբաղեան բանակցութիւնների հարցերը «փաթեթով» լուծելու նպատակով։ Դրա համար հաշուի են առնուել երեք հիմնական իրողութիւններ։
Առաջին՝ Ղարաբաղեան բանակցային գործընթացում ստեղծուել է մի կացութիւն, երբ միջնորդների ներկայացրած փաստաթղթի ստորագրման համար կարեւորը ոչ թէ նորանոր հանդիպումների կազմակերպումն է, այլ փոխադարձ վստահութիւնը եւ վերջին՝ դեռեւս չհամաձայնեցուած հարցերի շուրջ փոխզիջման գնալու պատրաստակամութիւնը։
Երկրորդ՝ ԱՄՆը, որի խօսքը վճռորոշ է ԵԱՀԿ շրջանակներում, չի կարող սպասել մինչեւ Հայաստանում եւ ապա Ատրպէյճանում 2008ի վերջերին միայն աւարտուող նախագահական ընտրութիւնները, քանի որ նոյն ժամկէտներում իր լիազօրութիւնները վայր է դնելու նաեւ Միացեալ Նահանգների հանրապետական վարչակազմը։
Երրորդ՝ 2007ի Մայիսին սպասուող Հայաստանի խորհրդարանական ընտրութիւններից մինչեւ 2008ի սկզբին տեղի ունենալիք նախագահական ընտրարշաւը գոյութիւն ունի մօտ իննամսեայ պատուհան, որը «բացելու» համար կարելի է գործադրել որոշակի «քաղաքական արհեստագիտութիւն», եւ հէնց դրանով էլ այսօր զբաղւում է ամերիկեան քաղաքականութեան փորձառու ճարտարապետը՝ ԵԱՀԿն։
Այս տրամաբանական շղթայի գոյութիւնը ապացուցւում է օրերս Երեւանում գտնուող ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովի նախագահ եւ միաժամանակ՝ Լեռնային Ղարաբաղի հարցով յատուկ զեկուցող Կորան Լենմարքըրի հետեւեալ խիստ ուշագրաւ յայտարարութեան միջոցով. «ԵԱՀԿ Մինսքի խմբի ձեւաչափի փոփոխութիւն չպէտք է լինի, այլապէս կարող է դանդաղել Ղարաբաղեան խնդրի լուծման գործընթացը», իսկ ահա Հայաստանում սպասուող խորհրդարանական ընտրութիւններից յետոյ «պէտք է լինի եւ կայ եզրակացութեան գալու հնարաւորութիւն»։
Հայաստանում յառաջիկայում սպասուող խորհրդարանական ընտրութիւնների հանդէպ ԵԱՀԿի դրսեւորած հետաքրքրութիւնն ունի միանգամից երկու՝ երեւացող ու չերեւացող կողմեր։ Առաջինն այն է, ինչի մասին Երեւանում պաշտօնապէս յայտարարեց Կորան Լենմարքըրը. «Վստահ եմ, որ յառաջիկայ ընտրութիւնները Հայաստանում համապատասխանելու են ամենաբարձր չափանիշներին»։ Դիւանագիտական լեզուով սա նշանակում է, որ ԵԱՀԿն «ամենաբարձր չափանիշներով» է մօտենալու ընտրութիւնների վերահսկողութեան գործին, քանի որ նոյն՝ Կ. Լենմարքըրի խօսքերով. «ԵԱՀԿն մեծ նշանակութիւն է տալիս Հայաստանում սպասուող ընտրութիւններին, եւ երկիրը բոլոր նախադրեալներն ունի ժողովրդավարական ընտրութիւնների անցկացման համար»։
Երկրորդ՝ չերեւացող կողմի առկայութիւնը արդէն այսօր նկատւում է ընտրութիւններից յետոյ Ղարաբաղեան բանակցային գործընթացում ճեղքում արձանագրելու պահանջին զուգահեռ Հայաստանի Կենտրոնական ընտրական յանձնաժողովին ներկայացուող յառաջիկայ քուէարկութիւնը ազատ, արդար ու թափանցիկ անցկացնելու Կ. Լենմարքըրի առաջադրանքի մէջ։
Թւում է, թէ սրանց միջեւ որեւէ ուղղակի կապ չկայ, սակայն նախորդ տարիների փորձից մեզ քաջ յայտնի է, որ ԵԱՀԿի նման չափորոշիչները այնքան լղոզուած են ու անորոշ, որ դրանք հետեւողականօրէն կիրառելու դէպքում կարելի է կասկածի տակ դնել ցանկացած՝ նոյնիսկ ամենաժողովրդավարական երկրներում տեղի ունեցած քուէարկութիւնները։ Ով ով, բայց ԵԱՀԿն վերջին 10-15 տարիների ընթացքում նման հարուստ փորձ է կուտակել բազմաթիւ երկրներում տեղի ունեցած ընտրութիւնների վերահսկողութեան ընթացքում։
Մայիսի 12ին տեղի ունենալիք ընտրութիւնների նախօրէին ստեղծւում է մի կացութիւն, երբ բանակցային կողմերին հասկացնում են, որ յառաջիկայ ամռանը հարկաւոր է փաստաթուղթ ստորագրել, իսկ մինչ այդ անցկացնել այնպիսի ընտրութիւններ, որոնցից գոհ լինեն բոլորը։ Իսկ եթէ ոչ, ապա Հայաստանին կարող են անկիւն մղել՝ ընտրութիւնների վերաբերեալ ԵԱՀԿ գնահատականի, իսկ Ատրպէյճանին՝ որեւէ այլ պատրուակի միջոցով եւ ապա նրանց «ընդհանուր սեղանին» դնել մի անորոշ փաստաթուղթ, որը լինելու է ոչ թէ Ղարաբաղեան հակամարտութեան կարգաւորման բանաձեւ, այլ պարզապէս տարածաշրջան մուտք գործելու «անցաթուղթ» Միացեալ Նահանգների համար։
Կարծում ենք՝ այս պայմաններում հրամայական անհրաժեշտութիւն է դառնում ընտրութիւնների արդարութեան համար պատասխանատուութիւն կրող Հայաստանի բոլոր խորհրդարանական ուժերի միջեւ նախապէս որոշակի «խաղի կանոնների» սահմանումը, որոնք թոյլ կը տան մեր պետութեանը խուսափել յառաջիկայ ընտրութիւնները կարգաւորման փաստաթուղթ ստորագրելու պարզ գործիքի վերածելու մտահոգութեամբ առաջնորդուող՝ ԵԱՀԿի ծուղակներից։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Փետրուար 7, 2007