2022 թուականի Յունիսի 26ին, Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնում կայացաւ հանդիպում ՀՀ Վանաձորից ժամանած գրող, գրականագէտ, պատմագէտ, հրապարակախօս Կարօ Վարդանեանի եւ ասմունքի վարպետ, արտիստ Ջիւան Սարի (Սարգսեան) հետ: Միջոցոառումը նախաձեռնել էր «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպութիւնը, ղեկավար Նորայր Զուլոյեանի գլխաւորութեամբ եւ մասնակցութեամբ:
Հայոց պատմութեան էջերից բխող հայրենասիրութեան ոգին էր թեւածում կենտրոնի դահլիճում: Հանդիսատեսը եկել էր մաքառումներով լեցուն ազգի պատմութեան էջերից լսելու ազգային հերոս, արժանաւոր հայորդի Անդրանիկ Օզանեանի գործունէութեան, նրա անսահման հայրենասիրութեան, հայրենիքի պետականութեան, ինքնիշխանութեան եւ տարածքների պահպանութեան համար մղած մարտերի անտիպ էջերից: Յատկանշական է, որ դահլիճում գերազանցում էր երիտասարդների ներկայութիւնը:
Բացելով հանդիպումը եւ ողջունելով հիւրերին, «Հայարտուն» կենտրոնի ղեկավար Եւգենեա Մարկոսեանը կարեւորեց հայոց պատմութեան դասախօսութիւնը եւ հայ գրականութեան հայրենասիրական բանաստեղծութիւնների ասմունքը, որն անշուշտ մայր Հայաստանից դուրս գտնուող իւրաքանչիւր հայի կարօտն է, հայրենասիրութեան ոգին: Կենտրոնի ղեկավարը արժեւորեց այն, որ «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպութեան նախաձեռնած ոգեշունչ հանդիպումների շարքը մեկնարկում է Թբիլիսիից, ի մասնաւորի թեմի «Հայարտուն» կենտրոնից եւ շարունակուելու է Ռուսաստանի Դաշնութեան տարբեր քաղաքներում, ինչպէս նաեւ իրականացուելու է Գերմանիայում, Ֆրանսիայում եւ եւրոպական այլ երկրներում:
Անցեալ դարի 90ական թուականներին հիմնադրուած «Ինտերկապ» բարեգործական հասարակական կազմակերպութեան ակտիւ (աշխոյժ) գործունէութեամբ եւ Թբիլիսիի բեռնափոխադրական կազմակերպութեան բարի կամքի դրսեւորմամբ, 25 տարի շարունակ, տարեկան չորս անգամ իրականացուել է Վրաստանի տարածքով շուրջ 15 բեռնատարների անվարձահատոյց տարանցում: Ի նշանաւորում բարեգործական համագործակցութեան Նորայր Զուլոյեանը կազմակերպութեան անունից շնորհակալագրեր յանձնեց համագործակցութեան ղեկավար Թամազ Բեքավրիին եւ գործողութիւններին աջակցող Իւրի Ակուլեանին, Լեւան Կենճաձէին եւ Օմարի Սիսաշվիլիին:
Ներկաները մեծ հետաքրքրութեամբ ունկնդրեցին պատմագէտ Կարօ Վարդանեանի դասախօսութիւնը, որը ոչ միայն լեգենդար (առասպելական) հրամանատարի հերոսական յաղթական ճակատամարտերի, հայրենասիրական մեծ ոգու մատենագրութիւն էր, այլեւ փաստարկներ եւ տարբեր մարդկանց յուշեր:

Դասախօսութիւնը ներկաների մօտ ծնեց բազում հարցեր, որոնց պատասխանները խորը եւ գիտականօրէն հիմնաւորուած էին:
Ասմունքի վարպետ Ջիւան Սարի (Սարգսեան) հայրենասիրական բանաստեղծութիւնները շաղկապուեցին դասախօսութեան ոգուն, վեր հանելով մայր հայրենիքի նկատմամբ կարօտը, հայրենիքի օրհասական ներկայի, 44օրեայ պատերազմի հազարաւոր զոհերով եւ տարածքների կորստով պայմանաւորուած ցաւը:
Միջոցառումն ամփոփեց Կիրակոս քահանայ Սիմոնեանը: Փոխանցելով թեմի առաջնորդ Կիրակոս վարդապետ Դաւթեանի օրհնութիւնը, վերջինս խօսեց հայ ժողովդի դաժան ճակատագրի, մազապուրծ փրկուած եւ աշխարհով մէկ սփռուած հայութեան մասին, որը պէտք է ապրի, յարատեւի ու բազմանայ` պահպանելով հայի տեսակը, ապրելով հայի առաքելութեամբ:
Միջոցառումը դարձաւ Վիրահայոց թեմի «Հայարտուն» կենտրոնի գեղեցիկ եւ բովանդակալից էջերից մէկը:
ՎԻՐԱՀԱՅՈՑ ԹԵՄ