Միշտ է շեշտւում, որ սննդի մէջ մեծ քանակի բանջարեղէն եւ միրգ ներառելը շատ օգտակար է: Մեր ներկայացրած ցանկում առողջարար յատկութիւններով յայտնի բնութեան համալրումներն են` մեր առողջ ապրելակերպին:
Գազարը (ստեպղին) եւ ճակնդեղը պարունակում են բետա-կարոտին, որն ապահովում է մաշկի վերարտադրութիւնը, ինչպէս նաեւ լաւացնում տեսողութիւնը: Դրանից բացի, բետա-կարոտինն ի զօրու է դանդաղեցնել ծերացման գործընթացը:
Ցիտրուսներում (կիտրոն), կիւիում եւ անանասում (արքայախնձոր) պարունակուող ամենակարեւոր վիտամին (կենսանիւթ) B-ն է: Այն բարելաւում է նիւթափոխանակութիւնը, հանում լարուածութիւնը, առաւել դիւրին դարձնում երկաթ պարունակող մթերքների իւրացումը: Այս մթերքները նաեւ ամրացնում են դիմադրողական համակարգը: Անանասը արդիւնաւէտ է աւելորդ կիլոգրամների դէմ պայքարի գործում:
Բալը ոչ միայն համեղ է, այլեւ օգտակար: Այն պարունակում է կարոտին, որը թունազրկում է մարմինը, բարձրացնում նրա դիմադրողականութիւնը: Դրանից բացի, բալում առկայ է վիտամին C: Բալը նաեւ օգնում է թոքերի, երիկամների հիւանդութիւնների եւ սակաւարիւնութեան դէպքերում: Այն օժանդակում է ախորժակի եւ մարսողութեան բարելաւմանը, յագեցնում է ծարաւը եւ ունի հակաբորբոքային ներգործութիւն:
Մոշը պարունակում է B խմբի վիտամիններ եւ ամինաթթուներ, ինչպէս նաեւ գլիւկոզա եւ տոկոֆերոլներ: Մոշը կարգաւորում է նիւթափոխանակութիւնը, հորմոնային եւ աղաջրային փոխանակութիւնը, նպաստում է էներգիայի (ուժ) աւելացմանը, մաշկի վիճակի բարելաւմանը:
Դդումը պարունակում է կալիումի, կալցիումի (կրածին), մագնիզիումի, երկաթի, շաքարի աղեր, C, B, B2, PP վիտամիններ, սպիտակուցներ, բջջանիւթ, ինչպէս նաեւ բետա-կարոտին, որն օժանդակում է մաշկի վերարտադրութեանը: Դդումը հարուստ է E վիտամինով, որը կարոտինի հետ միասին նուազեցնում է օնկոլոգիական հիւանդութիւնների վտանգը:
Ծաղկակաղամբ եւ կաղամբի այլ տեսակները չափազանց հարուստ են օգտակար նիւթերով: Դրանք բջիջներում պահում են ջրի անհրաժեշտ քանակ, օգնում են սրտի աշխատանքին, բարելաւում մարսողութիւնը, դանդաղեցնում ծերացման գործընթացը, հիանալի կանխարգելիչ միջոց են հանդիսանում սրտանօթային հիւանդութիւնների, ճարպակալման, շաքարախտի դէմ: Կաղամբատեսակները հարթեցնում են կնճիռները, խոնաւացնում է մաշկը եւ սնում այն թթուածնով, վերացնում է այտուցները եւ գրգռուածութիւնը, օժանդակում վէրքերի եւ այրուածքների ապաքինմանը:
Ընկոյզը շատ օգտակար է սրտանօթային հիւանդութիւնների, շաքարախտի, տեսողութեան հետ կապուած խնդիրների կանխարգելման, դաշտանի ցիկլի (շրջան) կարգաւորման համար: Եթէ յաճախ էք զգում ուժերի անկում` ընկոյզը լաւագոյն դեղամիջոցն է:
Եւ չմոռանանք, որ միրգն ու բանջարեղէնը պէտք է ուտել հնարաւորինս հում վիճակում, քանի որ միայն այդ դէպքում է նրանցում պահպանւում օգտակար նիւթերի առաւելագոյն քանակը: