Ֆրանսայի Սթրազպուրկ քաղաքում Յունիսի 25ից մեկնարկել է Եւրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) հերթական նստաշրջանը, որի օրակարգում Հայաստանի հետ կապուած ուղղակի եւ անուղղակի մի քանի հարցեր էին ներառուած: Յունիսի 25ի երեկոյեան ԵԽԽՎ Բիւրոյի ժամանակաւոր յանձնաժողովը լսեց եւ առանց բանավէճերի ընդունեց հոլանտացի պատգամաւոր Լէօ Փլաթվոյէթի զեկոյցը Մայիսի 12ին Հայաստանում կայացած խորհրդարանական ընտրութիւնների վերաբերեալ:
Ընդհանուր առմամբ, խորհրդարանական ընտրութիւններին տրուած նախնական դրական գնահատականները պահպանւում են, թէեւ կան նաեւ մի շարք կոշտացումներ եւ լուրջ քննադատական խօսքեր հայկական իշխանութիւնների հասցէին: Զեկոյցում ասւում է, որ Մայիսի 12ին կայացած խորհրդարանական ընտրութիւնները հիմնականում համապատասխանել են Եւրոպայի Խորհրդի առաջ Հայաստանի ստանձնած պարտաւորութիւններին, թէեւ բացթողումներն ու չարաշահումները, որոնց մի մասը լուրջ են, եւ առաջին հերթին վերաբերում են ձայների հաշուարկին, մնում են խնդրայարոյց:
Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնների մասին դեռ Մայիսի 13ին միջազգային մի շարք կազմակերպութիւններ, այդ թւում՝ ԵԽԽՎն, ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովը, ԵԱՀԿ ժողովրդավարութեան եւ մարդու իրաւունքների գրասենեակը եւ Եւրոխորհրդարանը համատեղ հրապարակած նախնական զեկոյցում ընտրութիւններին տուել էին ընդհանուր առմամբ դրական գնահատական, սակայն հետագայում նրանք ստիպուած եղան որոշակիօրէն վերանայել իրենց նախնական գնահատականները: Ինչ որ իմաստով՝ Եւրոպայի Խորհուրդը յայտնուել էր հակասական վիճակում, քանի որ մի կողմից չէր ցանկանում ընտրութիւններին վերահաստատել իր նախնական դրական գնահատականը, միւս կողմից՝ դիրքորոշումը ամբողջովին փոխելը կը նշանակէր ընկալուել որպէս անլուրջ կազմակերպութիւն: Հաշուի առնելով այս հակասութիւնը, Եւրոպայի Խորհուրդը որոշել է այսուհետեւ ընտրութիւնների յաջորդ օրը մամուլի ասուլիս չհրաւիրել եւ նախնական եզրակացութիւն չհրապարակել, քանի դեռ չի աւարտուել քուէաթերթիկների հաշւումը:
Յիշեցնենք, որ Հայաստանը եւ Ատրպէյճանը Եւրոպայի խորհրդին անդամակցել են 2001 թուականի Յունուարին եւ ստանձնել մի շարք պարտաւորութիւններ, որոնք հիմնականում վերաբերում են ժողովրդավարութեան հաստատմանը, մարդու իրաւունքների պահպանութեանը, օրէնքի գերակայութեանը, միջազգային մի շարք պայմանագրերին եւ հռչակագրերի միանալը: Հայաստանը եւ Ատրպէյճանը անդամակցելիս պարտաւորուել են Լեռնային Ղարաբաղի խնդիրը կարգաւորել բացառապէս խաղաղ, բանակցային ճանապարհով:
Այս օրերին մեզ հնարաւոր է լինում հարցեր ուղղել եւրոպացի բարձրաստիճան պաշտօնեաներին: Մեր խնդրանքով՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները, Եւրոպայի Խորհրդի գլխաւոր քարտուղար Թերի Տէյվիսը ասաց, որ դրանք քայլ առաջ էին, յատկապէս երբ համեմատում ենք Հայաստանում կայացած նախորդ ընտրութիւնների հետ: Միւս կողմից, աւելացրեց Տէյվիսը, միշտ էլ հնարաւոր է աւելի լաւ ընտրութիւններ անցկացնել:
Եւրոխորհրդի խորհրդարանական վեհաժողովի նախագահ Ռընէ վան տէր Լինտէնը մեր նոյն հարցին այսպէս պատասխանեց. «Ես շատ ուրախ եմ, որ Հայաստանի խորհրդարանական ընտրութիւնները համապատասխանեցին միջազգային չափանիշներին, ազատ էին եւ արդար: Ընտրութիւնների արդիւնքները պէտք է դիտարկել որպէս դրական ազդակ ղարաբաղեան կարգաւորման հարցում»:
Մեկնաբանելով Յուլիսի 19ին Լեռնային Ղարաբաղում կայանալիք նախագահական ընտրութիւնները, Թերի Տէյվիսն ասաց, որ՝ «միջազգայնօրէն Լեռնային Ղարաբաղը ճանաչուած չէ եւ այսպէս կոչուած ընտրութիւնները չեն ազդի բանակցային գործընթացի վրայ»: Մեր հարցին, թէ Քոսովոյի դէպքը կարո՞ղ է լինել նախադէպ, Տէյվիսը ասաց. «Ես կը զարմանայի, եթէ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը չփորձէր օգտագործել Քոսովոյի մասին որոշումը: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը փորձելու է օգտագործել Քոսովոն որպէս նախադէպ, բայց ես կարծում եմ, որ նրանք հիասթափուելու են»:
Արդեօ՞ք Եւրոպայի խորհուրդը ճանաչելու է Քոսովոյի անկախութիւնը, եթէ այն ճանաչի Մ. Նահանգները: Թերի Տէյվիսը սերպ լրագրողի հարցին ի պատասխան ասաց, որ Եւրոպայի խորհուրդը Քոսովոն կը ճանաչի որպէս անկախ պետութիւն, եթէ նրան ճանաչի ՄԱԿը: Իսկ եթէ Քոսովոյին ճանաչի Եւրոմիութի՞ւնը: Այս դէպքում, ասաց Տէյվիսը, Եւրոպայի խորհուրդը հաշուի կը նստի այդ իրողութեան հետ:
Ընդհանրապէս պարոն Տէյվիսը իր որակումներում, սովորութեան համաձայն, խիստ էր: Նա Լեռնային Ղարաբաղի, Աբխազիայի, հարաւային Օսէթիան եւ Մերձտնեսթրի կառավարութիւններին որակեց անջատողական: Նոյն որակումները նա չտուեց Քոսովոյին: Յիշեցնենք, որ նախքան գլխաւոր քարտուղարի պաշտօնը ստանձնելը, Տէյվիսը եղել է Լեռնային Ղարաբաղի հարցով ԵԽԽՎ զեկուցող, մի քանի անգամ այցելել է հակամարտութեան շրջան, այդ թւում՝ Ստեփանակերտ եւ Շուշի, հանդիպել նաեւ Ատրպէյճանից տեղահանուած հայերի հետ: Նրա զեկոյցը, որը աւարտին հասցրեց մէկ այլ բրիտանացի պատգամաւոր Տէյվիտ Աթքինսընը, Երեւանը եւ Ստեփանակերտը որակեցին ոչ հաւասարակշռուած: Հայկական կողմը միշտ մեղադրում է Տէյվիսին ատրպէյճանամէտ կեցուածքի համար: