Սոյն թուի Մարտ 31ին, քաղաքամայր Երեւանում իր մահկանացուն կնքեց Հ.Յ.Դ. հաւատաւոր զինուոր Թադէոս Մինասեանը։ Հանգուցեալը ծնուել էր Թեհրանում, 1916 թուի Դեկտեմբեր 25ին։ Կրթութիւնը ստացել էր Թեհրանի Ամերիկեան քոլէճում, որն աւարտել է 1940 թուին՝ արժանանլով պսակաւոր արուեստից աստիճանի (BA)։
Իմ ծանօթութիւնը այս արժէքաւոր ընկերոջ հետ սկսուել է 1942 թուից, երբ նա պաշտօնավարում էր անգլիական UKCC ընկերութեան մէջ, ուր դիմել էի վարձուելու նպատակով։ Նրա անվերապահ օժանդակութեան շնորհիւ ստանձնեցի այդ աշխատանքը։ Նման օգնութիւն ստանալու դերում ես միակը չէի. այդ հաստատութեան մէջ տասնեակ այլ երիտասարդ հայեր գործի անցան նրա անմիջական աջակցութեամբ։ Այնուհետեւ, տարբեր առիթներով, ես բախտն ունեցայ գործակցելու Թադէոս Մինասեանի հետ եւ ամէն տեղ ականատես եղայ նրա բարեմասնութիւններին՝ հմուտ վարիչ-վարչագէտ, գործին նուիրուած անկաշառելի պաշտօնեայ, գործակիցներին աջակցող, իր տեսակէտները յստակ ու անսեթեւեթ արտայայտող, աշխատասէր, իր յանձնառութիւնները լաւագոյնս գործադրող։ Ի զուր չէր, որ UKCC-ում կատարած իր ծառայութեան աւարտին անգլիական կառավարութեան կողմից արժանացաւ «King’s Medal»ի։
1945 թուին նա ամուսնանում է օր. Օֆելիայի հետ եւ բախտաւորւում երկու զաւակով։ Ապա, 1949 թուին վարձւում է Իրանի նաւթային ընկերութեան կողմից, փոխադրւում Աբադան եւ, շնորհիւ իր արտակարգ աշխատունակութեան ու բանիմացութեան, կարճ ժամանակից նրան է վստահւում պատասխանատու պաշտօններ։ 60ական թուականներին, նոյն այդ ընկերութեան Թեհրանի կենտրոնական գրասենեակի դիմումով փոխադրւում է Թեհրան, շարունակում իր աշխատանքը, մաս կազմելով նաւթային ընկերութեան ղեկավարութեան։
Որպէս հասարակական գործիչ, իր կուսակցութեան ցուցմունքներով, մասնակից է եղել թէ՛ Աբադանի եւ թէ Թեհրանի ազգային-հասարակական կեանքին, ստանձնելով բազմապիսի պարտականութիւններ, որոնք կատարել է իւրայատուկ բծախնդրութեամբ՝ արժանանալով բարձր գնահատանքի։ Աբադանում անդամակցել է եկեղեցական վարչութեան, հայոց դպրոցի հոգաբարձութեան կազմերին եւ յաճախ մասնակցել է Իրանի Խուզեստան շրջանի հայաբնակ քաղաքների ազգային ժողովներին, որպէս Աբադանի հայութեան ներկայացուցիչ։ Նրա ջանքերով է կազմակերպուել Աբադանի Հայ մշակութային միութիւնը։ Իսկ Թեհրանում, երիտասարդական տարիներին, վարչական անդամ է եղել Հայ մշակութային միութեան. ապա անդամակցել է Թեմական խորհրդի անձնակազմին, ցուցաբերելով նուիրուածութիւն եւ պատասխանատուութեան գիտակցութիւն։
1977 թուին հանգստի է կոչւում եւ մի քանի տարի անց ընտանեօք փոխադրւում է ԱՄՆ՝ նախ Պոսթըն, ապա Լոս Անճելըս։ Այստեղ եւս, «Օլիմպիա» ընկերութեան մէջ պաշտօնավարելուն զուգընթաց, մասնակցում է հասարակական կեանքին՝ Լոս Անճելըսի Իրանահայ միութեան եւ «Նաւասարդ» ամսագրի մէջ։
Իր կեանքի վերջին տարիներն անց է կացնում Հայաստանում, ուր 2004 թուին կորցնում է իր սիրասուն կնոջը եւ որոշում է վերջնականապէս կայք հաստատել հայրենիքում։ Այսպիսով, իմ աւագ ընկեր Թադէոս Մինասեանը, իր սերնդի հասարակական գործիչների այն բացառիկներից էր, որ երջանկութիւնն ունեցաւ իր եւ իր կուսակցութեան գերագոյն երազի՝ Հայաստանի անկախութեան ականատեսը լինելու, նաեւ իր կեանքի վերջին տարիները հայրենի ժողովրդին սպասարկելու։
Ափսոս սակայն այդ կարճ տեւեց։ 2007 թուի Մարտ 31ի հեռախօսային լուրը գուժում էր իմ սիրեցեալ ընկերոջ մահը։
Մայիս 12ին, Լոս Անճելըսում, հանգուցեալի մահուան քառասունքի բերումով կայացած հոգեհանգստից յետոյ տրուած հոգեճաշին, երբ ինձ առաջարկուեց ներկայացնել ընկերոջ վաստակը, թէպէտ խիստ ծանր պարտականութիւն էր այդ, բայց ես շոյուած զգացի, որ ինձ էր վստահուել այդ պատիւը։
Ազնիւ ու աւագ ընկեր Թադէոս Մինասեան, քո վաստակն ու ազնիւ նկարագիրն անմոռաց կը մնայ մեր յուշերում։ Թող հայրենի հողը թեթեւ կշռի քո վրայ։