Յունուարի 23ին Հրանդ Տինքի վերջին հրաժեշտին նուիրուած միջոցառումներ տեղի ունեցան աշխարհի տարբեր երկրներում, ուր կայ հայ համայնք։ Սա կորուստ էր իւրաքանչիւր հայի համար, հետեւապէս սպասելի էր հայութեան բողոքի նման ալիքը։ Բայց այն, ինչ տեղի ունեցաւ Պոլսում, լուրջ մեկնաբանութեան կարիք ունի։ Բազմահազարանոց բողոքի այս երթը չի՞ վկայում այն մասին, որ հայութեան եւ Ցեղասպանութեան փաստի նկատմամբ Թուրքիայի իշխանութիւնների եւ հասարակութեան մօտեցումները տարբերւում են իրարից։
Հէնց այս հարցադրմամբ էլ դիմեցինք գրող-հրապարակախօս Ռուբէն ՅՈՎՍԷՓԵԱՆԻՆ։
Ես հարցադրման մէջ մի փոքր ուղղում կ’անէի. ոչ թէ Թուրքիայի եւ հասարակութեան, այլ հասարակութեան մի մասի մօտեցումների տարբերութեան մասին կը խօսեմ։ Որովհետեւ այն, ինչ մենք տեսանք հեռուստատեսութեամբ, տեսանք այն մասը, որը կարելի է այդպէս բնութագրել. որ առաջընթացի, պետութեան քաղաքականութիւնը փոխելու, ազատ խօսքի ջատագովներ էին հրապարակում։
Ես անձամբ նկատում էի դէմքեր, ովքեր պարզապէս նայում էին, թէ ինչ է կատարւում իրենց երկրում։ Այնուամենայնիւ, դա ուրախանալու առիթ տալիս է, որ թուրքական հասարակութեան մէջ նման շարժում սկսուել է, եւ մենք չպէտք է դա անտեսենք, բայց շատ էլ չպէտք է խանդավառուենք։ Որովհետեւ նման բաներ Թուրքիայում եղել են, եւ մենք այդ փորձը ունենք։
Նոյնիսկ այն մարդիկ, ովքեր սրտի ցաւով էին եկել վերջին հրաժեշտը տալու, իմ խօսքը լսելով՝ չեն էլ նեղանայ, որովհետեւ մենք կասկածելու իրաւունք դեռ ունենք։ Դեռ չկայ այն ուժեղ շարժումը, որ վստահաբար ասեմ, թէ շատ բան է փոխուել Թուրքիայում, եւ կարող ենք մեր յարաբերութիւնները դնել նոր մակարդակի վրայ։ Մանաւանդ որ այն, ինչ կատարուեց Հրանդի հետ, դա հէնց թուրքական պետութեան, թուրքական քաղաքականութեան եւ գաղափարախօսութեան արդիւնք է։
Դա հէնց այնպէս չպատահեց։ Ճիշդ նկատեց Տինքի կինը. որտե՞ղ է մեծացել այդ 17ամեայ երիտասարդը. մեծացել է այն գաղափարախօսութեան ազդեցութեամբ, որն այսօր գերիշխող է Թուրքիայում։ Եւ այդ մթնոլորտը, այդ քարոզչութիւնը, որ տարւում է այնտեղ, իր դրսեւորումն ունեցաւ։ Եւ դա դեռ շարունակուելու է։ Չեմ ուզում գուշակութիւններ անել, բայց լինելու են, քանի որ, որքան այդ հոսանքը ուժգնանայ, այնքան էլ դիմադրութիւնն է մեծանալու։
Եւ պետական քարոզչութեան այդ բախումից էլի են ծնուելու նման մարդիկ։ Սա պայքար է, որը լինելու է, եւ ափսոս, որ Հրանդի նման անհատականութիւնը զոհ դարձաւ։ Բայց Գ. Նժդեհը մի լաւ խօսք ունի՝ մարդ պէտք է այնպէս ապրի, որ մահով էլ օգուտ տայ իր ազգին։ Տինքի մահը եթէ խթանի այն շարժումը, որը նկատւում է Թուրքիայում, կարծում եմ, Նժդեհի ձեւակերպմանը համապատասխան կը լինի։
Ինձ աւելի շատ ուրախացնում է այն, որ Թուրքիայում կայ մտաւորականութիւն, որը ճիշդ հայեացքով է նայում իր պատմութեանը։ Վերջերս կարդացել եմ Օրհան Փամուքի «Ձիւնը» վէպը։ Կարծում եմ, որ այսօրուայ թուրքական իրականութեանը նա աւելի քաջատեղեակ է, քան ես, եւ վէպում ճիշդ այս նոյն պատմութիւնն է նկարագրել։
Մի սպանութեան քրոնիկոն է այդ վէպը։ Նա շատ լաւ տեսել է հասարակութեան ներքին շարժումները, որովհետեւ այդ երկրի քաղաքացին է, այդ երկիրը սիրող քաղաքացի է, բայց այդ երկիրը շատ աւելի լաւ տեսնելու ցանկութիւն ունեցող համարձակ մարդ է։ Կարսի նիւթի վրայ է ստեղծել այդ վէպը, այնպիսի շերտեր է բացել, որ ինձ համար շատ հասկանալի է դառնում, թէ ինչու կատարուեց Տինքի սպանութիւնը։
Նորից պէտք է նկատեմ, որ մենք չպէտք է անտեսենք այդ շարժումը, բայց շատ էլ պէտք չէ խանդավառուել։ Խանդավառւում ենք եւ սխալւում։ Իսկ այն, ինչ ուրախանալու առիթ տալիս է, Թուրքիային է պէտք, դրա հետեւանքը մենք գուցէեւ ապագայում տեսնենք։ Սա այն է, ինչին եւ լծուել էր հէնց Տինքը։ Նրա բոլոր խօսքերը, ձեւակերպումները գալիս-յանգում էին նրան, որ Թուրքիան ներսից պէտք է փոխուի, ինչին եւ լծուած են նաեւ թուրք մտաւորականները։