Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Կեդրոնական Կոմիտէի Հանրային կապի յանձնախմբի կազմակերպութեամբ, Երեքշաբթի, Դեկտեմբերի 19ի երեկոյեան ժամը 7։30ին, Կեդրոնական Կոմիտէի «Փէշէքէրեան» կենտրոնի ժողովասրահում տեղի ունեցաւ հանդիպում՝ Հ.Յ.Դ. Հայաստանի Գերագոյն Մարմինի ներկայացուցիչ, Հայաստանի Հանրապետութեան Ազգային ժողովի արտաքին յարաբերութիւնների մշտական յանձնաժողովի նախագահ՝ Արմէն Ռուստամեանի հետ, որը կարճատեւ այցելութեամբ գտնւում էր Քալիֆորնիայում։
Հանդիպմանը մասնակցում էին համայնքիս շուրջ 50 անդամներ, որոնց թւում, մամլոյ եւ հեռուստատեսութեան խմբագիրներ ու ներկայացուցիչներ, քոլէճի դասախօսներ, գրողներ, ազգային, քաղաքական, հասարակական ու մշակութային կազմակերպութիւնների եւ միութիւնների անդամներ ու ներկայացուցիչներ եւ համայնքային գործիչներ։ Հանրային կապի յանձնախմբի նպատակն էր Հայաստանի քաղաքական հարցերով շահագրգիռ անհատներին հրաւիրել՝ հանդիպելու եւ մտերմիկ զրոյց ունենալու Արմէն Ռուստամեանի հետ։ Այդ իմաստով նրանք նաեւ առիթ ունեցան իրենց հետաքրքրող հարցերն ուղղելու Արմէն Ռուստամեանին։
Հանդիպման բացումը կատարեց նշեալ յանձնախբի ատենապետ՝ Պետիկ Թաշճեանը, որը ողջունելով ու շնորհակալութիւն յայտնելով ներկաներին, նշեց, թէ Հանրային կապի յանձնախումբը հաշուի առնելով այն հանգամանքը, որ Արմէն Ռուստամեանը ղեկավարում է Հայաստանի խորհրդարանի արտաքին հարցերով յանձնաժողովը եւ աշխատանքային ուշագրաւ փորձ ունի այդ ոլորտում, կազմակերպեց սոյն հանդիպումը՝ հիմնականում ներկաներին տեղեկութիւններ փոխանցելու արտաքին աշխարհի, մասնաւորաբար հարեւան երկրների հետ Հայաստանի զարգացրած յարաբերութիւնների մասին։
Այնուհետեւ ելոյթ ունեցաւ Արմէն Ռուստամեանը, որը նախ ուրախութիւն յայտնեց հանդիպման կայացման առթիւ եւ ապա հանգամանօրէն անդրադարձաւ Հայաստանի արտաքին կապերի ներկայիս իրավիճակին։ Խօսելով նախկին Խորհրդային Միութեան փլուզման հետեւանքով աշխարհագրական այդ տարածաշրջանում ստեղծուած անցումային դժուարին պայմանների մասին, Արմէն Ռուստամեանը նշեց, որ Հայաստանը դիմակայեց քաղաքական լուրջ մրցահրաւէրներ՝ կապուած անկախ պետականութեան ստեղծման ու արտաքին յարաբերութիւնների մշակման հետ։ «Հայաստանը,- նշեց Արմէն Ռուստամեանը,- անցումային շրջանում պարտաւոր էր ճակատագրի բերումով յաղթահարել նաեւ այն դժուարութիւնները, որոնք ընդհանրապէս յատուկ չեղան միւս խորհրդային պետութիւններին, բայց առանձնաբար դա դրսեւորուեց Հայաստանի պարագայում։ Մեր անկախութիւնը,- շեշտեց նա,- մենք ստիպուած նաեւ ձեռք բերեցինք զուգահեռ պատերազմ մղելով Ատրպէյճանի հետ»։
Հաշուի առնելով հարաւկովկասեան տարածաշրջանի աշխարհաքաղաքական առանձնայատուկ դիրքը, ընդ որում այն գտնւում է տարբեր երկրների եւ ի մասնաւորի՝ գերտէրութիւնների շահերի բախման գծում, Արմէն Ռուստամեանը կարեւորութեամբ անդրադարձաւ Հայաստանի վարած արտաքին քաղաքականութեանը եւ աւելացրեց, որ Հայաստանը պարտաւոր է ո՛չ միայն յարաբերութիւնների շրջահայեաց ու ողջամիտ դիրքորոշում որդեգրել հարեւան երկրների, այլ նաեւ երկու գերտէրութիւնների՝ Ամերիկայի Միացեալ Նահանգների եւ Ռուսաստանի հետ, որոնց ընդհանրական շարհերը երբեմն հանդէս են գալիս իրարամերժ դրսեւորումներով։ Ահա թէ ինչու Հայաստանը վարում է փոխլրացման (կոմպլեմենտար) քաղաքականութիւն՝ երկու գերտէրութիւնների նկատմամբ։ Իբրեւ արդիւնք,- նշեց Արմէն Ռուստամեանը,- Հայաստանը աւելի է խորացնում իր բարեկամական սերտ կապերը թէ՛ Միացեալ Նահանգերի եւ թէ՛ Ռուսաստանի հետ, որոնք երկուսն էլ աջակցելու եւ նեցուկ կանգնելու տրամադրութեամբ են վերաբերւում Հայաստանին։
Արմէն Ռուստամեանը առանձնակիօրէն անդրադարձաւ նաեւ Հայաստանի անմիջական հարեւանների հետ Հայաստանի որդեգրած արտաքին կապերի քաղաքականութեանը, կարեւորելով մասնաւորաբար Իրանի հետ Հայաստանի սերտ կապերը՝ քաղաքական, տնտեսական ու համերկրային զանազան ոլորտներում։ Ինչ վերաբերում է Թուրքիային, Արմէն Ռուստամեանը մի անգամ եւս մատնանշեց, որ Թուրքիան շարունակում է իր թշնամական քաղաքականութիւնը Հայաստանի նկատմամբ, հիմնականում ժխտելով Հայոց Ցեղասպանութիւնը եւ չվերացնելով Հայաստանի դէմ հաստատած շրջափակումը։ Իսկ խօսելով Ատրպէյճանի կողմից յաճախ կրկնուող պատերազմական սպառնալիքների եւ Արցախեան հարցը ռազմաճակատում լուծելու ատրպեճանական կոչերի մասին, Արմէն Ռուստամեանը շեշտեց, որ առաջին հերթին նման սպառնալիքները մեծ վնաս են հասցնում հէնց իր՝ Ատրպէյճանի անվտանգութեանը եւ դժուարացնում այդ երկրի քաղաքական գործընթացները միջազգային շրջանակներում։ Ատրպէյճանը շատ լաւ գիտի, որ պատերազմական գործողութիւնների վերսկսումը առաջին հերթին վտանգելու է այդ երկրի տնտեսական ու քաղաքական հիմնակառոյցը,- նշեց Արմէն Ռուստամեանը։
Այնուհետեւ նա պատասխանեց ներկաների հարցերին, որոնք հիմնականում վերաբերում էին Ռուսաստանի, Միացեալ Նահանգների, Իրանի եւ Վրաստանի հետ Հայաստանի մշակած կապերին, ինչպէս նաեւ Հայաստանի ներքաղաքական ու հասարակական խնդիրներին։
Հանդիպումը փակուած յայտարարուեց երեկոյեան ժամը 9։15ին։
(Հ.Յ.Դ. Արեւմտեան Ամերիկայի Հանրային Կապի Գրասենեակ)