Հ.Յ.Դ. Բիւրոն դատապարտում է «Ակօս» թերթի խմբագիր Հրանդ Տինքի սպանութիւնը Պոլսում։
Այս զազրելի ոճիրը նոր սպառնալիք է՝ ուղղուած Թուրքիայի հայութեան իրաւունքներին եւ գոյութեանը, որի համար ամբողջական պատասխանատուութիւն են կրում Թուրքիայի պետութիւնն ու իշխանութիւնները։
Տինքը սպաննուեց իր քաղաքական հայեացքների համար։ Հայեացքներ՝ որոնք իւրովի էին պատկերացնում ներկայիս Թուրքիայում հայութեան մնացորդացի, ինչպէս նաեւ միւս փոքրամասնութիւնների քաղաքացիական իրաւունքները, Հայաստան—Թուրքիա յարաբերութիւնները եւ Թուրքիայի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցը, միշտ հաշուի առնելով ու պաշտպանելով նաեւ «քաղաքակրթուած» Թուրքիայի շահերը։ Հայեացքներ՝ որոնց համար նա հալածուեց Թուրքիայի պետութեան կողմից։ Տինքի սպանութիւնը մէկ անգամ եւս է վկայում այն մասին, որ Թուրքիայում չի հանդուրժւում այլակարծութիւնը։
Տինքի սպանութեան առիթով յայտնում ենք մեր ցաւակցութիւնները նրա ընտանիքին։
Հ.Յ.Դ. Բիւրօ
Երեւան, 19 Յունուար, 2007