Սա յուշերի գիրք է, որ կոչւում է «Անխորագիր», լոյս է տեսել Երեւանում: Ահա եւս մի գիրք, որ ընթերցւում է մէկ շնչով: Հետաքրքիր է ոչ միայն բովանդակութեան առումով, այլեւ մատուցման ձեւով: Տարածական տեսանկիւնով ընդգրկում է բանաստեղծի մանկութիւնն ու պատանեկութիւնը, իսկ խորհրդածական վերլուծական, հոգեբանական ու հասարակական, ազգային խնդիրների արծարծմամբ՝ մի ողջ աշխարհ, մի դարի ժամանակահատուած եւ դեռ աւելին: Եւ ստեղծագործական հզօր լիցքերով:
Գիրքն սկսւում է ինքնատիպ երկխօսութեամբ՝ մտացածին ընդդիմադիրի հետ: Բանաստեղծը որոշել է ընթերցողին ներկայանալ արձակ ստեղծագործութեամբ, վիպական բովանդակութեամբ ու բանաստեղծական շնչով, եզրակացնելով, որ երեւակայութիւնը արուեստին տրուած ճշմարտութիւնն ասելու համարեա միակ միջոցն է: Տեսնենք ի՞նչ կը ստացուի՝ վէպ, պատմուածք, թէ՞ էսսէ (փորձագրութիւն): Եւ գտնում է, որ «Այստեղ իմ կեանքն է, ներիր, չափազանցեցի, կեանքիս մի փոքրիկ մասը, իսկ կեանքը, համոզուած եմ, խորագիր չունի»:
Ամբողջ պատմութիւնն առնուած է մի շրջանակի մէջ. հեղինակը մեկնում է արտասահման: Եւ ինքնաթիռի մէջ նա մտորում է իր ապրած կեանքի մի շարք հետաքրքիր ու կենսական դրուագների մասին, որոնք հիմնականում առնչւում են իր ճանապարհորդութեանը, անցեալ ու նոր հանդիպումներին, մարդկանց ճակատագրերին, իր մանկութեանն ու պատանեկութեանը, Եղեռնին ու գաղթին, հայրենիքի վերակառուցմանն ու բազում դժուարութիւններին, իր եւ հարազատների կրած տառապանքներին ու ուրախութիւններին:
Յուշն սկիզբ է առնում Դաւթեանի կեանքի ճակատագրական, թերեւս ամենածանր, մեռնել ապրելու պահերից մէկի պատկերաւոր, իրօք վիպական նկարագրութիւններով: 1942 թուական, ռուսաստանեան անծայր տափաստան, ծանր-ծանր ձմեռ, որ լինում է թերեւս հարիւր տարին մէկ: Սառնամանիք է՝ խոցող, ծակող, կտրող… թքես՝ սառոյցի կաթիլ դարձած է ընկնում արահետին ու թեթեւ զնգում: Ճնճղուկները թռչելիս՝ օդում սառել ու ընկել են…: Այդ պահին բանաստեղծը յիշում է այս տողերը.
«Վառարանիս մօտ ձմեռը յաճախ
Խորհում եմ վշտով՝ ինչքա՜ն թռչուններ
Ցրտից, բուքերից, սառչում են, աւա՜ղ,
Խեղճ ու անպաշտպան, չքնաղ էակներ…
(էջ 8)
Իսկ այդ պահին գերմանական ռմբակոծիչները մահ ու աւերներ են սփռում չորս կողմ. «Արթնացայ մի գետնափորում: Պառկած եմ շինելիս վրայ մերկ…: Ինչ որ զինուորներ ձիւնով շփում են մերկ մարմինս: Մէկն ասում է. «Քիչ էլ ուշ անցնէինք այդ ճամբով, այն աշխարհում կը լինէր…» (էջ 9):
Յետոյ յուշերը նրան բերում են նոր ու խաղաղ կեանք: Աշխատանքային առօրեայ, ընկերական հետաքրքիր հանդիպումներ, ներքին մտորումներ մարդու, աշխարհի, մեր պատմութեան, մեր մեծերի մասին: Սակայն գրողի մտապատկերներում մեծ կարեւորութիւն են ձեռք բերում տրամաթիքական ժամանակահատուածները, երբ վճռուել են անհատի ու ժողովրդի բախտն ու ճակատագիրը: Ես յիշում եմ Դաւթեանի՝ ցաւով նկատած մի արտայայտութիւնը: Նա ասում էր՝ Համօ Սահեանը երբ կարօտում է իր մանկութիւնը, անմիջապէս մեկնում է Զանգեզուր, որի բնութեան գրկում ծնուել, անցկացրել է իր թէկուզ դառը մանկութիւնն ու պատանեկութիւնը: Ինչ էլ լինի, քաղցր է մանկութիւնը, մանկութեան հողն ու ջուրը, երկինքն ու աստղերը, սարերն ու ձորերը: Իսկ ես, ասում էր Դաւթեանը, ո՞ւր գնամ, որտե՞ղ են իմ մանկութեան աշխարհը, գետը, հողն ու ջուրը:
Նա ծնուել է Հին Արաբկիրում, Եփրատ գետի ափին: Երեք տարեկանից տեղահանուել է ծննդավայրից, համարեա ոչինչ չի յիշում եւ պատկերացում է կազմել միայն իր ծնողների, մեծերի պատմածներով: Արաբկիրից նրանք նախ գաղթում են Ռուսաստան, Քրասնոտարի շրջան: Նա մի քանի հետաքրքիր դրուագներ է կերտում այդ շրջանից: Հետաքրքիր են ե՛ւ հօր, ե՛ւ հօրեղբօրը՝ Յարութիւնի հետ կապուած յուշերը այդ տարիներից: Հայրը՝ Արմենակը, կենսախինդ մարդ էր. նրա եւ մօր՝ Դուդուի ջրերը մէկ առուով չէին գնում: Նա հացթուխ էր, արաբկիրցու տոհմիկ արհեստներից մէկն էր դա: Եւ մի օր հայրը անյայտանում է մի ռուս կնոջ հետ: Տան հոգսը մնում է ամուրի հօրեղբօրը՝ Յարութիւնի վրայ: Սա, որ շատ լուրջ եւ խոհեմ տղայ էր, մի գիշեր յուզուած տուն է գալիս, կոմերիտականի իր տոմսն այրում ու փախչում է Հայաստան: Ի՞նչ էր պատահել: Իբրեւ գործօն կոմերիտական, մի խմբի հետ մեկնել էր ռուսական գիւղերը՝ «Հարուստներին» (նեպմաններին) կուլակաթափ անելու: Ընկերոջ հետ մտնում են մի տուն. մայրն է եւ երկու փոքրիկներ: Մեծն արդէն սովից մահացել է, փոքրիկը լաց է լինում: Մայրը մի բաժակ կաթ է լցնում շշի մէջ, որ երեխային կերակրի: Ղեկավարը Յարութիւնին կարգադրում է, թէ կուլակաթափ արա՛: Յարութիւնը շշմած ասում է՝ ի՞նչը կուլակաթափ անեմ: – Կաթը վերցրու ձեռքից եւ կուլակաթափ արա: Ողբերգութեան գագաթնակէտ…: Յարութիւնը շրջւում ու հեռանում է: Գիշերով նստում է գնացք ու փախչում…:
Նման ցնցող պատկենրը յուշագրութեանը հասարակական լիցքեր են հաղորդում եւ այն դարձնում պատմական աղաղակող փաստաթուղթ: Այո, 20-30ական տարիները սովի եւ անմարդկային «մաքրագործման» փուլ էին: Եւ յետոյ եկաւ մեծ պատերազմը:
Վահագն Դաւթեանը ծանր վիրաւոր վերադառնում է Երեւան, սովորում եւ աւարտում է պետհամալսարանը: Լրագրական գործունէութեան հետ ձեւաւորւում է նրա գրական մեծ անհատականութիւնը: Նրա յուշերում կարեւոր տեղ են յատկացուած Երեւանի Նոր Արաբկիր թաղամասում ապրողների կեանքին ու կենցաղին, հին արաբկիրցիների նոր կեանքի յարմարուելու հետաքրքիր, հիւմըրով յագեցած դրուագներին: Հեղինակը ասես վրձնահարուածներով կերտում է ժամանակը, միջավայրը, մի շարք լաւ ու վատ, չար ու բարի, սիրտ ու հոգի ունեցող ու նաեւ չունեցող կերպարներ: Պատկերասրահը հարստանում են Մնձուրու, Մաքրուհու, Գաբրիէլի, Յարութիւնի լուսաւոր կերպարներով, ինչպէս նաեւ Պօղոս եւ Պետրոս կոչուածների անմարդկային, երբեմն զաւեշտական տիպարներով: Հեղինակի կասկածանքով ասուած վէպն ասես ամբողջանում է եւ ըներցողին հարստացնում կեանքի իմաստութեմաբ:
Ուզում եմ այդ յուշ-վիպակի մասին խօսքս աւարտել գրող Մնձուրու հետ Դաւթեանի վերջին երկխօսութեամբ.
– Է՛, հիմա ալ Ամերիկա կը թռչի՞ս…:
– Այո, ասում եմ:
– Շա՞տ ազգականներ ունիս հոն:
– Շատ… Եւ մօրս կողմից, եւ հօրս:
– Կ’երթաս բեկորներուդ մա՞հը տեսնելու…:
– Ո՛չ,- ասում եմ,- գնում եմ ցրուած բեկորներս հաւաքելու հոգուս մէջ: