Բ.
ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃՌԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆԸ
Ըստ իրաւարար վճռի, Հայաստանի Հանրապետութեան տիտղոսն ու իրաւունքները ճանաչւում էին նախկին Օսմանեան կայսրութեան Վանի, Պիթլիսի, Էրզրումի եւ Տրապիզոնի նահանգների վրայ՝ ընդհանուր առմամբ 103,599 քառ. քմ.: Դա կրկնակի քիչ էր այն տարածքից, որի վրայ Մուտրոսի զինադադարի 24րդ յօդուածով ճանաչուել էր հայկական տիտղոսը: Նման էական կրճատումը պայմանաւորուած էր այն հանգամանքով, որ արդէն այդ ժամանակ ի յայտ էին եկել հայերի հսկայական մարդկային կորուստները:
ԻՐԱՒԱՐԱՐ ՎՃՌԻ ՆԵՐԿԱՅ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ
Իրաւարար վճիռը վերջնական է եւ պարտադիր է կատարման համար (16): Այն չունի ժամանակային սահմանափակում (17) եւ նրա կարգավիճակը կախում չունի վճռի հետագայ ճակատագրից: Միջազգային իրաւունքը, մասնաւորապէս Լա Հէյի պայմանագրի (1907թ.) 81րդ յօդուածը, որով ամփոփուել եւ ամրագրուել է իրաւարար վճիռների կարգավիճակը, ընդհանրապէս չի նախատեսում վճռի չեղեալ յայտարարում (18): Ըստ միջազգային իրաւունքի, կողմերը համաձայնուելով իրաւարար որոշմանը ներկայացնել իրենց վէճը, մէկընմիշտ ընդունում են, որ իրենց կողմից կատարման համար պարտադիր կը լինի իրաւարարի ցանկացած վճիռ (19): Կողմերից մէկի մերժումը ի կատար ածելու իրաւարարութիւնը, չի ազդում վճռի վաւերականութեան վրայ: Ըստ այդմ, քանի որ իրաւարարութեան հայցը ներկայացուել է ոչ միայն Հայաստանի եւ Թուրքիայի, այլեւ 18 այլ երկների կողմից, ուստի վճիռը պարտադիր է բոլոր հայցուորների համար, որոնք ներկայումս հետեւեալ երկրներն են՝ Միացեալ Թագաւորութիւն, Քանատա, Աւստրալիա, Նոր Զելանտա, Հարաւային Ափրիկէ, Հնդկաստան, Փաքիստան, Պանկլատէշ, Ֆրանսա, Իտալիա, Ճափոն, Պելճիքա, Յունաստան, Լեհաստան, Փորթուկալ, Ռումանիա, Չեխիա եւ Սլովաքիա: Այն պարտադիր է նաեւ իրաւարարի՝ Միացեալ Նահանգների համար, քանի որ ԱՄՆի նախագահի ցանկացած պաշտօնական դիրքորոշում հանդիսանում է երկրի դիրքորոշումը (20) եւ իրաւարութիւնից բխող քայլերը պարտադիր են կատարման համար (21):
ՄԵՐ ՀԵՏԱԳԱՅ ՔԱՅԼԵՐԸ
Հիմա ամենակարեւորի մասին: Որո՞նք պէտք է լինեն մեր հետագայ քայլերը:
Առաջին հերթին մենք ոչ միայն պիտի յայտարարենք, որ պետութիւն ունեցող ազգ ենք, այլ պիտի գործենք որպէս այդպիսին: Այսինքն պիտի օգտուենք միջազգային սուբիեկտի մեր կարգավիճակից:
Քանի որ միջազգային իրաւունքը եւ միջպետական բազմաթիւ փաստաթղթեր, ինչպէս օրինակ Եւրոպայում անվտանգութեան եւ համագործակցութեան Հելսինքիի 1975թ.ի եզրափակիչ փաստաթուղթը (մաս 10րդ, պարբերութիւն 1), որի տակ կայ նաեւ Թուրքիայի ստորագրութիւնը, յանձնառու երկրներից պահանջում է միջազգայնօրէն ստանձնած պարտաւորութիւնների «բարեխիղճ կատարումը, լինեն դրանք ածանցուած միջազգային իրաւունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներից եւ կանոններից, թէ լինեն ածանցուած պայմանագրերից կամ այլ համաձայնագրերից, որոնց այդ երկրները մաս են կազմում համաձայն միջազգային օրէնքի», ուստի, Հայաստանի Հանրապետութիւնը կարող է եւ պարտաւոր է միջազգային իրաւունքի հիման վրայ պաշտպանել իր շահերը՝ այսինքն Անվտանգութեան խորհրդի ուշադրութիւնը պիտի հրաւիրի այն հանգամանքի վրայ, որ Թուրքիան չի կատարում Ուիլսընի իրաւարար վճռով ստանձնած պարտաւորութիւնները, որի հետեւանքով առաջացել է միջազգային, այսինքն հայ-թուրքական դիմակայութիւն եւ վէճ: Հայաստանի Հանրապետութիւնը որպէս ՄԱԿի անդամ երկիր, ՄԱԿի կանոնակարգի 35րդ յօդուածի 1ին կէտի հիման վրայ, լիովին իրաւասու է «Անվտանգութեան խորհրդի կամ Գլխաւոր համաժողովի ուշադրութեանը բերել ցանկացած վէճ կամ իրավիճակ, որն իր բնոյթով համապատասխանում է (սոյն կանոնակարգի) 34րդ յօդուածում վկայակոչուածին»: Իսկ ՄԱԿի կանոնակարգի 34րդ յօդուածն արձանագրում է. «Անվտանգութեան խորհուրդը կարող է քննութեան առնել ցանկացած վէճ կամ իրավիճակ, որը կարող է յանգեցնել միջազգային դիմակայութեան կամ առաջ բերել վէճ՝ որոշելու համար, թէ արդեօ՞ք տուեալ վէճի կամ իրավիճակի շարունակումը կարող է վտանգել միջազգային խաղաղութեան եւ անվտանգութեան պահպանումը»: Ակնյայտ է, որ ներկայ իրավիճակը արդէն իսկ յանգեցրել է հայ-թուրքական դիմակայութեան եւ վիճայարոյց վիճակի, եւ այս ամբողջը հետեւանք է Թուրքիայի կողմից իր միջազգայնօրէն ստանձնած պարտաւորութիւնների չկատարման:
Միեւնոյն ժամանակ, Հայաստանը միջնորդի, օրինակ ԱՄՆի, միջոցով կարող է դիմել Թուրքիային, որպէսզի միասնաբար, դիմեն ՄԱԿի միջազգային դատարան (Միջազգային դատարանի Կանոնադրութեան 36րդ յօդուածի 2 կէտի ա. եւ բ. ենթակէտերի հիման վրայ) յստակեցնելու համար Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճռի ներկայ կարգավիճակը: Զուգահեռաբար Հայաստանը պիտի հայց ներկայացնի ՄԱԿի Գլխաւոր համաժողովին, որպէսզի վերջինս, Միջազգային դատարանի կանոնադրութեան 65րդ յօդուածի համաձայն Վիլսընի իրաւարար վճռի մասին պարզաբանական կարծիքի համար (advisory opinion) դիմի միջազգային դատարան:
Ուզում եմ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետութեան կողմից միջազգային կառոյցների ներգրաւմամբ հայ-թուրքական դիմակայութիւնը լուծելու ձգտումը չի կարող դիտարկուել յարաբերութիւնների սրման միտում, այլ, ընդհակառակն, կարող է գնահատուել, որպէս հաստատակամ ու դրական քայլ առկայ խնդիրները միջազգային իրաւունքի հիման վրայ լուծելու ուղղութեամբ եւ արձագանգ վերջին շրջանում յաճախացող հայ թուրքական հաշտութեան կոչերի:
Սա Հայաստանի մասով: Սփիւռքը, մասնաւորապէս ԱՄՆի հայ համայնքը, եւս կարող է դիմել գործնական քայլերի:
Ըստ ԱՄՆի սահմանադրութեան առաջին յօդուածի 8րդ մասի 10րդ կէտի, ԱՄՆի Քոնկրէսը իրաւասու է որոշել միջազգային իրաւունքի խախտումները եւ պատժել խախտողներին. “The Congress shall have power to define and punish offenses against the law of nations”. Առաւել եւս սա վերաբերում է այն դէպքերին, երբ միջազգային իրաւունքի հիման վրայ որոշումների կայացմանը մասնակցել է ԱՄՆի բարձրագոյն պաշտօնեան, այս պարագայում երկրի նախագահ Վուտրօ Ուիլսընը: Ըստ այդմ, Քոնկրէսի որեւէ անդամ կամ անդամների խումբ Քոնկրէսի պալատներից իւրաքանչիւրում կարող է հանդէս գալ հետեւեալ հարցապնդումով.-
Արդեօ՞ք Թուրքիայի կողմից ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի հայ-թուրքական սահմանի վերաբերեալ իրաւարար վճռի (22 Նոյեմբերի 1920թ.) չկատարումը միջազգային իրաւունքի խախտում է: Եթէ այո, ապա ինչպիսի՞ քայլեր է ձեռնարկում ԱՄՆի գործադիր իշխանութիւնը պատժելու համար միջազգային իրաւունքը խախտողին:
Քոնկրէսը դիւրութեամբ չի կարող հրաժարուել այս հարցի քննարկումից, քանի որ ըստ էութեան սա հարցի վերաքննում է, իսկ Քոնկրէսը իրաւասու է ժամանակ առ ժամանակ անդրադառնալ իր արտայայտած դիրքորոշումների ու յանձնարարականների ճակատագրին:
Ուզում եմ յիշեցնել, որ դեռեւս 1927թ.ին, Քոնկրէսը, աւելի ստոյգ նրա մի պալատը՝ Ծերակոյտը, արդէն մի անգամ յստակօրէն արտայայտել է իր դիրքորոշումը Ուիլսընի իրաւարար վճռի վերաբերեալ: Այսպէս, 1927թ.ի Յունուարի 18ին, ԱՄՆի Ծերակոյտը, որի իրաւասութիւնների շրջանակում է միջազգային պայմանագրերի վաւերացումը, մերժել է վաւերացնել ամերիկա-թուրքական պայմանագիրը (կնքուած Լօզանում 1923թ.ի Օգոստոսի 6ին), հետեւաբար ճանաչել ներկայիս Թուրքիայի հանրապետութիւնը (22): Պայմանագիրը մերժելու համար եղել է երեք պատճառ, եւ դրանցից առաջինը եղել է ԱՄՆի նախագահ Ուիլսընի իրաւարար վճռով Հայաստանի նկատմամբ Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւնների չկատարումը. “failed to provide for the fulfillment of the Wilson award to Armenia” (23):
Հաշուի առնելով, որ ԱՄՆի ներկայիս Քոնկրէսի երկու պալատներում էլ դեմոկրատները մեծամասնութիւն են կազմում, կարելի է օգտագործել նաեւ կուսակցական գործօնը: ԱՄՆի Դեմոկրատական կուսակցութեան 1924 թ.ի եւ 1928 թ.ի ծրագրային հիմնադրոյթների մէջ միանշանակ շեշտուել է Թուրքիայի ստանձնած պարտաւորութիւնների կատարման անհրաժեշտութիւնը եւ Հայաստանի Հանրապետութեան իրաւունքը ուիլսընեան Հայաստանի նկատմամբ. Fulfillment of President Wilson’s arbitral award respecting Armenia (1924 թ.ի ծրագիր): Դեմոկրատական կուսակցութեան 1928թ.ի ծրագիրը ոչ միայն վերահաստատել է հայերի իրաւունքները, այլեւ իր զօրակցութիւնն է յայտնել ԱՄՆի այն հետեւողական ջանքերին, որոնք նպատակամղուած կը լինեն Առաջին Համաշխարհային պատերազմի ժամանակ եւ դրանից յետոյ, ԱՄՆի ու Դաշնակից ուժերի կողմից Հայաստանին եւ հայ ժողովրդին տուած խոստումների եւ պարտաւորութիւնների կենսագործմանը: “We favor the most earnest efforts on the part of the United States to secure the fulfillment of the promises and engagements made during and following the World War by the United States and the allied powers to Armenia and her people”:
Այսօր մեր ազգային գոյութիւնը թեւակոխել է նոր փուլ: Մենք վերանուաճել ենք մեր պետականութիւնը, նորից դարձել ենք պետութիւն ունեցող ազգերի ընտրեալ ընտանիքի լիիրաւ անդամ: Մենք իրաւացիօրէն հպարտանում ենք մեր ազգային պետականութեամբ, սակայն, ցաւօք սրտի, դեռեւս թերի ենք օգտագործում այդ պետականութեան ընձեռած հնարաւորութիւնները: Պետականութիւն նշանակում է միջազգային իրաւունքի կրող, այսինքն սուբիեկտ, որը կարող է իր շահերը պաշտպանել եւ իր նպատակներին հասնել միջազգային իրաւունքի հիման վրայ: Հայ Դատը, այսինքն հայոց արդար իրաւունքներին հասնելու հարցը, առաջին հերթին Հայաստան եւ Թուրքիա պետութիւններին վերաբերող հարց է, հետեւաբար այն միջազգային, որ է միջպետական, իրաւունքի հարց է: Միջազգային իրաւունքն է, որ այսօր մեզ՝ հայերիս որպէս ազգ եւ Հայաստանի Հանրապետութեանը որպէս պետութիւն, տալիս է անսակարկ իրաւունք տէր կանգնելու իր ժառանգութեանը:
Վերջին յիսուն տարում Հայ Դատը առաւելապէս եղել է Հայոց Ցեղասպանութեան միջազգային ճանաչմանը նպատակամղուած աննկուն աշխատանք: Եւ դա եղել է միանգամայն հասկանալի, քանի որ պարտադրուած է եղել մեր պետականազուրկ վիճակով: Միեւնոյն ժամանակ կարծում եմ, որ այն եղել է աւելի շատ միջոց, քան նպատակ: Ներկայումս հասունացել է պահը աստիճանաբար Ցեղասպանութեան ճանաչումից շեշտադրումը տեղափոխելու բուն պահանջատիրութեան վրայ: Ինչքան էլ անհաւատալի հնչի, պահանջատիրութեան դաշտում մեր դիրքերն աւելի ուժեղ են եւ մեր փաստարկներն աւելի զօրեղ, քան մինչեւ իսկ Ցեղասպանութեան ճանաչման գործընթացում, քանի որ մեր տարածքային ու նիւթական փոխհատուցման իրաւունքները խարսխուած են միջպետական երկկողմ եւ բազմակողմ փաստաթղթերի, Հայաստանի Հանրապետութեան հանդէպ պետութիւնների ստանձնած անսակարկ պարտաւորութիւնների, եւ առաջին հերթին, Հայաստանի Հանրապետութեան եւ աշխարհի ներկայիս ամենազօրեղ պետութիւնների առջեւ թուրքական պետութեան անբեկանելի պարտաւորութեամբ՝ ի կատար ածելու ԱՄՆի նախագահ Վուտրօ Ուիլսընի իրաւարար վճիռը:
Աշխարհում գործընթացներն առաջ են գնում յարաճուն արագութեամբ եւ միշտ չէ, որ այդ գործընթացները մեր օգտին են: Մենք յապաղելու ժամանակ չունենք: Եկել է լուրջ որոշումներ ընդունելու եւ առաւել լուրջ քայլեր ձեռնարկելու ժամանակը:
ԾԱՆՕԹԱԳՐՈՒԹԻՒՆՆԵՐ
16.- A Dictionary of Arbitratiion and its Terms, (Ed. by Katharine Seide, New York, 1970. p. 32.
17.- Luzius Wildhaber, Treaty Making Power and Constitution, Basel and Stuttgart, 1971, p. 98.
18.- Manual of Public International Law, (ed. by Max Sorensen), St. Martin’s Press, New York, 1968, p. 693-94.
19.- A Dictionary of Arbitratiion and its Terms, (Ed. by Katharine Seide, New York, 1970, p. 27.
20.- Quincy Wright, The Control of American Foreign Relations, New York, 1922, p 38.
21.- John Collier, The Settlement of Disputes in International Law, Oxford, 1999, p. 265.
22.- Unperfected Treaties of the United States of America, 1776-1976, edited and annotated by Christian L. Wiktor, Volume 6, 1919-1925, New York, 1984, p. 421. Leland J. Gordon, Turkish-American Political Relations, The American Political Science Review, Vol. 22, No. 3 (Aug., 1928), p. 721.
23.- Lausanne Treaty is Defeated, the Davenport Democrat, January 19, 1927, p. 1.
(Շար. 2 եւ վերջ)