ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Համազգայինի «Նայիրեան» երգչախմբի ամէնամեայ համերգը համայնքի սպասուած միջոցառումներից է դարձել, որ տօնում է հայ երաժշտարուեստն ու աւետում, որ սերունդները ճանաչում են, սիրում են ու նուիրուած են հայ մշակոյթի պահպանման գործին: Դեկտեմբերի 1ին, Գլենդելի Փրեսբիթերիըն եկեղեցում, հայ ու արեւմտաեւրոպական ճանաչուած կոմպոզիտորների (յօրինողներու) ստեղծագործութիւնների գունեղ հրավառութիւն էր: Ներսէս Շնորհալիից, Կոմիտասից, Բարսեղ Կանաչեանից, Առնօ Բաբաջանեանից ու Շառլ Ազնաւուրից մինչեւ ամերիկացի ու արեւմտաեւրոպացի երգահաններ, ազգագրական, ժողովրդական ու յեղափոխական երգեր կատարեցին «Նայիրեան»ի պարմանուհիները` խմբավար Լուսինէ Մելիքսէթեանի ղեկավարութեամբ, դաշնակահարուհի Արմինէ Ղազարեանի նուագակցութեամբ եւ մենակատար Արմինէ Վարդանեանի մասնակցութեամբ:
Համերգը նաեւ նշանաւորում էր երգչախմբի չորս ամեակը:
«Համազգայինի Երաժշտական միաւորն ունի աւելի քան 35 տարուայ պատմութիւն, որի ընթացքում բեղուն գործունէութիւն է ծաւալել` բազմաբնոյթ երաժշտական ձեռնարկներ, համերգներ, դասախօսութիւններ, ուսումնասիրութիւններ, հրատարակութիւններ եւ այլն: 2019 թուականի վերջին էլ հիմնադրեցինք պատանի-երիտասարդական «Նայիրեան» երգչախումբը, որ ծրագրում էինք վաղուց, եւ կարծես նախախնամութեան տնօրինումով, երբ պատրաստ էինք իրագործել մեր այդ նպատակը, մեզ դիմեց երաժիշտ Լուսինէ Մելիքսէթեանը` առաջարկելով երգչախմբի ստեղծում: «Նայիրիան»ը կարճ ժամանակում դարձաւ սիրուած ու պահանջուած եւ համայնքային տարբեր ձեռնարկների անբաժանելի մաս: Սփիւռքում մեր զէնքը մշակոյթն է, եւ «Նայիրեան»ը մեր զէնքն է», իր տեսաուղերձն այսպէս ամփոփեց Համազգային Հայ Կրթական եւ Մշակութային Միութեան Արեւմտեան Ամերիկայի Շրջնային վարչութեան Երաժշտական միաւորի ատենապետ Սեդա Սիմոնեանը:
![](https://media.asbarez.am/wp-content/uploads/2023/12/07132258/0000Nairian1.jpg)
«Նայիրեան»ի գործունէութեան մասին պատմող տեսանիւթում հնչեց նաեւ ՀՀ արուեստի վաստակաւոր գործիչ, խմբավար Տիգրան Հեքեքեանի ուղերձը` «Նայիրեան»ի հիմնադրման չորս ամեակի առիթով: «Սիրելի նայիրեանցիներ, շնորհաւորում եմ: Լսել եմ , որ կարճ ժամանակում զգալի արդիւնքներ էք գրանցել, եւ վստահ եմ, որ Լուսինէ Մելիքսէթեանի գլխաւորութեամբ մեծ յաջողութիւններ են ձեզ սպասւում: Երախտագիտութիւնս եմ յայտնում Համազգայինին, որ գործով է կանգնած երգչախմբի հիմնադրման ակունքներում, նեցուկ է լինում ու աջակցում` որպէս հայապահպանութեան, հայ մշակոյթի տարածման եւ հայորդիների հայեցի կրթութեան մեծ ջատագով»: Մայէստրօ Միքայէլ Աւետիսեանն էլ շնորհաւորեց ու նորանոր ձեռքբերումներ մաղթեց «Նայիրեան»ին` ընդգծելով Մելիքսէթեանի եւ Համազգայինի դերը նման որակի երգչախմբի կայացման գործում:
«Երգչախումբը ստեղծուեց ու կայացաւ համաճարակի պայմաններում, սակայն 15-25 տարեկան մեր պարմանուհիների ու Համազգայինի Երաժշտական միաւորի նուիրեալ անդամների աջակցութեամբ, կարողացանք յաղթահարել բարդ կացութիւններն ու կայանալ` մասնակցելով բազմաթիւ համայնքային ձեռնարկների, երգչախմբային միջազգային փառատօնի: Ցանկանում եմ երախտագիտութիւնս յայտնել Համազգայինին, որ հնարաւորութիւն է ընձեռել ինձ հայրենիքից հեռու մեր սերունդներին փոխանցելու հայ միջնադարեան երաշտութիւնը, շարականները, դասական, ռոմանտիկ, ազգագրական, յեղափոխական, նաեւ ջազ ու էստրադային երգերը, ինչպէս նաեւ, երաժշտութեան միջոցով նրանց ծանօթացնել այլ մշակոյթների», իր խօսքում նշեց երգչախմբի խմբավար Լուսինէ Մելիքսէթեանը:
«Նայիրեան» երգչախմբի ամէնամեայ համերգն ապահովեց բարձր տրամադրութիւն, ազգայինի մեծ չափաբաժին` աւարտուելով Արցախին նուիրուած երգով, որ երգչախմբի տաղանդաւոր պարմանուհիները կատարեցին իրենց ծնողների հետ միասին: