
ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Լոս Անջելեսում գործող «Մոդեսթ Ֆլայ Արթ» (Modest Fly Art) արուեստի կենտրոնի ջանքերով Վանաձորի Խ. Աբովեանի անուան թիւ 9 հիմնական դպրոցը նոր ուսումնական տարում ունեցաւ արուեստի դասասենեակ: Այս նախաձեռնութեան շնորհիւ, վանաձորցի աշակերտները նոր հնարաւորութիւններ են ստանում բացայայտելու իրենց տաղանդն ու արտայայտելու նախասիրութիւնները:
Սա «Մոդեսթ Ֆլայ Արթ»ի կողմից Հայաստանի սահմանամերձ շրջաններում հիմնադրուած արուեստի երրորդ դասասենեակն է` 2019 թուականից նման լսարաններ են բացուել Արարատի մարզի Զօրակ գիւղում եւ Արմաւիրում: «Այս անգամ ընտրեցի Վանաձորը, որտեղ ապրել ու սովորել են ծնողներս, տատիկս էլ մանկավարժ է եղել այնտեղ: Ամրանն ընտանիքիս հետ միասին այցելեցի դպրոց, օգնեցինք կահաւորել դասասենեակը մեր կողմից տրամադրուած նկարչական անհրաժեշտ պիտոյքներով: Այսպիսով իմ ներդրումն ունեցայ նաեւ իմ նախնիների ծննդավայրում», նշում է «Մոդեսթ Ֆլայ Արթ» արուեստի կենտրոնի տնօրէն, նկարչուհի Իռեն Ծատուրեանը:
Հայաստանի գիւղերում, երեխաների շրջանում մշակոյթի տարածմանն ու զարգացմանն ուղղուած` այս ծրագիրը Ծատուրեանն իրականացնում է նախաձեռնութեան հեղինակ` հայաստանեան «Հայ Ձմեռ Պապ» կազմակերպութեան հետ համագործակցութեամբ: «Մոդեսթ Ֆլայ Արթ»ը տարուայ ընթացքում, դասասենեակների գործունէութեան համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ եւ պիտոյքներ է նաեւ տրամադրում: «Շատ կարեւոր եմ համարում դպրոցներում արուեստի խորացուած ուսուցումը, որ մեծ դեր ունի երեխայի արժեհամակարգի կերտման, ձեւաւորման հարցում», նշում է Ծատուրեանը:


Այս մտայնութեամբ էր, որ 2009 թուականին Իռեն Ծատուրեանը հիմնեց իր արուեստի կենտրոնը, որ սկզբում գործեց որպէս ցուցասրահ, այնուհետեւ` վերածուեց մանուկների ու պատանիների համար Թահանգայի շրջանում նկարչական ու գեղարուեստի բացառիկ կենտրոնի` ներգրաւուելով հարիւրաւոր հայ մանուկների ու պատանիների:
Սեպտեմբերի 21ին, Հայաստանի անկախութեան օրը, «Մոդեսթ Ֆլայ Արթ»ը կը նշի նաեւ գործունէութեան 14 ամեակը: Ամէնամեայ գալան կը համախմբի կենտրոնի սաներին ու համայնքին` երեխաների կողմից ստեղծուած արուեստի շուրջ: La Canada Thursday Club-ում նախատեսուած տօնական միջոցառման ժամանակ կը ներկայացուեն կենտրոնի սաների աշխատանքները, որոնք նաեւ կը վաճառուեն: «Իրենց նկարի վաճառքից ստացած գումարով կենտրոնի սաները կը վճարեն ուսման վարձը: Սա առիթ է, որ նրանք ոգեւորուեն` իրենց աշխատանքները գնահատուած տեսնելով», նշում է Իռեն Ծատուրեանը, եւ յաւելում, որ հասոյթից նաեւ ներդրում կը լինի Հայաստանում իրականացուող բարեգործական ծրագրերում:
Կենտրոնի մասին մանրամասներու համար սեղմել այստեղ: