Միջազգային ճգնաժամային խումբը (ՄՃԽ), որը Պրիւքսէլում գործող հեղինակաւոր կազմակերպութիւն է, եւ անցեալ տարուան աշնանը երկու զեկոյց էր պատրաստել Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան մասին, Նոյեմբերի 22ին հրապարակել է նոր զեկոյց, այս անգամ Չաւախքի, աւելի ճիշդ՝ հայահոծ Սամցխէ-Չաւախեթի երկրամասի եւ գերազանցապէս ատրպէյճանաբնակ Քուեմօ-Քարթլիի մասին: Մեզ առաջին հերթին հետաքրքրում է զեկոյցի այն հատուածը, որը վերաբերում է մեր հայրենակիցներին՝ ջաւախահայութեանը, այդ պատճառով կ՚անդրադառնանք զեկոյցի այդ հատուածին:
Չաւախքի եւ կովկասեան հարցերով Հայաստանում յայտնի փորձագէտ Սերկէյ Մինասեանը, ով Հայաստանի վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարեանի եւ Միջազգային ճգնաժամային խմբի հայաստանեան վերլուծաբան, Հայաստանի առաջին նախագահի նախկին մամուլի բանբեր Լեւոն Զուրաբեանի հետ լրագրողների «Ուրբաթ» ակումբում մասնակցում էր «Չաւախքը վարդերի յեղափոխութիւնից երեք տարի անց» թեմայով քննարկմանը, պնդում է, որ առաջին անգամ է միջազգային կազմակերպութիւնը անդրադառնում Չաւախքի խնդրին, ընդ որում Թիֆլիսին յորդորում՝ կատարել այնպիսի քայլեր, որոնք հայկական կողմը անգամ չէր արել:
Եւ այսպէս, ի՞նչ է գրուած 30 էջանոց զեկոյցում: Նախապէս ասենք, որ ուսումնասիրութեան ընթացքում ՃՄԽն կենտրոնացել է Վրաստանում ապրող հայերի ու ատրպէյճանցիների քաղաքական իրաւունքների վրայ: Սա չափազանց կարեւոր է, որովհետեւ Վրաստանի իշխանութիւնները ամէն առիթով հայերի եւ ատրպէյճանցիների, ինչպէս նաեւ միւս փոքրամասնութիւնների պահանջները ներկայացնում են ընկերային-տնտեսական կտրուածքով, պնդելով, որ, օրինակ, Չաւախքում առկայ խնդիրները բնորոշ են նաեւ երկրի միւս՝ վրացաբնակ շրջաններին:
Ներկայացնենք զեկոյցի ամենաուշագրաւ կէտերը: Վրաստանի կառավարութիւնը պէտք է «լուրջ քայլեր ձեռնարկի երկրի ազգագրականօրէն հայկական եւ ատրպեճանական տարածքներում հակամարտութիւններից խուսափելու համար»: «Վրաստանը ժողովրդավարական հաստատութիւններ եւ քաղաքացիական ինքնութիւն կառուցող երկիր է, սակայն բնակչութեան 12 տոկոս կազմող հայ եւ ատրպեճանական փոքրամասնութիւնների ներգրաւման գործում Վրաստանը լուրջ առաջընթաց չի արձանագրել: Սամցխէ-Չաւախեթիում եւ Քուեմօ-Քարթլիում, որտեղ նրանք են հիմնականում ապրում, լարուածութիւնը ակնյայտ է: Վերջին երկու տարիներին անցկացուել են ցոյցեր, կան տեղեկութիւններ ոստիկանական բռնութիւնների մասին, տեղի են ունեցել սպանութիւններ: Թէեւ վտանգ չկայ, որ իրավիճակը կարող է Աբխազիայի եւ Հարաւային Օսէթիայի պէս սպառնայ Վրաստանի տարածքային ամբողջականութեանը, սակայն հետագայ հակամարտութիւնից խուսափելու համար Թիֆլիսը պէտք է ուշադիր լինի փոքրամասնութիւնների իրաւունքների նկատմամբ, այդ թւում՝ նրանց լեզուի օգտագործման հարցում», ասւում է զեկոյցում:
ՃՄԽի հայաստանեան վերլուծաբան Լեւոն Զուրաբեանը, ով զեկոյցը պատրաստելու ընթացքում աշխատել է Չաւախքում, լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց. «Սամցխէ-Չաւախեթիի շրջանում, որտեղ հայերը կազմում են մօտաւորապէս 55 տոկոս, հիմնականում իշխանութեան պաշտօններում գտնւում են վրացիներ եւ ոչ թէ հայեր: Պատճառները շատ են… Խնդիրներից մէկը նաեւ փոքրամասնութիւնների նկատմամբ Վրաստանում պատշաճ հանդուրժողականութեան մշակոյթի բացակայութիւնն է: Վրաստանը ազգային փոքրամասնութիւնների հետ երկխօսութեան մեքանիզմ չունի: Ազգային փոքրամասնութիւնները՝ համայնքները օտարուած են երկրի կեանքից: Չաւախքի հարցում Վրաստանը դիմում է Հայաստանի օգնութեանը: Հարցը լուծւում է կարճաժամկէտ, իսկ խնդիրը խորութեան մէջ պահպանւում է: ՄՃԽն միտումնաւոր չի անդրադարձել ընկերային -տնտեսական հարցերին, քանի որ առաջնային է քաղաքական եւ քաղաքացիական իրաւունքների հարցում հաւասարութիւնը երկրի բոլոր բնակիչների միջեւ: Ցանկալի է, որ այս հարցերը լուծուեն Թիֆլիս-Չաւախք հարթութիւնում»:
Զուրաբեանը հարցի լուծման խոչընդոտները երեք հիմնական խմբի բաժանեց. պետական կառավարման համակարգի եւ համապետական, ինչպէս նաեւ՝ տեղական մակարդակներում ազգային փոքրամասնութիւնների ներկայացուցիչների բացակայութիւնը (այսինքն՝ պաշտօններ չտալը), կամ խիստ սակաւ ներկայացուածութիւնը, ապակենտրոնացման ոչ բաւարար մակարդակը՝ տեղերին գոնէ մշակութային եւ կրթական ինքնավարութիւն չտալը եւ ազգային փոքրամասնութիւնների վրացերէնին չտիրապետելը:
«Հայերն ու ատրպէյճանցիները լաւ ներկայացուած չեն հանրային կեանքի որեւէ բնագաւառում, յատկապէս՝ կառավարութիւնում: Խնդիրը յատկապէս սուր է Քուեմօ-Քարթլիի ատրպէյճանցիների համար, որտեղ վրացիները զբաղեցնում են բոլոր կարեւոր պաշտօնները: Ազգային փոքրամասնութիւնների քաղաքական մասնակցութիւնը եւ ներկայացուածութիւնը, որը բանալի է առաւել արդիւնաւէտ ներգրաւման համար, անհանգստացնող չափի փոքր է: Թիֆլիսի եւ փոքրամասնութիւնների միջեւ երկխօսութեան պակասը է՛լ աւելի է ուժեղացնում խտրականութեան եւ օտարացման ընկալումները», ասւում է ՃՄԽ զեկոյցում:
Զուրաբեանը նշում է, որ Վրաստանում ապրող հայերի եւ ատրպէյճանցիների համարկման համար լուրջ խոչընդոտ է նաեւ լեզուի չիմացութիւնը: Ե՛ւ Չաւախքում, ե՛ւ Քուեմօ-Քարթլիում հայերն ու ատրպէյճանցիները չեն տիրապետում վրացերէնին, մինչդեռ, Վրաստանի օրէնսդրութեան համաձայն, վրացերէնի իմացութիւնը պետական պաշտօն զբաղեցնելու համար պարտադիր պայման է: «Բնական է, որ նման քաղաքականութեան պատճառով փոքրամասնութիւնները աւելի շատ են զրկւում պաշտօններից եւ դուրս մնում քաղաքական կեանքից: Սա շատ լուրջ դժգոհութիւն է առաջացրել», ասաց Զուրաբեանը:
Վարչապետի խորհրդական Ստեփան Մարգարեանը, ով արմատներով Չաւախքից է եւ զբաղւում է հէնց Չաւախքի խնդիրներով, ասաց, որ «ոչ ոք վրացերէն չի սովորի մի միջավայրում, ուր վրացերէն չկայ: Վրացերէնի ուսուցիչները գալիս են 95 տոկոս հայերով բնակեցուած Չաւախք, արագ սովորում հայերէն եւ հեռանում: Վրաստանը չի վստահում Հայաստանին, Չաւախքը չի վստահում Վրաստանին: Ռուս-վրացական յարաբերութիւններից նաեւ Չաւախքն է տուժում: Տարեկան 30 հազար մարդ գնում էր «խոպան», իսկ հիմա Ռուսաստանը այդ մարդկանց վիզա չի տալիս»:
ՃՄԽ զեկոյցում խստիւ քննադատւում է Միխայէլ Սահակաշւիլու «լեզուական քաղաքականութիւնը». «Փոքրամասնութիւնների ամենամեծ խնդիրը վրացերէնին չտիրապետելն է: Սկսած վարդերի յեղափոխութիւնից՝ կառավարութիւնը իրագործում է օրէնքներ, որոնք փոքրամասնութիւններին պարտադրում են հաղորդակցուել տեղական պաշտօնեաների հետ, անգամ ստանալ պաշտօնական փաստաթղթեր, ներկայացնել բողոքներ եւ օգտուել հանրային ծառայութիւններից՝ վրացերէնով»:
ՃՄԽն Վրաստանի իշխանութիւններին առաջարկում է փոքրամասնութիւնների համար վրացերէնի ուսուցման ծրագիր մշակել: Բայց մինչեւ նոր սերունդը կրթուի, փոքրամասնութիւնների նկատմամբ խտրականութիւն պէտք չէ լինի, ուստի խումբը կոչ է անում Վրաստանի կառավարութեանը՝ ընդունել այնպիսի օրէնքներ, որոնք փոքրամասնութիւններին հնարաւորութիւն կը տան պաշտօնական գործավարութեան մէջ օգտագործել նաեւ մայրենի լեզուն:
Փորձագէտ Սերկէյ Մինասեանը եւրոհամարկման հարթութիւնում է դիտարկում Չաւախքում առկայ խնդիրների լուծումը: «Ուրբաթ» ակումբում նա ասաց, որ Եւրոպա ձգտող Վրաստանը պարտաւոր է ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները յարգող եւրոպական չափանիշներն ընդունել: «Հարցը պէտք է լուծեն Չաւախքը եւ Վրաստանը: Հայաստանը եւ Եւրոպան շահագրգիռ-հետաքրքրուած կողմեր կարող են լինել», ասաց նա:
Մինասեանի կարծիքով, ի տարբերութիւն Արցախի հարցի, Չաւախքի հարցում փոխզիջման լայն տեղ կայ՝ պարզապէս հարկ է յաղթահարել վախը եւ կարծրատիպերը եւ հարցը քննարկել առանց վախի. «ՄՃԽ զեկոյցը կարող է օգտագործուել որպէս փաստարկ Վրաստանի հետ բանակցութիւններում»:
ՄՃԽն իր զեկոյցում առաջարկում է շրջանի բնակչութեան 20 տոկոսից աւելին ազգային փոքրամասնութիւն լինելու պարագայում պետական գործավարութիւնը վարել, դատական գործերը լսել ազգային լեզուով, Վրաստանի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճիւղում վերականգնել բաժնեչափերը՝ տեղերի նուազագոյնը 50 տոկոսը ազգային փոքրամասնութիւններին տրամադրելով: Հայաստանում վստահ են, որ այս կերպ նաեւ երիտասարդների վրացերէն սովորելու հարցը կը լուծուի: Այսօր աւելի ու աւելի քիչ երիտասարդներ են դիմում այս բուհ՝ լեզուական խնդրի պատճառով: Ինչպէս նշեց Հայաստանի վարչապետի խորհրդականը, Հայաստանի կառավարութիւնը պատրաստ է օժանդակել Վրաստանի պետական համալսարանի Ախալքալաքի մասնաճիւղի հզօրացմանը:
ՃՄԽ զեկոյցում ասւում է. «Փոքրամասնութիւնները շարունակում են գաղթել Հայաստան եւ Ատրպէյճան: Սակայն ո՛չ Երեւանը եւ ոչ Պաքուն հրապարակայնօրէն չեն պաշտպանում նրանց իրաւունքները: Թիֆլիսի հետ լաւ յարաբերութիւնները եւ գոնէ կարճատեւ կայունութիւնը նրանց համար առաջնային են: Հայերը քաղաքականապէս աւելի կազմակերպուած են, քան ատրպէյճանցիները, բայց երկու համայնքներն էլ բողոքի ցոյցեր են կազմակերպել, որոնք որոշ դէպքերում վերածուել են բռնութեան: Թիֆլիսն պէտք է շատ աւելին անի, որ խրախուսի փոքրամասնութիւններին՝ լուծելու նրանց խնդիրները պետական կառոյցների եւ ոչ թէ փողոցի միջոցով»:
Լեւոն Զուրաբեանի ասելով, չնայած Վրաստանում մտավախութիւն կայ, որ հայերի եւ ատրպէյճանցիների պահանջները կարող են անջատողական քայլերի յանգեցնել, այնուամենայնիւ, Չաւախք կատարած իր այցելութեան ընթացքում ինքը չի հանդիպել մէկին, ով Վրաստանից առանձնանալու ցանկութիւն ունենար: Հայերի պահանջներն այլ են. «Պահանջում են ինքնավարութիւն: Ի հարկէ, տարբեր մարդիկ տարբեր բաներ են հասկանում այդ բառի տակ»: Կան մարդիկ, ովքեր դա ընկալում են որպէս լիակատար քաղաքական ինքնավարութիւն, եւ կան այնպիսիները, ովքեր նկատի ունեն «լեզուամշակութային ինքնավարութիւնը»:
ԵՐԵՒԱՆ