Պորիս Պարաթովին մեր հասարակութիւնը շատ լաւ չի ճանաչում, մինչդեռ նա ոչ միայն ճանաչման է արժանի, այլ նաեւ գնահատման ու երախտագիտութեան։ Մենք Պարաթովին գիտէինք որպէս Մոսկուայում ոչ անյայտ կինոտրամատուրկի ու բեմադրիչի։ Նա հեղինակ է տասը վաւերագրական ժապաւէնների, որոնցից չորսը՝ «Պարը», «Քարեր», «Կլոր սեղան» եւ «Սուրբ Էջմիածինը», նուիրուած են Հայաստանին ու հայ ժողովրդի պատմութեանը։ Պարաթովի մասնակցութեամբ ու համահեղինակութեամբ «Սովետական գրող» հրատարակչութիւնը Երեւանում 1986 թուականին լոյս էր ընծայել «Պկտան Սալթանով», մէկ տարի անց՝ 1987ին, «Լէոնարտօ տա Վինչի» գրքերը։
Արցախեան պատերազմն ու Հայաստանի անկախութեան համար պայքարը Պորիս Պարաթովին աւելի սերտօրէն կապեցին իր հայրենիքի ու ժողովրդի հետ։ 1992 թուականին՝ Ղարաբաղեան պատերազմի ամենաթէժ շրջանում, «Լինկուիսթ» նշանաւոր հրատարակչութիւնը լոյս ընծայեց Պարաթովի «Ղարաբաղի հրեշտակը» աշխատութիւնը, ինչը հիմք պիտի հանդիսանար ղարաբաղեան թեմայով հեղինակի նոր՝ աւելի ծաւալուն եւ թեմաթիք իմաստով առաւել ընդգրկուն գրքի համար։
Պատերազմի սկզբից անմիջապէս յետոյ երեք տարում Պորիս Պարաթովը չորս երկարատեւ ուղեւորութիւն-արշաւ է անցկացնում Ղարաբաղում, որի արդիւնքում ծնւում է «Բզկտուած դրախտ-ուղեւորութիւն դէպի Ղարաբաղ» հրաշալի գիրքը։ Երկու հարիւր գունաւոր լուսանկարները հիանալի պատկերացում են տալիս, հեղինակի բառով ասած՝ «Լեռնային կղզեակի մասին»։
Կղզեակ, որի վրայ մարդկութեան ստեղծած աւելի քան երկու հազար մշակութային յուշարձանների մեծ մասն աւերուել են բարբարոսի ձեռքով։ Նախամարդու ստեղծած կացարաններ ու հնագոյն սրբավայրեր, վաղ քրիստոնէական եկեղեցիներ ու հին կամարակապ կամուրջներ, բերդեր ու ամրոցներ, ժայռապատկերներ ու քարագիր արձանագրութիւններ, հազուագիւտ ձեռագիր մատեաններ, որոնք մինչ Ղարաբաղեան պատերազմն արդէն մեծ չափով տուժել էին ատրպէյճանցիների երկարատեւ ու ամբողջական վայրագութիւնից։ Հասկանալի է, որ պատերազմը արձակեց նրանց ձեռքերը, եւ մշակութային կոթողների ջարդը դարձաւ զարհուրելի փաստ։
Պարաթովն իր արշաւների ընթացքում եղել է Ղարաբաղի ամենաքիչ ուսումնասիրուած եւ ոչ շատ յայտնի բոլոր մշակութային, ճարտարապետական կոթողների շրջակայքում, նկարել ու նկարահանել, եւ հրատարակելով «Բզկտուած դրախտ» պատկերազարդ գիրքը՝ փորձել է համաշխարհային հանրութեան ուշադրութեանը հրաւիրել ԵՈՒՆԵՍՔՕի եւ միջազգային այլ համանման կազմակերպութիւնների կողմից մոռացուած, անուշադրութեան մատնուած՝ մարդկութեան մշակութային հսկայական ժառանգութեան վրայ։
Այս գրքից յետոյ Պարաթովը հրատարակեց եւս երկու ուշագրաւ գրքեր՝ «Երուսաղէմը եւ նրա սրբութիւնները», «Հայ առաքելական եկեղեցին», այնուհանդերձ, նրա ստեղծած ամենաուշագրաւ ու ամենաարժէքաւոր ժողովածուն «Արմենիատա»(*) կոթողային գիրքն է։ Այն ենթավերնագրուած է «Պատմութեան տեսանելի էջերը»։ Գիրքը հին Հայաստանի քաղաքակրթութեան համայնապատկերն է՝ յագեցած փառահեղ լուսանկարներով։
Պարզապէս բառ ու գովեստ չի կարելի խնայել այն լուսանկարների մասին խօսելիս, որոնք գուցէ թէ գրքի ամենաարժէքաւոր մասն են կազմում։ Ամէն ինչից զատ, Պորիս Պարաթովը այս գրքում իրեն դրսեւորում է որպէս տաղանդաւոր լուսանկարիչ։ Գիրքը տպագրուել է Իտալիայում, եւ եւրոպական տպագրական կատարեալ արհեստագիտութիւնը հնարաւորութիւն է տուել լուսանկարների անթերի հրատարակման։
Պորիս Պարաթովի լուսանկարչական ոսպնեակը շրջել է ոչ միայն հին ու նոր Հայաստաններով եւ յաւերժացրել մեծագոյն մի քաղաքակրթութիւն եւ քաղաքակիրթ առաջին ազգերից մէկի պատմութիւնն ու մշակոյթը, այլեւ եղել է բոլոր այն հնավայրերում ու թանգարաններում, ուր հայոց պատմութեան ու մշակոյթի թէկուզ մէկ նշանաւոր նմոյշ է պահւում՝ Լուվրից մինչեւ Լոնտոնի արքունական թանգարան, Հին Բաբելոնի հնավայրերից մինչեւ Անտիոք ու Կիլիկիա։ Մեզ քաջ ծանօթ մաշտոցեան ադամանդակուռ այբբենարանը, որը Էջմիածնի գանձերից է, այնքան վարպետօրէն է լուսանկարուած ու տպագրուած, որ թւում է, թէ հեղինակին յաջողուել է ադամանդը տեղափոխել թղթի վրայ։
Գրքին թէկուզ հպանցիկ ծանօթութիւնը սկզբում սարսուռ է առաջացնում, որը վայրկեան առ վայրկեան վերածւում է անսեթեւեթ հպարտութեան։ Գրքի բոլոր գրութիւնները նոյնպէս Պորիս Պարաթովինն են, որոնք նախապէս խմբագրուել են Հայաստանի ազգային ակադեմիայի պատմութեան եւ հնագիտութեան հիմնարկներում, հին ձեռագրերի Մաշտոցի անուան մատենադարանում։
Գիրքն սկսւում է Բարձր Հայքում հայ էթնոսի ձեւաւորման պատմութեամբ եւ հայերի ստեղծած հնագոյն պետութիւնների կազմաւորումով՝ Վանի Արարատեան թագաւորութեամբ։ Հետագայ տասնվեց բաժիններում հայի ստեղծած բոլոր պետական միաւորումներն են՝ Արատտան ու Հայասան, հայոց արքունական տոհմերի պատմութիւնը, հայ հեթանոս ու քրիստոնեայ քաղաքակրթութիւնները։
Գրքում առանձնայատուկ տեղ է տրուած նաեւ Կիլիկեան Հայաստանին։ Այս բաժնի լուսանկարները ցնցող են։ Առաջին անգամ զգացինք հայկական այս թագաւորութեան ողջ փառքն ու անկման ողբերգութիւնը։ Ամբողջ գրքում հսկայական է հեղինակի ցաւի ապրումը, որն իր գագաթնակէտին է հասնում «Հայաստան-1915» բաժնում։
Պարաթովին յաջողւում է տեսանելիօրէն տալ ոչ միայն մի ողջ ժողովրդի, այլեւ նրա ստեղծած մշակութային, պատմական, քաղաքակրթական մեծ ժառանգութեան ոչնչացման ծրագրի հրէշաւորութիւնը։ Գիրքն աւարտւում է «Մատենադարան-Արմենիատայի տապան» բաժնով, եւ այստեղ էլ Պարաթովը կարողանում է նոր, հետաքրքիր գոյներով մեզ ցուցադրել մեր հազար անգամ տեսած արժէքները՝ մանրանկարչութեան ու մատենագրութեան գոհարները։
Մեզ երբեմն առիթ է ընձեռուել գրելու օտարների մէջ հայաճանաչութեանը նպաստող գրքերի մասին, բայց այս իմաստով ոչ մի գիրք չի կարող մրցակցել Պորիս Պարաթովի «Արմենիատա»ի հետ, եւ մեր հիացումը երբեք այսքան լիաթոք չի եղել։ Արժէր ռուսերէնով հրատարակուած այս կոթողը աշխարհին ներկայացնել անգլերէն ու ֆրանսերէն լեզուներով, ու նաեւ հայերէն, որովհետեւ աշխարհին մեր ով լինելը ցոյց տալուց բացի, նոյնքան կամ աւելի կարեւոր է, որ ինքներս էլ մեզ ճանաչենք։
(*) Գիրքը կը վաճառուի «Սարդարապատ», «Ապրիլ» եւ «Պերճ» գրախանութներուն մէջ: