ՀԱՐՑՈՒՄ.- Ստեղծագործական ի՞նչ ուղի անցած է գեղանկարիչ Վալմար: Համառօտ գիծերու մէջ պատմեցէք մեր ընթերցողներուն:
ՊԱՏԱՍԽԱՆ.- Ծնուել եմ Գիւմրիում, 1948 թուականի Ապրիլի 1ին: 1972ին աւարտել եմ Երեւանի գեղարուեստաթատերական հիմնարկը: Աշակերտել եմ Երուանդ Քոչարին:
1972 թուականից սկսած մասնակցել եմ հանրապետական եւ միութենական ցուցահանդէսների: Ունեցել եմ 40 անհատական եւ 117 խմբային ցուցահանդէսներ՝ Ռուսաստանում, Էսթոնիայում, Ֆրանսիայում, Գերմանիայում, Զուիցերիայում, Միջին Արեւելքի եւ Ամերիկայի մի շարք քաղաքների մշակութային կենտրոններում:
1976 թուականից Հայաստանի նակարիչների մութեան անդամ եմ, իսկ 1994ից՝ միջազգային նկարիչների մութեան անդամ (UNESCO):
Աշխատանքներս մշտապէս ցուցադրւում են Հայաստանի, Ռուսաստանի, Ամերիկայի, Իտալիայի Ճափոնիայի, Ֆրանսիայի պատկերասրահներում եւ թանգարաններում, ինչպէս նաեւ մի շարք երկրների մասնաւոր հաւաքածուներում:
2006 թուականին արժանացել եմ Հայաստանի վաստակաւոր նկարչի կոչման, իսկ 2007ին՝ Վազգէն Ա.ի ոսկէ մետալին:
Հ.- Դուք դժուար տարիներուն մնացիք Հայաստան: Ձեր գործընկերներէն շատերը այսօր կ’ապրին եւ կը ստեղծագործեն Արեւմուտքի մէջ: Ի՞նչ տուաւ ձեզի Հայաստան մնալը:
Պ.- 1988ից սկսած բազմաթիւ անգամ հնարաւորութիւն եւ առաջարկութիւններ եմ ունեցել դրսում ապրելու եւ ստեղծագործելու: Սակայն իւրաքանչիւր մարդ ազատ է եւ ինքն է որոշում որտեղ եւ ինչպէս պէտք է ապրի: Անկեղծ ասած, իմ եւ իմ ընտանիքի կեանքը չեմ պատկերացրել հայրենիքից դուրս: Ես ուրախ եւ հպարտ եմ, որ կարողացել եմ յաղթահարել ծանր տարիների դժուար օրերը եւ մնացել եմ Հայաստանում, որի ուժն անփոխարինելի է ինձ համար: Իմ ստեղծագործական ներշնչումը ստանում եմ Հայաստանից եւ իմ հողի վրայ ես ինձ աւելի հզօր եմ զգում: Դժուարութիւնները ժամանակաւոր են եւ անպայման յաղթահարելի: Օտար հողի վրայ ստեղծագործող անհատը անպայման ունենում է հոգեկան սով, որն էլ իր հերթին տանում է դէպի ստեղծագործական ամլացում: Ինչ խօսք, կարեւոր է նաեւ ստեղծագործող արուեստագէտի ներքին կերտուածքը: Մի առիթով ասել եմ եւ ուզում եմ նորից կրկնել, եթէ մարդու մէջ չկայ սէր, հաւատ, պոէզիա, երաժշտութիւն, նշանակում է նա ապրում է քառակուսու սահմանների մէջ եւ չի կարող Աստծոյ տուած կեանքը լիարժէք ապրել: Երջանկութիւնը մարդու ներսում է, երջանկութիւնը արտաքին աշխարհում չէ: Իւրաքանչիւր մարդ պէտք է փորձի ինքն իրեն պեղել, խորանալ ինքն իր մէջ, իր միջից հանել իր հարստութիւնը: Եթէ կարողանում ես պեղել-յայտնաբերեել քեզ, կարող ես քիչ թէ շատ քեզ համարել երջանիկ:
Հ.- Ինչպէ՞ս անցաւ լոս անճելըսեան ձեր ցուցահանդէսը:
Պ.- Լոս Անճելըսում տարբեր տարիների ես ունեցել եմ 4 անհատական ցուցահանդէսներ: Առաջին ցուցահանդէսը կազմակերպել էին Վարդիվառ Գարագէօզեանը եւ Յ. Երիցեանը («Էրեբունի» հրատարակչութիւն), 1988 թուականին:
Այս ցուցահանդէսը, կարծում եմ, առիթ էր եւս մէկ անգամ ներկայանալու արուեստասէր հասարակութեան: Ես արել եմ այն, ինչ որ կարողացել եմ: Շնորհակալ եմ բոլոր նրանց, ովքեր ներկայ եղան ցուցահանդէսիս, գնահատեցին, քաջալերեցին:
Փաստօրէն, առաջին անգամ չէ, որ այս գաղութում եմ: Որոշ չափով ծանօթ եմ գաղութին, տեսնում եմ, թէ ինչ հսկայական ճիգեր են թափւում հայապահպանման համար: Կ’ուզէի գաղութը աւելի միասնական եւ ուժեղ տեսնել: Հանդիպել եմ շատ մարդկանց, որոնք հասել են նիւթական մեծ յաջողութիւնների, բայց հոգիները ուրախ չեն…
Հ.- Ապագայի ի՞նչ ծրագիրներ ունիք:
Պ.- 2008ի Ապրիլին լրանում է իմ 60 տարին: Պատրաստւում եմ այդ առիթով մեծ ցուցահանդէսով ներկայանալ ազգային պատկերասրահում:
Ինչպէս գիտէք, Երեւանում ես ունեմ իմ անձնական պատկերասրահը (www.Valmargallery.com), ուր մշտապէս ցուցադրւում են իմ եւ իմ դստեր՝ Հռիփսիմէ Մարգարեանի աշխատանքները: Երբեմն նաեւ կազմակերպում ենք մեր գործընկերների նկարների ցուցադրութիւն: Համագործակցում են տարբեր երկրների պատկերասրահների հետ: 2008 թուականի Մայիսի 9-30 Ամերիկայի Նորթ Քարոլայնա նահանգի Քէրի քաղաքի նշանաւոր պատկերասրահում պիտի բացուի իմ անձնական ցուցահանդէսը: Իրենց հրաւէրով ներկայ եմ լինելու նաեւ ես:
Օգտուելով առիթից, ուզում եմ կրկին շնորհակալութիւն յայտնել բոլոր նրանց, ովքեր աջակցեցին այս ցուցահանդէսին եւ ներկայ եղան: Հայրենակիցներիս մաղթում եմ յարատեւ տոկալու հոգեկան ուժ: