ՏԱԹԵՒԻԿ ԱՂԱՃԱՆԵԱՆ
«Արցախը ճանաչելն առաջին հերթին արցախցիներին է պէտք: Շատերը կարծում են, թէ Ղարաբաղը Ստեփանակերտն է, եւս հինգ-վեց բնակավայր, մի քանի եկեղեցի ու վերջ», կը յայտնէ լուսանկարիչ Սեւակ Ասրեանը: Արցախի գրաւուած տարածքներում արուած նրա լուսանկարները ցուցադրուելու են 44օրեայ պատերազմի երկրորդ տարելիցին նուիրուած «Յիշողութեան Ուժը» ցուցահանդէսին:
Իր գործունէութեան ընթացքում ցուցահանդէս կազմակերպելու շատ առաջարկներ է ստացել Սեւակը, բայց չի սիրում, որ շեշտը դնում են վաճառքի, Երեւանում կամ այլ վայրերում ցուցահանդէս կազմակերպելու վրայ: «Դա չի նշանակում, թէ դէմ եմ վաճառքին: Բոլորն էլ գիտեն, որ եթէ իմ նկարները վաճառում եմ, ապա թանկ եմ վաճառում: Արցախի անուան տակ նկարներ եմ դնում, ու մի քիչ դաւաճանութիւն կը լինէր, որ առաջին ցուցահանդէսն անէի ուրիշ տեղ: Ու արդէն որոշել էի ցուցահանդէսն ինքս իմ ուժերով անել: Յետոյ Յակոբավանքի վերականգնման նախագծով սկսեցի համագործակցել «Ռէարմենիա» հարթակի հետ, որտեղ էլ առաջարկում են կազմակերպել ցուցահանդէս: Սկսեցի մտածել ձեւաչափի մասին: Կամաց-կամաց հաւաքեցի արուած լուսանկարները, մտածեցի խորագրի մասին, սկզբում «Կորսուած Յոյս» էի ուզում անուանել, բայց ընկերներիցս մէկը համոզեց, որ ուրիշ բան մտածենք: «Յիշողութեան Ուժը» որոշուեցաւ», նշում է նա:
Պէտք է ընտրուէր 44 նկար: Տարիներ շարունակ Արցախի տարբեր վայրերը լուսանկարչական ոսպնեակով անմահացրած Սեւակը մեծ արխիւ ունի, եւ այդ պատճառով շատ դժուար էր ընտրութիւն կատարելը. «Սկզբից մօտ 500 նկար ընտրել, յետոյ՝ 200, այնուհետեւ՝ 120, դրանից յետոյ տուել եմ կազմակերպիչներին՝ ասելով այլեւս չեմ կարողանում, դուք ընտրեցէք»:
Լուսանկարելու սէրը նա հօրից է ժառանգել, սակայն լուսանկարչութիւնը նա ոչ թէ մասնագիտութիւն է համարում, այլ հոգու ցանկութիւն:
«Առաջին ուսուցիչս հայրս էր. նա խորհրդային «Զենիթ» լուսանկարչական գործիք ունէր: Ինքն էլ էր սիրում նկարել, բայց ընտանեկան տարբեր առիթների: Ես էլ սկսեցի հետաքրքրուել, եւ հայրս նրբութիւնները բացատրեց: Հետս տանում էի դպրոց, ընկերներիս, ընտանիքիս նկարում, մէկ-մէկ էլ բնութեան տեսարաններ, կենդանիներ», պատմում է Սեւակը:
Յետոյ սկսուեց Արցախեան շարժումը, պատերազմը: 17 տարեկանում կամաւորագրուեց պաշտպանութեան ուժերի շարքերում, հակաօդային պաշտպանութիւնում էր ծառայում, հետը պատերազմ տարաւ նաեւ լուսանկարչական գործիքը: «Անընդհատ նկարում էի, բայց չէի տպում: Այնպէս ստացուեց, որ այդ ժապաւէններից ոչ մէկը չունեմ, այն ժամանակ մի քիչ միամիտ էի, տալիս էի մարդկանց, որ իրենց նկարները հանեն, ու մնում էր իրենց մօտ: Վերջերս տղաներից մէկն ասաց, որ ժապաւէններից մէկն իր մօտ է», պատմում նա: Հիմա էլ առաջին պատերազմի նկարներ տեսնելիս մէկ-մէկ կասկածում է, որ հնարաւոր է՝ իր արած լուսանկարները լինեն: Դրանից յետոյ երկար տարիներ չի զբաղուել սիրած գործով: Ասում է՝ «ուրիշ խնդիրներ, ուրիշ ծառայութիւն»:
2012ին ծառայութիւնից դուրս գալուց յետոյ Ուքրայինայի Օտեսա քաղաքն է այցելել: «Ամառնային շրջան չէր, ողջ օրը պարապ էի, Օտեսայով էի շրջում ու որոշեցի մի գործիք վերցնել: Սկսեցի նկարել, սովորել, ինչ-որ կայքերում էի դնում նկարածներս, ջղայնանում, որ շատ «լայք»եր (հաւանութիւն) չեն հաւաքում կամ քննադատական խօսքեր էին գրում: Որոշեցի մի քիչ խորանալ: Տարբեր տեսահոլովակներ նայելով՝ կամաց-կամաց սկսել եմ սովորել ու մինչեւ հիմա ամէն օր նոր բան եմ սովորում: Սովորեցի ու չգիտեմ՝ ինչու ստացուեց, սակայն մինչեւ հիմա ինձ լուսանկարիչ չեմ համարում», ասում է նա:
Մարդկանց չի սիրում նկարել, կամ եթէ լուսանկարում է, ապա որպէս բնութեան մասնիկ: Արցախի բոլոր ծայրերում եղել է, բայց մի քանի կէտ առանձնայատուկ էր սիրում. այնտեղ հանգստանում էր, կտրւում առօրեայից: Դրանցից Վանքասարը մնացել է ատրպէյճանական կողմում, միւս նախընտրած վայրերը՝ Յակոբավանքը եւ Մէյտանը, այժմ էլ պարբերաբար այցելում է:
«Իմ նկարներում, ցուցահանդէսում մարդ, արիւն, պատերազմ չէք տեսնելու: Ես ուզում եմ Արցախը գունաւոր ներկայացնել, միւսներն էլ թող այդպէս յիշեն: Մեր կորցրած տարածքները սեւ չպիտի յիշուեն. ատում եմ, երբ Ղարաբաղը սեւ-սպիտակ եմ տեսնում: Ուրախ կը լինեմ, որ անծանօթ մարդը, տեսնելով այս լուսանկարները, ցանկանայ լինել այդ վայրերում: Մարդ կարող է տխրել, յուզուել, հիասթափուել լուսանկարները դիտելով, բայց դրանք լուսաւոր պէտք է լինեն», ասում է Սեւակը:
1996ին հիմնադրեց Արցախում առաջին հասարակական կազմակերպութիւնը՝ Արցախի երիտասարդների միութիւնը: «Այն ժամանակ համագործակցում էի երեւանեան որոշ հիմնարկների, այդ թւում՝ հայ-զուիցերիական «Առագաստ» կոչուող ակումբի հետ: Երեւանում այդ ակումբում միշտ ասում էին «Նակորնի Բրատը եկաւ»: Ու այդպէս մականունս մնաց «Նակորնի Բրատ»: Սկզբում նկարներս, գրածներս չէի դնում, բարդոյթաւորուած էի այդ հարցերում եւ «Սերգէյ Նակորնի» անուն-ազգանունով էի ներկայանում: «Ֆէյսբուք»ում էլ երկար ժամանակ այդ անունով էի: Մի անգամ տեսայ, որ այդ անուն-ազգանունով շատ մարդիկ կան, որից յետոյ «նակորնի»ն փոխեցի «լեռնային»ի, այդպէս էլ մնաց մականունս: Ինձ համար էլ է այդ անունը հաճելի ու կապուած է Լեռնային Ղարաբաղի հետ», պատմում է Սեւակը:
Սեւակը ցուցադրում է Վանքասարի լուսանկարները, որոնք արել է տարբեր եղանակային պայմաններում, յետոյ յատուկ կերպով Կանաչ ժամը. «Կեանքում չէի մտածի, որ Կանաչ ժամի այս լուսանկարը այսքան թանկ կը լինի՝ ոչ նիւթական առումով: Կաւաքավանքի այս նկարն էլ ոչ ոք չի նկարելու, որովհետեւ վերջին պատերազմի ժամանակ կիսաւեր շէնքը լրիւութեամբ քանդուել է: Լուսանկարն արուել է Օգոստոսի վերջին», ասում է նա:
«Մէյտանի ճանապարհը բարեկարգել են, բայց ես ուրախ չեմ դրա համար, որովհետեւ այցելուներն այդ տեղը աղբանոցի են վերածել, նոյնը՝ Այգեստանի ջրվէժի դէպքում: Շատ սիրուն վայրերի տեղ գիտեմ, որոնց մասին չեմ պատմում, որովհետեւ գիտեմ՝ մարդիկ անտառը կտրելու են, ճանապարհ բացեն, վերջում տեսնենք շշեր, «պլաստիկ»է տոպրակներ: Մինչեւ դա չփոխենք մեր մէջ, մինչեւ չհասկանանք, որ ճանապարհին չպիտի աղբ շպրտես, ոչինչ չի փոխուի», կարծում է Սեւակը:
«Բնութիւնն ամէն վայրկեան փոխւում է: Շատ դէպքեր են եղել, որ պատրաստւում էինք մի քանի օրով գնալ որեւէ տեղ, հասնում էինք գագաթին, մառախուղ էր պատում, կամ անձրեւ էր սկսւում: Օրինակ՝ մեծ դժուարութեամբ բարձրացել եմ Կատարօ, գիշերը անքուն մնացել, անընդհատ արթնանում էի ու ստուգում՝ արդեօ՞ք երկինքը բացուել է: Արդիւնքում ընդամէնը մի նկար եմ արել: Այդ պատճառով իւրաքանչիւր նկար ինձ համար թանկարժէք է», ասում է նա:
Նրա խօսքով՝ վատ բնաւորութիւն ունենք, մեզ թւում է, թէ միայն մենք ունենք այսպիսի բնութիւն, «Փոքրիկ Զուիցերիա» ենք անուանում Արցախը: Շահէն Մկրտչեանի «Լեռնային Ղարաբաղի Պատմաճարտարապետական Յուշարձանները» գրքում 1000ից աւելի կոթողներ կան նշուած, շատերը 4-5ը գիտեն կամ ամէն մէկը իր գիւղի եկեղեցւոյ մասին: Այս փաստից վատ եմ զգում: Մենք այնքան ենք մեզ թերագնահատում, որ հազարաւոր տարուայ եկեղեցիները թողած այստեղ-այնտեղ խաչ ենք տնկում: 4րդ դարի եկեղեցիների կողքին երկաթի կտոր ենք դնում ու ասում՝ մենք քրիստոնեայ ենք:
Ի տարբերութիւն առաջին պատերազմի՝ 44օրեայի ժամանակ քիչ է նկարել: Հիմնականում իր մեքենայով լրագրողների էր տեղափոխում կամ ինչ-որ ապրանքներ տեղ հասցնում: «Մարտունի քաղաքում Հոկտեմբեր 1ի դէպքերի ժամանակ եմ նկարներ արել, երբ լրագրողների խմբի վրայ հարուածեցին: Ռմբակոծուած քաղաքն էլ եմ նկարել, բայց դրանք ոչ մէկին ցոյց չեմ տալիս, որովհետեւ ինձ համար ծանր յիշողութիւն է: Աւելի շատ աշխատել եմ որոշ լուսանկարիչների հետ, հետեւել նրանց աշխատանքներին», պատմում է Սեւակը:
Բնաւորութեամբ անհանգիստ, անընդհատ պրպտող Սեւակը ծանօթների բնութագրմամբ՝ անյոյս լաւատես է. «Մարդիկ հիմա խօսում են ամէն ինչ կորցնելու մասին: Ասում եմ՝ մենք 70 տարի Ատրպէյճանի կազմում ամէն ինչ կորցրած էինք: Եկեղեցիներն աւերում էին, օգտագործում որպէս ոչխար պահելու տեղ կամ քարերը քանդում ճանապարհ էին սարքում: 70 տարի յետոյ որոշել ենք միանալ Հայաստանին, փորձել ենք անկախանալ ու 30 տարի օգտուել ենք մէկը՝ ֆինանսական, միւսը՝ հոգեկան առումով: Անկախ հանրապետութիւնում ծնուած եւ մեծացածների համար երեւի աւելի դժուար է, քան թէ ինձ համար, որովհետեւ ես խորհրդային ժամանակներում էլ եմ ապրել: Այն ժամանակ երիտասարդ էինք ու կեանք, առողջութիւն ենք տուել, որ այս պահին հասնենք: Եւ միանգամից այսպիսի վիճակ: Ի հարկէ, աւելի հեշտ է նստել եւ սուգ անել», եզրակացնում է նա:
Պատերազմից յետոյ Սեւակ Ասրեանին ոգեշնչում են մարդիկ: «Արցախի ամենամեծ հարստութիւնը ժողովուրդն է: Ինձ հարազատ մարդկանց մեծամասնութիւնն այստեղ է ապրում: Հինգ տարեկան երեխային դրսում տեսնելով՝ մտածում եմ, որ հէնց նրա համար պիտի այստեղ մնամ: Այնքան ընկերներ ունեմ, որ վերջին երկու տարուայ ընթացքում երեխաներ են ունեցել: Հայրենիքը հնարաւոր չէ հեռուից սիրել: Հայերս էլ սիրում ենք հասնել Կրասնոդար, Երեւան ու գրել՝ «Վայ Արցա՜խս, հայրենի՜քս»: Մարդիկ հիմա շատ են քննարկում Ռուբէն Վարդանեանին: Ինձ համար էական չէ՝ ինքն ով է, ինչի համար է այստեղ եկել, բայց փաստն այն է, որ քաղաքով քայլելիս ես նրան կարող եմ հանդիպել, իսկ հայրենասիրութիւն քարոզող շատերին՝ ոչ: Շատ բան կայ ինձ այստեղ պահող: Բայց, ցաւօք, չեմ կարող ասել, թէ այստեղ աւելի լաւ է, քան այլ տեղ: Պատրաստ եմ ամէն տեղ գնալու, բայց մի տասը օր մնալ, յետոյ վերադառնալ: Այստեղ իմ ընկերութիւնն է, իմ շրջապատը: Ես բոլորի հետ էլ հեշտ եմ լեզու գտնում, սա է իմը», ասում է նա:
Ըստ նրա՝ պատերազմը հիմա էլ շարունակւում է, ուղղակի այլ մակարդակում: «Ընկերոջս զոհուելուց յետոյ՝ Նոյեմբերի 10ին, գրել եմ, որ պատերազմը դեռ շարունակւում է: Այս չէզոք կարգավիճակը ոչ մէկին դուր չի գալիս, կամ այսպէս կը կտրուի, կամ այնպէս: Ես յոյս ունեմ, որ մեր օգտին է լինելու, որովհետեւ դա պատմականօրէն արդար է: Չգիտեմ ինչու այդպէս եմ մտածում: Թուրքերն էլ են շատ լաւ հասկանում, որ պատերազմը չի աւարտուել: Շուշիում մինչեւ հիմա մարդ չի ապրում: Որոշ ժամանակ առաջ մի նկար էր տարածուել, որտեղ հայ զինուորը հայկական դրօշի տակ վերեւից Շուշիին է նայում: Ատրպէյճանցիները խենթացել էին, ասում էին բա ասում էք Շուշին անվտանգ է: Այդ նկարը հայաստանեան լրատուամիջոցներում այնքան չի տարածուել, ինչքան ատրպէյճանականում: Ես յոյս ունեմ, որ սա վերջը չէ: Չգիտեմ ինչու յուսով եմ, որ լաւ է լինելու», ասում է Սեւակը ու թերթում Արցախի աստղաշատ երկնքի պատկերներով լուսանկարչական ալպոմը:
«ԱՊԱՌԱԺ»