«Շամլեան» ազգային վարժարանի տօնացոյցի մէջ իր կարեւոր տեղն ունի Հայ մշակոյթի մեծարման տօնը, որի առիթով ամէն տարի, աւանդաբար կազմակերպւում է համադպրոցական յատուկ միջոցառում՝ հայ ուսուցիչների, աշակերտների եւ ծնողա-օժանդակ մարմնի համատեղ ջանքերով։ Նախորդ տարիներում Մշակոյթի տօնը նշւում էր երեկոյեան ձեռնարկներով, դպրոցական ժամերից յետոյ։ Այս տարի, դպրոցի տնօրէնութեան, ուսուցիչների եւ ծնողա-օժանդակ մարմնի որոշմամբ, Մշակոյթի տօնը տեղի ունեցաւ Կիրակի, Նոյեմբերի 5ի առաւօտեան ժամը 10ից եւ տեւեց մինչեւ երեկոյեան ուշ ժամերը, վերածուելով համադպրոցական աննախընթաց փառատօնի։
Արդարեւ, դպրոցի բարենորոգուած ու ընդարձակ բակում տեղադրուել էին բացօթեայ զանազան տաղաւարներ, ուր ներկայացւում էին հայ մշակոյթին առնչուող ձեռակերտ իրեր, յուշանուէրներ, նկարչութիւններ, գրքեր, զարդեր ու զանազան զարդարանքներ։ Բակի միւս կողմում այցելուներին ու ներկաներին հրամցւում էին հայկական համադամ ճաշեր ու անուշեղէններ։ Իսկ բակի կենտրոնական մասում նուագախումբը կատարում էր հայկական ժողովրդական երգեր, տօնական բարձր տրամադրութիւն ստեղծելով ներկաների մօտ։
Հանդիսութեան առանցքը անցեալ տարիների նման հանդիսացան աշակերտական ձեռնարկները, որոնք տեղի ունեցան երեք առանձնակի մասերով՝ դպրոցի հանդիսասրահում։ Նախ, առաւօտեան ժամը 11:30ին, տեղի ունեցաւ Ա.-Բ. դասարանների աշակերտական հադիսութիւնը, որի ընթացքում դպրոցի փոքրիկները ցուցադրեցին հայկական տարազներ, կատարեցին արտասանութիւններ, հայկական երգեր ու պարեր՝ իրենց մանկահաճ շարժումներով։ Այնուհետեւ ելոյթ ունեցան Գ.-Դ. դասարանների, իսկ ճաշից յետոյ ժամը 3:30ին՝ Ե.-Ը. դասարանների աշակերտները՝ արտասանական, երաժշտական ու թատերական ելոյթներով, որոնք գնահատուեցին ծնողների եւ ու ներկաների բուռն ծափահարութիւններով։
Աշակերտական բոլոր հանդիսութիւններին իր ուշագրաւ մասնակցութիւնը բերեց «Շամլեան» ազգային վարժարանի երգչախումբը, հնչեցնելով ազգային ու հայրենասիրական երգեր։ Իսկ Ը. աշակերտները, դպրոցիս համակարգչային բաժնի պատասխանատուի գլխաւորութեամբ, կազմակերպել էին յիշատակելի նկարների ու օրացոյցների պատրաստման համակարգչային յատուկ աշխատանք, որից գոյացած շահոյթը յատկացուեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի հեռուստամարաթոնին։
Յատկանշելի է, որ սոյն փառատօնի յաջողեցման համար դեռ շաբաթներ առաջ կազմակերպչական աշխատանքներ էին ձեռնարկուել դպրոցի հայերէնի բաժնի ուսուցիչերի, ծնողա-օժանդակ մարմնի եւ համակարգչային բաժանմունքի կողմից, որոնց իրենց անմիջական օժանդակութիւնն ու մասնակցութիւնը բերեց դպրոցի աշակերտութիւնը։
Հանդիսականներից շատերի համաձայն, հայ մշակոյթի մեծարման այս տարուայ միջոցառումը համադպրոցական բացառիկ տօնախմբութիւն էր, որն իր ներկայացուած ձեւով ու բովանդակութեամբ կարեւոր ազդեցութիւն ունեցաւ աշակերտների հայեցի դաստիարակման խնդրում։
(Թղթակցութիւնը վարժարանէն)