ԵՐԵՒԱՆ, ՀՀ ԱԳՆ Մամլոյ Գրասենեակ.- Երէկ, Օգոստոս 6ին, Հայաստանի արտաքին գործոց նախարար Վարդան Օսկանեան հարցազրոյզ մը տուաւ ռուսական «Ինթերֆաքս» լրատու գործակալութեան, որու ընթացքին յայտարարեց, թէ Հայաստան պատրաստ է շարունակելու բանակցութիւնները՝ սեղանին դրուած սկզբունքներու հիման վրայ:
Ստորեւ՝ հարցազրոյցը.-
Հ.- Ինչպիսի՞ն է Երեւանի եւ Պաքուի դիրքորոշումը ղարաբաղեան խնդրի կարգաւորման վերաբերեալ: Ի՞նչն է խոչընդոտում բանակցային գործընթացի զարգացմանը, եւ արդեօք, լոյս կա՞յ փապուղիի վերջում: Ի՞նչ ազդեցութիւն կարող են ունենալ հակամարտութեան կարգաւորման գործընթացի վրայ միջազգային հանրութեան կողմից չճանաչուած ԼՂ նախագահական ընտրութիւնները:
Պ.- Մենք պատրաստ ենք շարունակել բանակցութիւնները՝ սեղանի վրայ դրուած սկզբունքների հիման վրայ: Հակառակ ատրպեճանական կողմի տատանումներին եւ ձեռք բերուած պայմանաւորուածութիւններից ետ կանգնելու նախանշաններին՝ մենք համոզուած ենք, որ քաղաքական կամքի դրսեւորման դէպքում կարող ենք արձանագրել լուրջ առաջընթաց:
Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղում կայացած նախագահական ընտրութիւններին, ապա վստահօրէն կարող ենք ասել, որ այս ընտրութիւնները դարձան Արցախի բնակչութեան ժողովրդավարութեան եւ օրէնքի գերակայութեան ապահովման գրաւականներից մէկը, ինչն իր հերթին միայն դրական ազդեցութիւն կարող է ունենալ հետագայ բանակցային գործընթացի վրայ: Այս ընտրութիւնների անտեսումը ոչ պարկեշտ է եւ ուղղակիօրէն հակասում է ժամանակակից քաղաքական արժէքներին, այն դէպքում, երբ Արցախում ընտրովի իշխանութիւնների առկայութիւնը նախատեսուած է մի շարք միջազգային փաստաթղթերով:
Հ.- Քոսովոյի անկախութեան ճանաչումը հնարաւո՞ր է արդեօք ազդեցութիւն ունենայ ղարաբաղեան հիմնախնդրի կարգաւորման հետագայ ընթացքի վրայ:
Պ.- Մենք գտնում ենք, որ իւրաքանչիւր հակամարտութիւն բնոյթով առանձնայատուկ է, այդ առումով բացառութիւն չէ նաեւ ԼՂ հակամարտութիւնը: Մեր կարծիքով իւրաքանչիւր հակամարտութիւն պէտք է դիտարկել՝ հաշուի առնելով հիմնախնդրի առանձնայատկութիւնները: Ղարաբաղն ունի իր առանձնայատկութիւնները, իսկ Քոսովոն՝ իր իւրօրինակ կողմերը: Այսօր Ղարաբաղը յստակօրէն շարժւում է ինքնորոշման ուղով՝ անկախ այն բանից, թէ ինչպիսին կը լինի միւս հակամարտութիւնների վերջնական լուծումը: Չմոռանանք, որ ի տարբերութիւն Քոսովոյի հակամարտութեան, որի ժամանակ միջազգային ուժերն ու ՆԱԹՕն վերջ դրեցին Սերպիայում պատերազմին, եւ երբ այնտեղ ՄԱԿն ու Եւրոմիութիւնը եօթ տարուայ ընթացքում հիմնում էին պետական կառոյցներ, Լեռնային Ղարաբաղը արդէն մօտ քսան տարի է, ինչ փորձում է ինքնուրոյն յաղթահարել իրեն պարտադրուած նախայարձակումը եւ յաջողութեամբ առաջ շարժուել պետականութեան կառուցման ճանապարհով:
Անկախ Քոսովոյի ճակատագրից՝ Լեռնային Ղարաբաղն ընթանալու է ձեռք բերած ինքնորոշման միջազգային ճանաչման ուղղութեամբ:
Հ.- Այսօր հայկական խաղաղապահներն Իրաքում իրականացնում են մարդասիրական առաքելութիւն: Հաշուի առնելով այդ երկրում վերջին շրջանում իրավիճակի բարդացումը՝ հնարաւո՞ր է, արդեօք, որ Երեւանը որոշում ընդունի նրանց հետ կանչելու:
Պ.- Իրաքում Հայաստանը բացառապէս իրականացնում է մարդասիրական առաքելութիւն՝ ժողովրդավարական ճանապարհով ընտրուած իրաքեան կառավարութեան խնդրանքով: Ի հարկէ, մեզ անհանգստացում է Իրաքում իրադրութեան սրումը, բայցեւայնպէս, կարծում ենք, որ պէտք է շարունակել օգնութիւն տրամադրել Իրաքի ժողովրդին:
Հ.- Ինչպէ՞ս է Հայաստանը վերաբերւում Միացեալ Նահանգների եւ (հնարաւոր է նաեւ) այլ պետութիւնների հետ Կապալայի ռատարի կայանի համատեղ օգտագործման ռուսաստանեան առաջարկին:
Պ.- Մեր կարծիքով, Կապալայի կայանի օգտագործման հարցը մեծ քաղաքականութեան մաս է կազմում: Այնքան ժամանակ, որքան խօսքը միայն կայանի շահագործման մասին է, այլ ոչ թէ հրթիռների տեղակայման, այն չի կարող որեւէ լուրջ ազդեցութիւն ունենալ տարածաշրջանում ուժերի հաւասարակշռութեան վրայ: Կարծում եմ այստեղ մտահոգուելու պատճառ առաւել շատ ունի Ատրպէյճանը, որն իր կամքից անկախ կարող է մեծ քաղաքականութեան զոհ դառնալ:
Հ.- Վերջին շրջանում տնտեսական ոլորտում նկատւում է ռուս-հայկական յարաբերութիւնների ակնյայտ աշխուժացում, եւ որոշ մասնագէտների անհանգստացնում է այն փաստը, որ ռուսական գործարարութեան է անցնում Հայաստանի ինչքերի զգալի մասը: Արդեօք դուք կիսու՞մ էք այդ անհանգստութիւնը:
Պ.- Հայաստանի համար Ռուսաստանի հետ առեւտրատնտեսական համագործակցութիւնը արտաքին տնտեսական քաղաքականութեան առաջնային ուղղութիւններից մէկն է: Չմոռանանք, որ ռուսական շուկան աւանդաբար եղել է առաւել մատչելի մեզ համար: Բացի արդէն իսկ հաստատուած երկկողմ յարաբերութիւններից այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ուժանիւթը, փոխադրութիւնը, մետաղագործութիւնը, քիմիան, առեւտուրը, առաջ են եկել յարաբերութիւնների զարգացման նոր ուղղութիւններ՝ դրամատնային համակարգը, տեղեկատուական արհեստագիտութիւնները, զբօսաշրջութիւնը, փոքր եւ միջին գործարարութիւնը:
Հայաստանում այսօր գրանցուած է ռուսական դրամագլուխի մասնակցութեամբ մօտ 700 կազմակերպութիւն: Ռուսական դրամագլուխի աճը եւս մէկ անգամ վկայում է, որ հայկական շուկան առաւել գրաւիչ է դառնում ոչ միայն ռուսական դրամագլուխի համար, այլեւ՝ այլ երկրների, նոյնիսկ՝ հեռաւոր ներդրնողների: Հայաստանը բաց է բոլոր երկրների հետ համագործակցութեան համար: