Օրերս ականատես եղանք հերթական դէպքի, երբ շտապօգնութեան մեքենան բաւական չէ՝ տեղ է հասնում ուշացումով, նաեւ հրաժարւում է հիւանդին տեղափոխել հիւանդանոց։
Յուլիսի 24ին Աբովեան փողոցում՝ Շարլ Ազնաւուրի հրապարակի հարեւանութեամբ, հանդիպեցինք շտապօգնութեան մեքենայի: Բուժքոյրերը զրուցում էին ամառային հին վերնաշապիկ, գունաթափ կիսաանդրավարտիք եւ ձմեռային հողաթափեր հագած մի հիւծուած, ծեր մարդու հետ: Ենթադրեցինք, որ նա այդ փողոցի բնակիչ է, եւ շտապօգնութեան ջոկատը ժամանել է ճնշման կամ սրտից գանգատի համար:
Սակայն յետոյ ներկաներից պարզեցինք, ծեր մարդուն այդ վայր էր հասցրել մի մարդ, որը ցանկացել էր օգնել ընկածին եւ զանգահարել էր շտապօգնութիւն: Վստահ լինելով, որ բժիշկներն անպայման կ’օգնեն կարիքաւոր մարդուն, շարունակեցինք ճանապարհը: Ցաւօք, բուժքոյրերը ծեր մարդու գլուխը եոտով մշակելուց յետոյ, նրան անօգնական թողնելով փողոցի մէջտեղում, հեռացել էին:
Մօտ մէկ ժամ անց նոյն մարդուն տեսանք գլուխը ձեռքերով բռնած, հազիւհազ, ճօճուելով նոյն փողոցով քայլելիս: Նա հազիւ նստեց մօտակայ խանութի աստիճաններին, որպէսզի չընկնի: Տեսնելով, որ գլխից արիւն է հոսում, անմիջապէս զանգահարեցինք շտապօգնութիւն: Այդ ընթացքում փորձեցինք պարզել, թէ ո՞վ է նա, քանի՞ տարեկան է, որտե՞ղ է ապրում եւ ո՞ւմ հետ: Պատմեց, որ ինքը Արամայիս Արամի Յարութիւնեանն է, ունի 2 երեխայ՝ տղա եւ աղջիկ, որոնք չեն ցանկացել իր հետ ապրել, եւ նա միայնակ է ապրում:
Երբ հարցրինք՝ արդեօք հետը որեւէ փաստաթուղթ ունի՞ ինքնութիւնը եւ բնակավայրը ճշդելու համար, նա դրականօրէն գլուխը շարժեց ու գրպանից մի հին, բարակ գօտի հանեց:
Անհամբեր սպասում էինք շտապօգնութեան բաղձալի մեքենային, որը ժամանեց շատ «շտապ»՝ բաւական ուշացումով: Մեքենայից դուրս եկան դժգոհ դէմքերով «փրկիչները» եւ ծեր մարդուն նստեցրին մեքենան:
Պատմեցինք՝ ինչ գիտէինք հիւանդի (այս դէպքում) մասին եւ յաւելեցինք, որ նրա անունը Արամայիս Յարութիւնեան է, գուցէ դա օգնէր գտնելու նրա բարեկամներին: Ծեր մարդուն նոյնիսկ չէին ցանկանում հիւանդանոց տեղափոխել, որովհետեւ ո՛չ բարեկամներին գիտէին, ո՛չ բնակարանի տեղը:
Ներկաների յամառ պահանջով շտապօգնութեան աշխատակիցները, թեպետ խիստ դժկամօրէն, ստիպուած եղան տարեց մարդուն տանել իրենց հետ:
Յաջորդ օրը զանգահարեցինք հիւանդանոց, ուր տարել էին շտապօգնութեան կարիք ունեցողին եւ տեղեկացանք, որ այդ գիշեր գտնուել են նրա բարեկամներն ու տուն տարել։ Պապիկն ընկել էր թերսնուցման պատճառով… Իսկ եթէ չլինէր ներկաների յամառութիւնը, շտապօգնութեան աշխատակիցները փողոցում ընկած մարդուն անօգնական կը թողնէին ու նորից կը հեռանային…