ՎԱՆԱՁՈՐ, «Արմէնփրէս».- Վանաձորի Սուրբ Գրիգոր Նարեկացի եկեղեցւոյ մէջ Դեկտեմբեր 12ին կազմակերպուած էր հանդիսութիւն՝ նուիրուած մեծանուն երգահան Մակար Եկմալեանի 150ամեակին:
Հանդիսութեան ընթացքին իր օրհնութեան խօսքը փոխանցեց Հայաստանեայց առաքելական եկեղեցւոյ Գուգարաց թեմի առաջնորդ Սեպուհ եպս. Չուլջեան՝ կոչ ուղղելով պահպանել մեր ազգային մշակոյթը: «Մակար Եկմալեանն այն բացառիկ հայ երգահաններից է, ովքեր հայ ժողովրդական, հայրենասիրական, հոգեւոր երգերի մշակումներով աշխարհին են ներկայացրել հայոց արուեստն ու մշակոյթը: Նրա բազմաձայն պատարագը, որ ամէն Կիրակի կատարւում է հայոց եկեղեցիներում, սնում է հաւատաւոր հայորդու հոգին, դարերի լիցք հաղորդում հայոց ազգին», ըսաւ ան:
Վանաձորի Ս. Աստուածածին եկեղեցւոյ արական երգչախումբի, Քրիստոնէական դաստիարակութեան կեդրոնի մանկական երգչախումբի (գեղարուեստական ղեկավար՝ Ս. Յարութիւնեան), Ս. Սարգիս եկեղեցւոյ երգչախումբի (գեղարուեստական ղեկավար՝ Ա. Ճուղուրեան), Պոկտան Յովհաննիսեանի, Մհեր Մելիքեանի, դաշնակահար Կարինէ Երիցեանի եւ Վանաձորի պետական մանկավարժական հաստատութեան ուսանողներու կատարմամբ հնչեցին մեծանուն երաժշտագէտի անմահ ստեղծագործութիւններէն: Դասախօս, տեսաբան Հայկուհի Յակոբեան ներկաները ծանօթացուց նաեւ Մակար Եկմալեանի կեանքին եւ գործունէութեան:
Նշենք, որ միջոցառման ներկայ էին նաեւ մարզային ու քաղաքային իշխանութիւններու ներկայացուցիչներ, արուեստագէտներ: