ՄԱՀԻՐ ՕԶՔԱՆ
Մինչ տարածաշրջանում Օսմանեան կայսրութեան տիրապետութիւնը համշէնցիները քրիստոնէական հանրոյթ էին: Դա են հաստատում թիւրքական պատմագրութեան առաջատար դէմքերից Ֆահրեթթին Քըրզըօղլուն եւ օսմանեան փաստաթղթերը: Աւելի վաղ մէկ այլ յօդուածումս էլ մէջբերուած օսմանեան արխիւի մի փաստաթղթում (DH.ID 116 65) համշէնցիները սահմանւում են որպէս «հեմշին կոչուող հայերից կրօնափոխ մուսուլմաններ» (Քըրզըօղլուն, անշուշտ, որեւէ վտանգաւոր բան չի տեսում թէ՛ հայերի, թէ՛ «հեմշին»ների պատմութիւնը յետ տանելով նախաքրիստոնէութեան շրջան եւ կապելով թիւրքականութեան հետ եւ ասելով, որ համշէնցիները «ժամանակի ճշմարիտ կրօնը` քրիստոնէութիւնն են ընդունել»: Այնուհանդերձ, վերջերս ի յայտ են եկել ծայրայեղ ուրացողներ, ովքեր պնդում են, որ համշէնցիները պատմութեան ոչ մի ժամանակաշրջանում քրիստոնեայ չեն եղել: Այս պատճառով ստիպուած ենք երկար կանգնել այս պարզ փաստի վրայ):
Անշուշտ, փաստաթղթերը միակը չեն, որոնցից կարող ենք յանգել համշէնցիների քրիստոնէական անցեալին: Ոլորտում բանաւոր պատմութեան ուսումնասիրութիւններով զբաղուած հետազօտողները այս անցեալի վերաբերեալ հասու են բազմաթիւ տեղեկութիւնների եւ պատմութիւնների: Դրանց մի օրինակն էլ լուսահոգի մօրս` Արդելեցի Սուտիի տեսանիւթն է: Այս խօսքը նա սովորել էր գիւղում ոչ պաշտօնապէս աշխատող ուսուցչից (https://youtu.be/w-PFDHZdC1A): “Dinum, din Islama girdum, dinini kabul ettum, batilleri terk eyledum” («կրօնիս` իսլամ կրօնին եմ մտնում, կրօնն ընդունում եմ, անհաւատութիւնը թողնում եմ») խօսքերով սկսուող ձայնագրութիւնը շատ ուսուցիչների ցոյց տուեցի, եւ նրանք բոլորն ասացին, որ սկզբնական մասը, որը մէջբերել եմ այստեղ, սովորաբար չի ուսուցանւում: Այս հատուածում բացայայտօրէն կրօնը փոխելու, հին կրօնը թողնելու եւ իսլամի կրօնն ընդունելու հաստատում կայ:
Ի՞ՆՉ ՊԱՏԱՀԵՑ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՄՇԷՆՑԻՆԵՐԻՆ
Լա՛ւ, ուրեմն բոլոր համշէնցիները դարձան մուսուլմա՞ն: Ի հարկէ՝ ոչ: Համշէնցիների մի մասը Համշէնում իսլամացման գործընթացի մեկնարկից յետոյ գաղթեց դէպի արեւմուտք: Հաստատուեցին Տրապիզոնի, Սամսունի (Ջանիկ), Օրդուի նման գաւառներում: Դրա ամենակարեւոր պատճառը անշուշտ պէտք է լինէր այն, որ այս քաղաքների բնակչութեան մեծամասնութիւնը քրիստոնեայ էր, եւ նրանք իրենց աւելի ապահով էին զգում: Արեւմուտք գաղթած քրիստոնեայ համշէնցիներից ոմանք 19րդ դարում սկսեցին պանդխտութեան մեկնել արտասահման` Ռուսաստան եւ Աբխազիա, աշխատանքի համար: Որոշ ժամանակ անց աշխատանքի համար գնացած մարդիկ իրենց ընտանիքներն էլ են տարել ու հաստատուել են այդ շրջաններում:
Այսօր Ռուսաստանի Սոչի, Կրասնոդար, Մայկոպ, Ռոստով, Վորոնեժ քաղաքներում քրիստոնեայ համշէնցիներ են ապրում: Աբխազիայի բնակչութեան մէջ զգալի թիւ են կազմում քրիստոնեայ համշէնցիները: Երկրի բնակչութեան մօտ մէկ հինգերորդը համշէնցիներ են: Բնականաբար համշէնցի լինելը նրանց համար մի փոքր այլ նշանակութիւն ունի, քան մեզ համար: Հայկական եկեղեցուն կապուած լինելու պատճառով քրիստոնեայ համշէնցիները մեծամասամբ իրենց բնութագրում են որպէս համշէնցի հայեր: Ոմանք իրենց անուանում են ջանիկցի, տրապիզոնցի եւ այլն` իրենց նոյնացնելով Թուրքիայի այն քաղաքների հետ, որտեղից գնացել են: Իրականում, սա կարեւոր գաղափար է տալիս մեր համաշէնական ինքնութեան վերաբերեալ: Համշէնականութեան, որպէս ցեղային ինքնութեան ձեւաւորումը պէտք է լինի մահմեդականացումից յետոյ: Մահմեդական եւ հայկական ինքնութիւնների համադրումը երկու ինքնութիւնների տեսանկիւնից էլ շատ դժուար է: Հետեւաբար մահմեդական դարձած հայերին հայութիւնից ուրիշ պատկանելութիւն էր անհրաժեշտ: Այս անհրաժեշտութիւնը բաւարարեց համշէնականութիւնը: Այսօր Չայէլիի Ռաշոտ շրջանի այն քչերը, ովքեր խօսում են համշէներէնով, իրենց լեզուն արմէներէն են անուանում, ոչ թէ համշէներէն, ինչպէս մենք (համշէնահայերէնը հայոց լեզուի բարբառներից մէկն է, հետեւաբար հայերէն է, ինչը մի շարք առարկայական պատճառներից ելնելով, որոնցից է, օրինակ՝ Թուրքիայում առկայ մենատիրական վերաբերմունքը ամենայն հայկականի վերաբերեալ, չի ընդունւում համշէնահայ որոշ ուսումնասիրողների եւ մտաւորականների կողմից): Սա եւս այս թէզն ամրապնդող փաստ է:
ԹՈՒՐՔԻԱՅՈՒՄ ՔՐԻՍՏՈՆԵԱՅ ՀԱՄՇԷՆՑԻ ԿԱ՞Յ
Բոլո՞ր քրիստոնեայ համշէնահայերն են գաղթել Ռուսաստան եւ Աբխազիա: Անշուշտ ո՛չ: Մնացողներն ապրեցին այն, ինչ տեղի ունեցաւ հայերի հետ այն վայրերում, որտեղ նրանք ապրում էին 1915ին: Աքսոր, տեղահանութիւն, մահ: Կա՞ն արդեօք քրիստոնեայ համշէնցիներ, ովքեր վերապրել են այս բոլոր մութ օրերը եւ այսօր էլ ապրում են Թուրքիայում: Այդ հարցին մինչեւ այսօր պատասխանում էի` «այդպիսի համշէնահայ հանրոյթ չկայ»: Սակայն, իմ ստացած որոշ տեղեկութիւնների համաձայն, Ջանիկի, Տրապիզոնի, Սինոպի եւ Օրդուի հայերի մէջ գոյատեւած, եւ այժմ Ստամբուլի հայ համայնքին համարկուած քրիստոնեայ համշէնահայեր դեռեւս ապրում են մեր երկրում: Իր ազգականին որոնող մի պոլսահայ իր փնտռտուքների արդիւնքում իմացել է, որ իր եւ իր ազգականների մօտ ազգականները համշէնահայեր են: Այս տեղեկութիւնը համատեղելի էին նաեւ այն գաղթի պատմութիւնների հետ, որոնք ընտանիքի տարեց անդամները լսել էին իրենց մեծերից: Յուսով եմ, որ մօտ ապագայում այս թեմայով նոր տեղեկութիւններ կը ստանամ:
ՄԵՐ ԿՐՕՆԸ ՓՈԽՈՒԵԼ Է, ԲԱՅՑ ԼԵԶՈՒՆ ՈՒ ԱՒԱՆԴՈՅԹԸ ՄԷԿ Է
Ցաւօք, Աբխազիայում եւ Ռուսաստանում ապրող համշէնցիներին Թուրքիայում այնքան էլ չեն ճանաչում: Բացի «Վովա»ի մոսկովեան համերգից եւ մէկ-երկու ճամբորդութիւնից, տարածաշրջանի մարդկանց հետ առանձնապէս շփումներ չեն եղել: Բանն այն է, որ այս մարդկանց ապրելակերպը, լեզուն, մշակոյթը նոյնն է, ինչ մերը: 2013ին Վահան Մենակեցու կողմից ռուսերէն հրատարակուած «Դուշա Հեմշին» («Համշէնի Ոգին») գիրքը գանձարան է նրանց ճանաչելու համար: Գրքում համշէնցիների օգտագործած շէնքերի, ինչպիսիք են՝ տները, մարագը, ճարտարապետական որակները, Համշէնի տներում փայտից, պղնձից եւ այլ նիւթերից պատրաստուած ամանները լրիւ ներառուած են գծանկարներում: Համշէնի ուտեստները տրւում են իրենց բաղադրատոմսերով: Ինչպէս մեզ մօտ` ջեմուր, ծիլիխտա, գապլամա, խաւինծ, տուշի, աբուր եւ այլն ուտեստների բաղադրատոմսեր կան գրքում: Յետոյ ներկայացւում են ամուսնութեան եւ հարսանեկան աւանդոյթները: Մեզ պէս մակարի սեղաններ ու վիճակի խաղիկներ կան: Ուզում եմ կիսուել մի օրինակով.
«Ես քամանչա չալի գու
Բազի-բազի խառնիմ գու
Կարշիս մընի ասողին
Աման թեմիզ խափիմ գու»:
Այս մանիի (ժողովրդական երգ, խաղիկ) մէջ նրանք մեզնից անգամ շատ թուրքերէն բառեր են օգտագործում: Նրանք հայերէն բառերը գործածում են այնպէս, ինչպէս մենք: Այս մանին տեսնողը, առանց հարցնելու, թէ «ինչու է մանին գրուած մընիի ձեւով», կարող է ասել, որ սա Խոփա Համշէնի մանի է: Այնուհետեւ գրքում ներկայացւում են համշէնցիների կողմից օգտագործուող գործիքները` թուլում (պարկապզուկ), քամանչա, քաւալ (սրինգ), դաւուլ (դհոլ), զուռնայ: Բացի քամանչայից, դրանք բոլորը մեզանում եւս օգտագործուող գործիքներ են: Գրքի յաջորդ մասում ներկայացւում են հանգուցեալ եւ դեռ կենդանի քամանչահարները եւ նրանց ստեղծագործութիւնները: Աբխազիայում բաւականին շատ են երաժիշտներն ու երգիչները: Որոշ երգերի եւ ժողովրդական պարերի նոտաները եւս կան: Համշէնահայերէնն այնտեղ էլ է սկսել գրաւոր թողարկումներ ունենալ: Կարելի է գտնել նաեւ համշէներէն ստեղծագործած բանաստեղծների գործերի օրինակներ: Տեղ են գտել նաեւ համշէնցի նկարիչների աշխատանքները: Գրքի վերջում էլ նկարապատումներով ներկայացւում են դարձեալ մեզ այնքան ծանօթ խաղեր, որոնց մէջ «բիզ» էլ կայ, «մայա» էլ: Իսկապէս հիանալի գիրք է, որը կարող է օգտագործուել որպէս հիմնական յղում նրանց համար, ովքեր ցանկանում են ճանաչել աբխազական համշէնցիների համայնքը: Արի ու տես, որ հեղինակը թոշակառու բանուոր է եւ նրա գիրքը ձեռքի աշխատանք է: Այո, սխալ չլսեցիք, նա ձեռքով է հաւաքել բոլոր օրինակները եւ գիրք դարձրել: Պատճէնահանման թղթերից պատրաստուած գիրք` միացուած կարիչով:
«Համշէնի Ոգին» ինձ ստիպում է զգալ, որ թէեւ կրօնները տարբեր են, Սեւ ծովի երկու կողմի մարդիկ նոյն կերպ են ապրում, եւ գանձի արժէք ունեցող այս գիրքը յուսով եմ կը կարողանանք թուրքերէն թարգմանել ու հրատարակել:
(Թարգմանեց` Տիգրան Չանդոյեան)
«ԱԿՈՒՆՔ»