
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայաստանում ներդրումային քրաուդֆանդինգի (crowdfunding) առաջին հարթակը` «Առֆի»ն (ARFI-Armenia Financed, Ֆինանսաւորուած Հայաստան) կը մեկնարկի յաջորդ ամիս: Այն բացառիկ հնարաւորութիւն կ՛ընձեռի նաեւ սփիւռքահայերին ներդրումներ կատարելու Հայաստանի տեղեկատուական տեխնոլոգիաների (ՏՏ – Տեղեկատուական արհեստագիտութիւններու) ոլորտի սթարթափերում (startup), փոքր ու միջին ձեռնարկութիւններում: Ըստ նախաձեռնողների, «Առֆի» հարթակի հիմնական նպատակներից են` Հայաստանում բիզնես միջավայրի զարգացումը, Հայաստան-Սփիւռք փոխշահաւէտ կապերի ստեղծումը` ուղղուած նաեւ հայրենիքի տնտեսութեան զարգացմանը:
Լոս Անջելեսում համայնքի ներկայացուցիչների հետ կայացած հանդիպման ժամանակ «Առֆի»ի գործադիր տնօրէն Էդգար Էւոյեանը նշեց, որ հարթակը բացառիկ է բնոյթով` այն պաշտպանում եւ յաւելեալ եկամուտ ստանալու հնարաւորութիւն է տալիս ներդրողներին` միաժամանակ օգնելով Հայաստանի տեղական գործարարներին: «Հարթակը միջնորդ է ներդրողների եւ ընկերութիւնների միջեւ` առցանց ներդրումներ իրականացնելու համար: Մենք երաշխաւոր ենք հանդիսանում երկու կողմերի համար էլ: «Առֆի»ում ներկայացուող բիզնես նախագծերն անցնում են մեր ներդրումային յանձնաժողովի կողմից իրականացուող հիմնաւոր ստուգումներ, միաժամանակ, նախագծերի ընտրութիւնը կատարւում է սահմանուած չափորոշիչներով եւ միայն դրանց համապատասխանող ընկերութիւններն են ներկայացւում «Առֆի» հարթակում: Նաեւ, երաշխաւոր ենք հանդիսանում, որ ներդրողը նոյնականացուած է, իրականացուող գործարքներն էլ պաշտպանւում են», հարթակի ձեւաչափի մասին նշեց Էւոյեանը: «Առֆի»ի ղեկավարը ներկայում հանդիպումներ է ունենում Սփիւռքի տարբեր համայնքներում` ներկայացնելով նախագիծն ու ներգարւելով ներդրողների:
Ներդրումային հարթակի միջոցով գործընկեր գտնելու նպատակով «Առֆի»ին արդէն դիմել է հայաստանեան շուրջ 260 ընկերութիւն, որոնցից ընտրուել են տասը: Դրանց թւում են ե՛ւ արտադրութիւն, ե՛ւ ծառայութիւն եւ ՏՏ սթարթափներ: Էդգար Էւոյեանի խօսքով, իրենց կողմից ընտրւում են այն ընկերութիւնները, որոնք բաւական դիւերսիֆակցուած (բազմազանուած) են, ունեն պատրաստուած աշխատակազմ, եւ «Առֆի»ին էլ հաւատում է նրանց ֆինանսական կանխատեսումներին:
Էւոյեանը նաեւ յայտնեց, որ ներդրումներ կատարելու համար էլ, իրենց հարթակում արդէն գրանցուել է շուրջ 400 ընկերութիւն: «Առֆի»ն հնարաւորութիւն է տալիս ներդրողներին բազմազանեցնել մասնակցութիւնը` ներդրում կատարելով սկսած անգամ 100 դոլարից եւ տարբեր նախագծերում:
«Առֆի»ի տնօրէնը յորդորում է ամերիկահայ գործարարներին միանալ նախաձեռնութեանը: Իրանահայերի միութիւնում հաւաքուած համայնքի անդամներին նա հաւաստիացրեց, որ միայն շահութաբեր նախագծերին է մասնակցութեան հնարաւորութիւն տրւում, որպէսզի նախաձեռնութիւնը նուիրատուութեան բնոյթ չկրի, այլ կայացուեն փոխշահաւէտ գործարքներ:
Հայ-ամերիկեան բիզնես խորհրդի նախագահ, Հայկական Առեւտրային ցանցի գործադիր խորհրդի անդամ Ալէք Բաղդասարեանը նշեց, որ «Առֆի»ին հայկական ընկերութիւններում ներդրումներ կատարելու եւ եկամուտ ստանալու համար միանգամայն նոր հնարաւորութիւններ է ստեղծւում:
