Հ.Մ.Ը.Մ.ի Կլէնտէյլի «Արարատ» մասնաճիւղը, որ հիմնուել է 1978 թուականին, այսօր իր աւելի քան 2400 անդամներով թեւակոխում է հիմնադրման իր 29ամեակը:
Տարիների ընթացքում մասնաճիւղը, յաղթահարելով դժուարութիւնները, ի զօրու է եղել փոքր կենտրոնը վերածել մի մեծ կենտրոնի, որի շուրջ են հաւաքուել հոծ թուով անդամներ, բարեկամներ, նուիրատուներ ու կամաւորներ: Բնական է, որ մասնաճիւղի այս բոլոր յաջողութիւնները իրականացել են անձնազոհ անդամների միջոցով, որոնք իրենց կեանքի առաջնահերթութիւնն են դասել մասնաճիւղի բարգաւաճումն եւ ոչինչ չեն խնայել նեցուկ կանգնելու մասնաճիւղի վերելքին:
Տարիներ է սովորութիւն է դարձել, որ մասնաճիւղի տարեդարձին համայնքին ներկայացուի մասնաճիւղի նուիրեալ, անձնազոհ եւ հաւատարիմ մի անդամի՝ որպէս տարուայ Պատուոյ անդամ: Այս տարի Պատուոյ անդամի ցանկին է աւելանում մասնաճիւղի տարիների հաւատարիմ, նուիրեալ եւ անձնազոհ մի անդամուհի՝ յանձի քոյր Մոնէ (Մոնիկ) Տէր Գրիգորեանի:
Մոնէ Տէր Գրիգորեանը ծնուել Պարսկաստանի Թեհրան քաղաքում, Սեդա եւ Հարմիկ Յովնանեանների ընտանիքում:
Մոնէն համալսարան է յաճախել Անգլիայում, ստանալով Bachelor of Arts, իսկ բարձրագոյն կրթութիւնը ստացել է Փարիզի Սորպոն համալսարանում:
1987 թուից ընտանիքը փոխադրւել է Ամերիկա եւ հաստատուել Քալիֆորնիայի Լա Քանիատա քաղաքում:
Մոնէն մանուկ տարիքից մասնակցել է զանազան գեղարուեստական եւ մարզական աշխատանքների: Շուրջ 10 տարիներ հետեւել է դասական պարի եւ դաշնամուրի դասընթացքների:
Միութենական կեանքը եղել է նրա կարեւոր նախասիրութիւններից: Եօթ տարեկանից նա անցել է սկաուտական շարքերը՝ Հայ մշակութային «Արարատ» կազմակերպութեան մէջ եւ եռանդով աշխատել է որպէս սկաուտ՝ արժանանալով խմբապետի պաշտօնի: Նա մասնակցել է նաեւ ՀՄԱԿի պասքէթպոլի աշխատանքներին եւ մաս է կազմել ՀՄԱԿի օրիորդաց խմբին, որ ախոյեան է հանդիսացել Պարսկաստանում: Մոնէն եղել է նաեւ լողորդ եւ առաջնութիւն շահել Պարսկաստանի ախոյեանական մրցումներում:
Նա շարունակել է միութենական իր գործունէութիւնը աշխատելով որպէս վարչական՝ մարզական եւ երիցական բաժանմունքներում եւ աշխատակցել «Տեղեկատու»ի խմբագրական կազմում, իսկ յեղափոխութեան դժուար օրերին՝ «Արարատ» մարզաւանի վարիչ մարմնի մէջ:
Քալիֆորնիա փոխադրուելուն պէս միացել է Հ.Մ.Ը.Մ.ի Կլէնտէյլի «Արարատ» մասնաճիւղին, որտեղ նա ստանձնել է վարչական պարտականութիւններ մարզական եւ երէցների վարիչ մարմինների կազմերում: Աշխատակցել եւ ապա վարել է մասնաճիւղի «Հայասա» էջը եւ եղել է հիմնադիր անդամ եւ վարիչ մշակութային յանձնախմբի, որը վերջին շրջանում փոխուել եւ դարձել է մշակութային բաժանմունք:
Մոնէն հինգ շրջան մաս է կազմել «Արարատ» մասնաճիւղի վարչական կազմին եւ 2004 թուականից ընտրուել Հ.Մ.Ը.Մ.ի ԱՄՆի Արեւմտեան շրջանի Շրջանային վարչութեան անդամ:
(Նիւթը՝ Հ.Մ.Ը.Մ.ի «Արարատ» Մասնաճիւղէն)