Վերջին տարիներին Հայաստանում մտահոգիչ է դարձել թմրամիջոցների օգտագործման աճի միտումը՝ յատկապէս երիտասարդութեան շրջանում: Ինչպէ՞ս կարելի է պայքարել այս երեւոյթի դէմ: Նախորդ համարում մենք անդրադարձել ենք լուծման մի քանի տարբերակների՝ երիտասարդութեան շրջանում առողջ ապրելակերպի քարոզում եւ ուսուցում, թմրամիջոցների օգտագործման կանխարգելման կամ կրճատման ծրագրերի քարոզարշաւի իրագործում՝ երիտասարդների գործօն մասնակցութեամբ, դեռահասների եւ երիտասարդների զբաղուածութեան ապահովում եւ այլն: Սակայն, ամէնից առաջ, հարկաւոր է, որ այս խնդրի վերաբերեալ պետութիւնը մշակի հայեցակարգ:
«Խնդիրը շատ աւելի լուրջ ու համընդհանուր է, քան կարելի է պատկերացնել. այն առողջապահական ոլորտից դուրս է, միջգերատեսչական հարթութիւնում է, քանի որ կապուած է պետական անվտանգութեան հետ: Այդ պատճառով պետութիւնը պէտք է առաջին հերթին յստակ մօտեցում ունենա խնդրին՝ հայեցակարգ: Եւ դրանից յետոյ նոր կարող ենք հասկանալ՝ ինչ պէտք է անել», կարծում է ՀՀ գլխաւոր նարքոլոկ, առողջապահութեան նախարարութեան հոգեբուժական բժշկական կենտրոնի նարքոլոկիական կլինիկայի ղեկավար Պետրոս Սեմէրջեանը:
Այսօր Հայաստանը, ցաւօք, չունի թմրամոլութեան խնդրի վերաբերեալ որեւէ հայեցակարգ: Գործում է միայն «Թմրամիջոցների եւ հոգեմէտ նիւթերի մասին» ՀՀ օրէնքը, որը հիմնականում կարգաւորում է թմրամիջոցների, հոգեմէտ նիւթերի եւ դրանց պատրաստուկների շրջանառութեան հետ կապուած հարցեր: «Օրէնքը չի արտացոլում իրական վիճակը եւ այն գործողութիւնները, որ պէտք է ձեռնարկուեն: Դա շփոթ, ոչ յստակ մօտեցում է, շատ սխեմատիկ, կոպիտ», նշում է գլխաւոր նարքոլոկը:
Օրէնքը նոյնիսկ յստակ չի սահմանում, թէ ինչ է թմրամիջոցը եւ թմրամոլութիւնը: «Թմրամիջոցներ, հոգեմէտ նիւթեր եւ պատրաստուկներ» հասկացութիւնը սահմանւում է այսպէս՝ «բնական կամ արհեստական ծագում ունեցող նիւթերի, պատրաստուկների եւ բոյսերի ամբողջութիւն, որոնց շրջանառութիւնը եւ դրանց նկատմամբ հսկողութիւնը ՀՀ տարածքում իրականացւում է ՀՀ օրէնսդրութեանը, միջազգային պայմանագրերին, … համապատասխան», իսկ «թմրամոլութիւնը»՝ «անձի հիւանդագին ֆիզիքական եւ/կամ հոգեկան վիճակ՝ պայմանաւորուած թմրամիջոցների կամ հոգեմէտ նիւթերի օգտագործմամբ»:
Իսկ ինչո՞ւ մինչ այժմ չի մշակուել նման հայեցակարգ, կամ ո՞վ պէտք է մշակի այն: Ըստ Պետրոս Սեմէրջեանի՝ դա մի քանի հոգու լուծելիք հարց չէ. «Պէտք է շատ լուրջ ուժեր ներգրաւուեն հայեցակարգի մշակման գործում, որովհետեւ դա ոչ միայն առողջապահական խնդիր է, այլեւ՝ երիտասարդութեան ոլորտի, ոստիկանութեան, պետանվտանգութեան… Բոլոր ոլորտների հետ առնչւում է՝ սկսած քաղաքաշինութիւնից (սպորտային հրապարակներ կան թէ չկան քաղաքում), վերջացրած ֆինանսների նախարարութիւնով (թմրանիւթերի առք ու վաճառքից ստացուած եկամուտները ինչպէս են տեղաւորւում դրամատնային համակարգում)»:
Նրա խօսքերով՝ թմրամիջոցներից պատրաստուած դեղերը շատ կարեւոր են բժշկութեան մէջ: Դրանց շնորհիւ ուռուցքով հիւանդ միլիոնաւոր մարդիկ չեն տառապում ցաւերից, կոտրուածքների եւ վնասուածքների ժամանակ չեն ընկնում շոքի մէջ ու մահանում: Դրանք կարեւորագոյն դեղեր են, որ իւրաքանչիւր պետութիւն պէտք է ունենայ եւ օգտագործի բժշկութեան մէջ, բայց նաեւ պէտք է հաշուի առնել, որ կան այդ նիւթերից կախում ունեցող մարդիկ: Պետութիւնը ինչպէ՞ս պէտք է վարուի այդ մարդկանց հետ: Իւրաքանչիւր երկիր ինքը պէտք է ուսումնասիրի թմրամոլութեան խնդիրը եւ պետութեան կարիքներից ու շահերից ելնելով՝ մշակի համապատասխան հայեցակարգ, ռազմավարական ծրագիր եւ, որ ամենակարեւորն է, ֆինանսաւորի այդ ամէնը:
Մեր պետութիւնն արդէն որոշակի քայլեր ձեռնարկում է թմրամիջոցների ապօրինի շրջանառութիւնը կրճատելու համար: ՀՀ ոստիկանութեան կողմից 2006ին բացայայտուած՝ թմրամիջոցների հետ կապուած յանցագործութիւնների կտրուկ աճը, ըստ ոստիկանութեան Երեւան քաղաքի վարչութեան պետ Ներսէս Նազարեանի, պայմանաւորուած է ոչ թէ յանցագործութիւնների թուի աւելացմամբ, այլ դրանց բացայայտման եւ գրանցման գործընթացի բարելաւմամբ: Իսկ վերջերս ՀՀ գլխաւոր դատախազի հրամանով դատավարութեան քննչական վարչութեան կազմում ստեղծուած թմրամիջոցների ապօրինի շրջանառութեան դէմ պայքարի առանձին բաժինը, ըստ ոլորտի պատասխանատուների, հնարաւորութիւն կը տայ աւելի արդիւնաւէտ կազմակերպել այդ բնոյթի քրէական գործերի հետաքննութիւնն ու նախաքննութիւնը:
Այնուամենայնիւ, ՄԱԿի կատարած ուսումնասիրութիւնները փաստում են, որ մեր տարածաշրջանում, այդ թւում՝ Հայաստանում, թմրամոլութեան աճ է արձանագրուել: Եւ այն հանգամանքը, որ թմրամոլութեան ռիսքային խումբ են հանդիսանում դեռահասներն ու երիտասարդները, պէտք է մտահոգի պատկան մարմիններին, որպէսզի նախ եւ առաջ մշակեն համապատասխան հայեցակարգ, որի հիման վրայ էլ կ’իրականացուեն հետագայ քայլերը: