Միացեալ Նահանգների հանրապետական վարչակազմի վերջին շրջանի քայլերը վկայում են, որ նախագահ Ճ. Պուշն ու նրա քաղաքական թիմը մտադիր են անցնել նաւթով հարուստ Մերձաւոր ու Միջին Արեւելքի հանգուցային կէտերը վերահսկելու նոր ռազմավարութեան իրականացման՝ հիմնուելով տարածաշրջանային յենարանների ձեւաւորման քաղաքականութեան վրայ։
Ժամանակին՝ Պաղ պատերազմի դարաշրջանում, ԱՄՆի համար նման դեր խաղում էին Իսրայէլն ու Թուրքիան, սակայն այժմ, Մեծ Մերձաւոր Արեւելքի ծրագրի իրականացմանը զուգընթաց, ակնյայտ է դառնում, որ Միացեալ Նահանգները մտահոգուած է ոչ թէ համաշխարհային դիմակայութեան գործիքների, այլ տարածաշրջանային հաւասարակշռութիւնն ապահովող նոր գործօնների փնտռտուքով։
Դրանցից առաջինը Իրանի ու Թուրքիայի սահմանների հատման կէտում գտնուող Հիւսիսային Իրաքն է, որը իւրայատուկ «տանիքի» դեր է խաղում նաւթով հարուստ արաբական աշխարհի համար։
Երկրորդը Ռուսաստան-Թուրքիա-Իրան շահերի բախման հանգուցակէտը եւ միաժամանակ Եւրոպա-Միջին Ասիա ուժանիւթի հիմքը կազմող հրաւային Կովկասի վերահսկողութեան բանալին է՝ հայկական գործօնը, որը կարող է իրականացնել նոյն գործառոյթը հիւսիս-արեւելեան ուղղութեան վրայ։
Այս երկու կէտերում գոյութիւն ունեցող քրտական ու հայկական գործօնների միաժամանակեայ խաղարկման ամերիկեան ծրագիրը, Քիւրտիստան-Ղարաբաղ ծրագիրը, վաղուց է յայտնի քաղաքագէտներին։ Ուստի պատահական չէ, որ Քէրքուքի միջոցով ապագայ Քիւրտիստանը կենսունակ պետութեան վերածելու՝ ԱՄՆի վերջին փորձերը Թուրքիայի ղեկավարութիւնն արդէն բնորոշում է իբրեւ «երկրորդ Ղարաբաղի» ստեղծման ծրագիր։
Այդ ամէնը կանխելու համար Թուրքիան ներկայումս փորձում է արագացնել հարաւային Կովկասում իր դիրքերի ամրապնդումը՝ օգտուելով տարածաշրջանում պահպանուող ռուսամերիկեան հակասութիւններից։
Ամերիկա-թուրքական խորացող հակասութիւնները Իրաքից տեղափոխւում են հարաւային Կովկաս, որտեղ երկու կողմերն էլ ներկայումս փորձում են գործել «կատարուած փաստի» տրամաբանութեամբ։ Հարաւային Կովկասի համար ծաւալուող ներկայ եռանդամ մրցակցութեան մէջ ԱՄՆը, Թուրքիան ու Ռուսաստանը տարածաշրջանում առայժմ ունեն մէկական վստահելի «յենման կէտեր». Վրաստանը՝ ԱՄՆի համար, Ատրպէյճանը՝ Թուրքիայի եւ Հայաստանը՝ Ռուսաստանի։ Նման պայմաններում Ռուսաստանին հարաւային Կովկասից վերջնականապէս դուրս մղելու եւ միաժամանակ՝ Թուրքիայի թափանցումը սահմանափակելու առաջադրանքները հրամայաբար պահանջում են ԱՄՆից արագացուած ձեւով լուծել Հայաստանի ապաշրջափակման հարցը։
Հաստատուելով Վրաստան-Հայաստան գծի վրայ, ԱՄՆը տարածաշրջանում կարող է պայմաններ թելադրել բոլորին։ Հէնց այս նպատակով էլ նախ՝ առաջին գիծ է մղւում ԱՄՆի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման խնդիրը, եւ ապա՝ Ուաշինկթըն վազող թուրք պաշտօնեաներին հրէական լոպպիստները «բարեկամաբար հասկացնում» են, որ ներկայ հանգրուանում Հայոց Ցեղասպանութեան ճանաչումից խուսափելու միակ «գինը» Հայաստանի ցամաքային սահմանի արագացուած ապաշրջափակումն է։
Ստացւում է, որ Թուրքիան մօտակայ ամիսներին պէտք է ընտրութիւն կատարի «չարիքներից փոքրագոյնի» միջեւ։ Թւում է, թէ ելքը պարզ է. Թուրքիան անպայման կը գնա Հայաստանի սահմանների արագ ապաշրջափակմանը՝ մինչ այդ վերջին անգամ փորձելով Հայաստանի վզին փաթաթել իր յայտնի նախապայմաններից որեւէ մէկը, ամենայն հաւանականութեամբ՝ 1921թ. Կարսի պայմանագիրը ճանաչելու պահանջը։
Կարծում ենք, Թուրքիան դիւրութեամբ չի ենթարկուի ԱՄՆի ներկայ թելադրանքին։ Ընդհակառակը՝ յառաջիկայում կը փորձի սահմանի բացմանն ուղղուած քայլերի պատրանք ստեղծել եւ Հայաստանի հետ ուղղակի բանակցութիւնների միջոցով ժամանակաւորապէս չէզոքացնել Հայոց Ցեղասպանութիւնը ճանաչող բանաձեւի ընդունումը՝ ԱՄՆ Քոնկրէսում ու միւս կողմից ԱՄՆի թիկունքում ստուերային առեւտուր սկսել Ռուսաստանի հետ՝ փորձելով ոչ թէ Ուաշինկթընին, այլ Մոսկուային դարձնել միջնորդ երկիր հայ-թուրքական շփումներում։
Հայաստանը որպէս միջազգային իրաւունքի ենթակայ կարող է իր փակ սահմանի ապաշրջափակման հարցը լիովին տարանջատել այն հսկայական իրաւական-պայմանագրային թնճուկից, որն իր փոխարէն ձեւաւորել են ԽՍՀՄն ու Թուրքիան։ Միաժամանակ, գիտակցելով հանդերձ տարածաշրջանում ԱՄՆի դիրքերի ամրապնդման անխուսափելիութիւնը, Հայաստանը պէտք է ամէն ինչ անի ԱՄՆի ու Ռուսաստանի շահերի մի նոր համադրութեան ձեւաւորման համար՝ իր անվտանգութեան պահպանման հարցում ստեղծելով ռուսամերիկեան լիակատար համախոհութիւն։
«ՀԱՅՈՑ ԱՇԽԱՐՀ»
Յունուար 17, 2007