Մեր տան ամենակեղտոտ իրերը խոհանոցում են:
Պնակները լուանալու սպունգի վրայ յայտնաբերուած ախտածին մանրէները գլխաւորում են ցուցակը: Խոնաւ միջավայրը մանրէների բազմացման համար հիանալի վայր է, ուստի զարմանալի չէ, որ դրանք մեծ քանակութեամբ կուտակւում են խոհանոցային սպունգների ու լաթերի վրայ: Սա է պատճառը, որ դրանք հարկաւոր է կանոնաւոր փոխել ու լուանալ ձեռքերը դրանց դիպչելուց յետոյ:
Նոյն ուշադրութեան է արժանի նաեւ խոհանոցային սրբիչը: Յարմար է օգտագործել մէկանգամեայ թղթէ սրբիչները, իսկ եթէ գերադասում էք աւանդական գործուածքային սրբիչները, ապա յաճախ փոխէք եւ լուացէք դրանք:
Մեր խոհանոցի յաջորդ կեղտոտ առարկան կտրատելու տախտակն է: Յարմար է առանձնացնել մսի, բանջարեղէնի եւ հացի համար նախատեսուած տախտակները, իսկ օգտագործելուց յետոյ լուանալ եռման ջրով եւ ողողել քացախի 5 տոկոսի լուծոյթով:
Դռների, սառնարանի, վառարանի բռնակները նոյնպէս կարող են մեծ քանակութիւն ախտածին մանրէների բնակութեան վայր լինել: Անընդհատ պէտք է ախտահանել դրանք:
Զուգարանակոնքը մեր տան յաջորդ առարկան է, որ անհրաժեշտ է մաքրել պարբերաբար: Ինչպէս տեսանք այն ամենեւին էլ չի գլխաւորում ցուցակը:
Հեռակառավարման վահանակները, համակարգչային ստեղնաշարերը, հեռախօսները ժամանակի ընթացքում զգալիօրէն կեղտոտւում են, խցանւում եւ դառնում մանրէների արատաւոր միջավայր:
Մեր տան ներքին յարդարանքի եւ ձեւաւորման առարկաները ոչ միայն յարմարաւէտութիւն են ստեղծում, այլ նաեւ կեղտ կուտակում: Վարագոյրների եւ շերտավարագոյրների վրայ է նստում փողոցի փոշին:
Մետաղադրամներն ու թղթադրամները նոյնպէս «ճամփորդող» մանրէների բոյն են, ուստի դրանց հետ գործ ունենալուց յետոյ հարկաւոր է հնարաւորինս շուտ լուանալ ու ախտահանել ձեռքերը: