Հայաստանից մեկնում են հիմնականում գործուն վերարտադրողական տարիքի անձինք (20-44 տարեկան):
Արտահոսքի պատճառների մէջ գերակշռողը շարունակում է մնալ աշխատանքային գործունէութիւն եւ գործարար աշխուժութիւն ծաւալելը: Այս մասին «Ուրբաթ» ակումբում հրաւիրած մամլոյ ասուլիսի ժամանակ տեղեկացրեց տարածքային կառավարման նախարարութեան գաղթի հարցերով գործակալութեան պետ Գագիկ Եգանեանը:
Նա նշեց, որ ներհոսքի պարագայում, սակայն, դժուար է ասել, թէ Հայաստան եկողների քանի տոկոսն է երիտասարդ, քանի որ դա աւելի լուրջ եւ ծաւալուն հետազօտութիւն է ենթադրում: Պարոն Եգանեանը չշտապեց արտահոսքն ու ներհոսքը որակել որպէս գաղթ, քանի որ նախ եւ առաջ պէտք է պարզել՝ մշտական բնակութեան նպատակո՞վ են մեկնում կամ ժամանում, թէ՞ ոչ:
Գ. Եգանեանն անդրադարձաւ Ռուսաստանի որդեգրած գաղթի նոր քաղաքականութեանը, որն անմիջական ազդեցութիւն կ’ունենայ աշխատելու նպատակով այնտեղ մեկնած Հայաստանի քաղաքացիների վրայ: Ի դէպ, տարբեր գնահատականների համաձայն, հայ գաղթողները Ռուսաստանում ստեղծել են մօտ մէկ միլիոն աշխատատեղեր, իսկ դրսից Հայաստան մուտք գործող տարեկան մինչեւ 1.5 միլիառ տոլարի հասնող դրամական փոխանցումների գերակշռող մասը ուղարկւում է հէնց ՌԴից:
Այսպիսով, փոփոխութիւններից մէկը վերաբերում է ՌԴում ապօրինի աշխատողների գործունէութեան օրինականացմանը, որի համար անհրաժեշտ է ընդամէնը համապատասխան մարմիններին ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, գաղթի քարտ, պետական տուրքի անդորրագիր եւ դիմում: Այս որոշմանը պարոն Եգանեանը դրական է վերաբերւում, քանի որ օրինական դաշտ մուտք գործելը կը նպաստի շահագործման դէպքերի նուազմանը:
Եթէ մարդը ստուերում չի աշխատում, ապա չի վախենայ շահագործման եւ իրաւունքների ոտնահարման դէպքերի մասին տեղեակ պահել համապատասխան մարմիններին: Իսկ հարցին, թէ արդեօ՞ք այս պարզեցուած համակարգը չի խթանի արտագաղթը դէպի Ռուսաստան, Գագիկ Եգանեանը դժուարացաւ պատասխանել. «Հինգ-եօթ տարի առաջ վստահաբար կարելի էր ասել՝ այո:
«Բայց վերջին 3-4 տարիների փոփոխութիւնները մեր տնտեսութեան մէջ, աշխատատեղերի առաջացումը նպաստեցին, որ գաղթի հոսքի կառուցուածքը փոխուի»: Եթէ տարիներ առաջ Հայաստանից մեկնողների թիւը 50,000ով գերազանցում էր ժամանողների թուին, ապա 2004 թուականին մեկնողների եւ ժամանողների թիւը հաւասարուեց, իսկ անցած տարի Հայաստան ժամանողների թիւը 21,756ով աւելի է եղել մեկնողների թուից: Այսինքն՝ գաղթի ռիսքերը Հայաստանում նուազել են:
Միւս որոշումը տնտեսական գործունէութեան առանձին ոլորտներում օտարերկրացիների աշխատանքը սահմանափակելու մասին է: Այս տարուայ Ապրիլ ամսից գիւղատնտեսական ապրանքների շուկայում, ինչպէս նաեւ ալքոհոլային խմիչքների եւ դեղորայքի առեւտրում չպէտք է ներգրաւուած լինեն օտարերկրեայ քաղաքացիներ: Հայաստանի քաղաքացիները աւելի շատ ներգրաւուած են շինարարական եւ սննդի սպասարկման ոլորտներում, ուստի այս որոշումը աւելի շատ վերաբերում է Ռուսաստանի Դաշնութիւնում աշխատող ատրպէյճանցիներին, ովքեր հիմնականում զբաղւում են շուկայական առեւտրով: