Հրանդ Տինքի սպանութեանը յաջորդած հայ-թուրքական «եղբայրութեան» բեմականացման աւարտի հետ մէկտեղ, Թուրքիան կրկին հասկացնում է մեզ, որ հայ ժողովրդի ու Հայաստանի հանդէպ իրականացուող իր քաղաքականութեան մէջ ոչինչ չի փոխուել։
Իսկ տրապիզոնցի ահաբեկիչներին ազատ արձակելու կոչով օրերս ասպարէզ նետուած՝ «Թուրք վրիժառութեան ջոկատ»ի վերջին յայտարարութիւնը գալիս է հաստատելու մեր պնդումն այն մասին, որ «Ակօս» թերթի խմբագրի սպանութեան թիկունքում կանգնած է Թուրքիայի, այսպէս կոչուած, խորքային պետութիւնը։
Բանն այն է, որ մարդասպաններին «եղբայրներ» անուանող այդ ահաբեկչական կազմակերպութիւնը Թուրքիայի իշխանութիւնների կողմից վերահսկուող այն վաղուց յայտնի ուժերից մէկն է, որոնք պարբերաբար «գլուխ են բարձրացնում» զինուորական յեղաշրջումների կամ Քրտական բանուորական կուսակցութեան դէմ պայքարի ամենասուր պահերին։
Ինչպէս նախկինում, այնպէս էլ այսօր, թուրք ահաբեկիչներն ու դիւանագէտները հայերիս դէմ գործում են ձեռք ձեռքի տուած։ Ուղղակի Հրանդ Տինքի սպանութիւնից յետոյ առաջին գիծ էին դուրս եկել դիւանագէտները, իսկ այժմ նրանց քաղցր-մեղցր խօսքերի կողքին լսւում են նաեւ ահաբեկիչների սպառնալիքները։
Թուրքիայի իշխանութիւնների «յուշարարութեամբ» գործող ահաբեկչական կազմակերպութիւնների ներգրաւումը հայ-թուրքական յարաբերութիւնների ոլորտ այդ երկրում բնակուող մեր հայրենակիցներին աստիճանաբար դարձնում է իւրայատուկ պատանդներ՝ ԱՄՆի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման դէմ թուրքական ներկայ արշաւում։
Այդ պատճառով, մի կողմից՝ Հրանդ Տինքի սպանութեան կազմակերպիչ Եասին Հայալն է սպառնալիքներ տեղում այս անգամ՝ Նոպէլեան մրցանակակիր Օրհան Փամուքի հասցէին, միւս կողմից՝ Թուրքիայի արտգործնախարար Ա. Կիւլն է յայտարարում, որ «Հայաստանը պէտք է վերանայի Թուրքիայի հանդէպ իր մտքերն ու զգացմունքները» եւ «պէտք է հրաժարուի Անգարայի կողմից Օսմանեան Թուրքիայում Հայերի Ցեղասպանութեան ճանաչման անարդարացի պահանջներից»։
Հարց է առաջանում. ի՞նչ «հրաժարուելու» մասին է խօսում թուրք դիւանագէտը, երբ Հրանդ Տինքի յուղարկաւորութեան կապակցութեամբ Պոլիս ժամանած ՀՀ փոխարտգործնախարար Արման Կիրակոսեանը կրկին ընդգծել է Թուրքիայի հետ առանց նախապայմանների երկխօսութիւն սկսելու պատրաստակամութեան մասին՝ հայկական կողմի յայտնի մօտեցումը։ Փաստօրէն մեր երկիրը յիշեցնում է, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը արգելք չէ Թուրքիայի հետ երկխօսութիւն սկսելու համար, իսկ Թուրքիան յամառօրէն պնդում է, թէ արգելք է՝ դրանով իսկ անսքօղ ակնարկելով Ֆրանսիայում արդէն ընդունուած եւ ԱՄՆում նախապատրաստուող օրինագծերի մասին։
Թուրքահայերին դարձնելով պատանդ եւ նրանց դէմ «բաց թողնելով» մէկ Օկիւն Սամասթին, մէկ՝ Եասին Հայալին, իսկ վերջերս նաեւ «Թուրք վրիժառութեան ջոկատ»ին, Թուրքիան մի կողմից՝ իր ահաբեկիչների կրակոցների ու սպառնալիքների, միւս կողմից՝ դիւանագէտների յորդորների միջոցով ձգտում է «շրջափակել» Հայոց Ցեղասպանութեան ճանաչման՝ ԱՄՆ Քոնկրէսի մտադրութիւնը։ Սրանով փորձ է արւում միջազգային հանրութեանը հասկացնել, որ Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարող է վտանգել Թուրքիայում բնակուող հայերին եւ վերածուել Հայաստան-Թուրքիա երկխօսութեան խոչընդոտի։ Հակառակ պարագայում Թուրքիայում կը սպաննեն հայերին եւ բոլոր նրանց, ովքեր կը խօսեն Հայոց Ցեղասպանութեան մասին: Սա է ահաբեկիչների միջոցով ողջ աշխարհին հասցէագրուող պաշտօնական Անգարայի անպաշտօն պատգամը։
Այն փաստը, որ գոյութիւն ունի յստակ կապ թուրք ահաբեկիչների աշխուժացման ու թուրքական դիւանագէտների քայլերի միջեւ, օրերս փաստօրէն հաստատել է նաեւ ոչ անյայտ Մեհմետ Ալի Պիրանտը՝ «Թըրքիշ տէյլի նիւզ»ում տպագրուած իր յօդուածի միջոցով։ Նա գտնում է, որ «Հրանդ Տինքի սպանութեան հասարակական արձագանգը Թուրքիայի մասին շատ դրական կարծիք է ձեւաւորել միջազգային ասպարէզում եւ այդ կարծիքը պէտք է խորացնել։ Այդ դէպքում հնարաւոր կը լինի յետաձգել Հայոց Ցեղասպանութեան վերաբերեալ բանաձեւի քննարկումը ամերիկեան Քոնկրէսում»։ Նրա կարծիքով, եթէ Թուրքիան այսօր ընդունի առանց նախապայմանների երկխօսութեան մասին Հայաստանի առաջարկը, «բոլորը կը սպասեն տեսնելու, թէ ինչ արդիւնք կը տայ հայ-թուրքական երկխօսութիւնը»։
Ստացւում է, որ թուրքերի «փորացաւը» նոյնն է՝ ԱՄՆ Քոնկրէսում յառաջիկայում սպասուող Հայոց Ցեղասպանութեան մասին օրինագծի քննարկման կասեցումը։ Ուղղակի գոյութիւն ունի որոշակի դերաբաշխում՝ թուրքական ահաբեկչութեան, թուրքական դիւանագիտութեան եւ թուրք քաղաքական մտքի միջեւ։ Առաջինը՝ սպանում է, երկրորդը՝ սիրաշահում ու սպառնում, իսկ երրորդը յուշում է յաջորդ քայլը։
Մենք գործ ունենք լաւ մտածուած ու համակարգուած թուրքական սադրանքների մի երկար շարքի հետ եւ մինչեւ ԱՄՆ Քոնկրէսում սպասուող քննարկումները չպէտք է ձեռքերը ծալած նստենք ու սպասենք, թէ որտեղի՞ց է գալու հերթական հարուածը կամ սադրանքը։ Քանզի եթէ Թուրքիան իսկապէս զգայ, որ Քոնկրէսի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչումը կարելի է յետաձգել՝ ընդունելով առանց նախապայմանների բանակցութիւններ սկսելու մասին Հայաստանի առաջարկը, ապա մեր դիւանագիտութիւնը իսկապէս կարող է յայտնուել երկիմաստ կացութեան մէջ, որովհետեւ թուրքերը կարող են «բանակցել» 100 տարի։
Կարծում ենք, որ Հայաստանը ներկայումս պէտք է յայտարարի հետեւեալը. քանի դեռ շարունակւում է մեր երկրի միակողմանի շրջափակումը, որը ո՛չ միայն թշնամական գործողութիւն է, այլեւ նախապայմաններ թելադրելու լծակ, Հայաստանը Թուրքիայի հետ կարող է պաշտօնական բանակցութիւններ վարել միայն տուեալ հարցի շուրջը՝ շարունակելով Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանն ուղղուած իր հետեւողական ջանքերը։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Յունուար 30, 2007