Երկրագնդի որ կէտում էլ լինի մարդը, միեւնոյն է, ինչպէս գլխավերեւին երկինք, այնպէս էլ երկնազարդ լուսատու՝ Լուսաստղի ժամանելը կայ: Պէտք է ասել, իսկ ո՞վ չգիտի, որ իմ մանկաշրջանն էլ հետն առած ժամանակներում գիշերով ճամբայ անցնող մարդու ժամանակացոյցը՝ Լուսաստղի ճաբայ պահելն էր…
Եւ որտեղի՜ց, ո՜ւր, այս օրերին մեր Կուաշաւան-Կոչ գիւղից անթել հեռախօսի ճամբով աչքալոյս են յղել օտարուածիս, թէ նոր լուսաբաց աւետող լուսաստղն է վկայ, որ մի նոր լոյս ու նոր յոյս է սփռուել նաեւ իմ ճամբի վրայ, երբ մեր դպրոցի ծննդեան վկայագիր՝ 100ամեակն են տօնելու…
Զուգընթաց, կարելի է ասել, որ երկակի իմաստով է տօնակատարութիւնը զգեստաւորւում, երբ, ինչպէս ասած՝ մեծից փոքր եւ փոքրից մեծ, մինչեւ այս օրերի դպրոցի տնօրէն՝ Ռուզաննա Տօնոյեանը, ուսուցչուհի՝ Ծաղիկ Խուդաթեանը եւ անշուշտ դպրոցական աշխատակազմի կազմակերպչական ոգու աշխուժացումին գիւղի համայնքն ու գիւղապետ՝ Աշոտ Ենգիբարեանը մէկ այլ նպատակային երեւոյթի սկզբնաւորումն են անելու եւ այսուհետեւ մեր գիւղի միջնակարգ դպրոցն ունենալու է իր թանգարան-պահոցը…
Ասել է, թէ մեր պատմահայր Մովսես Խորենացու վկայութեամբ, որքան էլ կէս խօսք, բայց նրա կէս խօսքն անգամ ոսկէ ֆոնտ մտնելիք գիր է եւ Արշակունեաց թագաւորութեան օրերից, նոյնիսկ դրանից էլ շատ առաջ է բանը, որ այս գիւղաքաղաք-ամառանոցում, այն էլ պետական հովանաւորչութեամբ զինուորական մարզադպրոց է եղել…
– Օղորդ է,- կարծես կողքից լրացնում է երբեմնի վերաբնակիչ սասունցի վարժապետ Յակոբի բարբառի կարօտ սնող՝ ուսուցչուհի Մարինէ Մուրադեանը:
Ինչպէս նաեւ նոյն վայրկեանում իր ոգու պոռթկումն է գումարում զուտ սասունցիներով բնակեցուած՝ ուջանցիներից մեր գիւղ հարս գալուց ի վեր՝ փոխնիփոխ ուսուցիչ-տնօրէն, տնօրէն-ուսուցիչ՝ Ծովինար Շահինեանը:
Ու ժամանակ ասած բանը ժամանակի թեւին ուս յենելով է մեզ բերել այս օրը: Մէկն էլ ես, թէկուզ հեռուից, բայց իմ այս օրուայ տէրը մնալիս, ինքնաբերաբար չէ, այլ Սուրբ պարտականութիւն ու Սուրբ պարտաւորուածութիւն համարելով եմ առաջին հերթին իմ ձեռքը բռնում ու տանում 1941 թուակէս, որ վերստին այդ տարուայ տասնամեակն աւարտողներից եօթ-ութը տարով փոքր լինելով իսկ՝ մեծանամ ու մեծի պէս մորմոքուելով խոստանամ՝ նրանց ճամբան պահել…
Եւ արդէն 1941ից 2007ին բերող իմ ճամբի ծերութեան վկայագիր դժուարութիւնները, որքան էլ շատ, բայց այդպէս էլ ետ չվերադարձողների ճամբից աչք չկտրելն է եղել դժուարինը…
Ի հարկէ այսօրինակ մրմուռը գիւղ-գիւղովի ենք կրել, յաղթահարել: Տակաւին վկաներ կան, մէկն էլ ես եւ երես-երեսի նոր փոխարինող սերնդին մնալով ասեմ.
Յարգանք նրանց…
Անշուշտ նաեւ բոլոր նրանց, որոնք միեւնոյն ճամբաներն են տրորել եւ այդպէս էլ ետ չեն վերադարձել…
Ի հարկէ նրանց, բոլորի անունները գրանցուել են յուշակոթող քարի վրայ եւ քարի անմահութեամբ խնկարկենք նրանց անմահութիւնը…
Ասել է, թէ կուաշաւան-կոշեցի բոլոր անցաւորներին բարի յիշենք:
Բարի յիշենք նախեւառաջ մեր գիւղի օդաներում, այն էլ գետնի վրայ ջղիզախաղ անելու գնով տառաճանաչութիւն նուիրող՝ Տէր Ղեւոնդին, խալֆա Գրիգորին, Պզանենց մեծ գերդաստանից՝ Տէր Գէորգին…
Մինչեւ, մինչեւի դուռ բացելու համար պէտք էր, որ Տէր Գէորգի կրտսեր տղան՝ Վաչագան Յարութիւնեանը թեմական կրթութիւն ստանար եւ ինչինչ անհրաժեշտութիւններից ելնելով գիւղ չվերադառնալով իսկ՝ գիւղում տնից-տուն անցնէր, օդայից-օդա, համոզել ու համոզուել էին եւ առաջին 8 դասասենեականոց դպրոցը, ինչն էր շատ՝ քարն ու հողացեխը, մէկ էլ գիւղովի աշխատելը, կարծես ծլել էր, բայց աշակերտներ ունենալու դժուարին գործում նոյնպէս գիւղ-գիւղովի էին մասնակից եղել, եւ հայրը՝ որդու հետ, մայրն էլ իր աղջկայ ընկերակիցը լինելով էին մտել դպրոցի շեմ: Անշուշտ միեւնոյն ժամանակ ուսուցանող գտնելու դժուարութիւնը նոյնպէս հեշտ չէր հարթուել: Ի հարկէ առաջինը՝ Թադէոսեան Արտաւազդ է եղել, որ «էստի համեցէք»ն ընդունելուց ի վեր՝ եկել ու «բնկալ» էր մնացել…
Եւ ծուէններ հաւաքողս, անգամ պապի երես չեմ տեսել, բայց հօրս արտում եմ պաշաղս արել, հաւաստելով, թէ 1891ին ծնուած, այն էլ միամօրիկ ու ճարաճճի հայրս, մինչեւ ամոլի եզան լծին նստելու տարիքի չի հասել, ո՛չ հայրն է պահանջել, ոչ էլ իր մտքով է անցել խալֆա Գրիգորի օձիքն հաւաքել, պահանջել, որ հէնց գետնի վրայ ճիպոտով տառեր նկարի…
Ասել է, թէ մի քիչ էլ ուշացած ենք անդրադառնում մեր գիւղի դպրոցի 100ամեայ կենսագրութեանը…
Ի հարկէ լաւ է ուշ, քան երբեք ասացուածքը տեղին է միտ առնել, երբ երբեմնի ջղիզագծիկներին փոխարինելու են ելել երկու եւ երեք յարկանի դպրոցներ եւ ուր, զարմանալիքից մի բան էլ դէնը երեւոյթ է, երբ 2006-2007 ուսումնական տարում երեք տասներորդ դասարանցիներ են հասունութեան աւարտական վկայականներ ստանում…
Միով բանիւ, 100 տարի, որքան էլ կլորացնենք ու ասենք, թէ մէկ դար է, բայց ամէն մի տարին իր գիրն ունի, իր դժուարութիւնների պատմութիւնը, որը հետզհետէ եւ գիւղ-գիւղովի են ոլորաններ շտկել: Արդարեւ, հաստատակամօրէն առաջանալու արգասիք է, որ այս տարուայ վերոյիշեալ շրջանաւարտ՝ 60 աշակերտներից շատերն են իրենց լուման ներդնելու դպրոցի 2րդ 100ամեակի շեմին…
Միով բանիւ, թէեւ յաճախակի ասած կամ, բայց էլի ու էլի կրկնեմ, որ թէեւ պատերազմի մեղքով եմ դպրոցից դուրս մնացել, բայց մեր դպրոց-սրբարանում, հաւաստիք է, որ իմ ստացած բաժինը քիչ չի եղել…
Նոյնիսկ ինչինչ հանգամանքներից ելնելով եմ 65-66 տարեկանից յետոյ միայն ես իմ ձեռքը բռնել ու տարել ընթերցողի մօտ…
Սակայն, ազնիւ խօսք, ինչ-որ բանի հասե՞լ եմ, չե՞մ հասել, չգիտեմ: Պարզապէս ուշացած ճամբորդ լինելով եմ ջանում արժեւորել մատներիս մէջ գրիչ եւ տառերի աշխարհ նուիրող՝ ընկեր Սիրանուշ Մամիկոնեանին…
Եւ ոչ միայն, երբ որքան էլ կարճատեւ ժամանակ, բայց միաբնոյթ թանկութիւններ նուիրողներից մէկն էլ մեր գիւղի ճանաչուած ճշմարտախօս՝ Հարոն մարդու տղան՝ Անանն էր, որ նախ հօր դասն էր սերտել՝ մեծի հետ մեծ ու փոքրի հետ փոքր մնալով էր վստահութիւն բաժանում: Վկայեմ, որ չորրորդ դասարանցի էի եւ տակաւին ինձ դաս չէր տալիս, բայց գրադարանից օգտուողների ցուցակին էր նայել եւ ինձ տարաւ իրենց տուն, արտօնեց՝ գրադարանից օգտուել…
Ափսոս, որ հայրենական պատերազմում շատերի հետ նաեւ նա է զոհուել: Սակայն ցաւատէր լինող մարդը, աւելի քան հայ մարդը յաւիտեանս յաւիտենից, իրօք, մաքառելով իսկ՝ կարողացել է ապրել, շարունակուել…
Ասել է, թէ յաւերժութեան ճամբի ճամբորդներին նորից ու նորից բարի յիշելով ասենք, թէ այս օրերի մեր գիւղի 1704ամեայ պատմութեան զինանոցից 1704 ճրագներ առնենք, վառենք, հաւատք-յոյս թրծենք եւ օծեալ սրբութիւններ փոխանցենք այս օրերի սերնդափոխն անող մարդկանց…
Գալով ինձ, իսկապէս տարիներս բարձունք ծեծելով իսկ, հաւաստեմ, որ լաւատես հաւատամքով եմ միանում մեր գիւղի աւագներին, օրհնում փոխարինողների ճամբան եւ նոր միայն ասում.
… Մնաք բարո՜վ…
… Մնաք բարո՜վ…