«Բոլորդ կը դառնաք քրիստոնեայ», ասում է Գառնոյ հեթանոսական տաճարի քրմուհին: Իմաստուն եւ գուշակ քրմուհին ճանաչում է քրիստոնեայ Աստծուն: Տրդատ թագաւորին բուժելու՝ Խոսրովադուխտի թախանձանքին քրմուհին պատասխանում է. «Թագաւորը կը դառնայ քրիստոնեայ: Բոլորը կը դառնան քրիստոնեայ: Կ’աւերուեն մեր տաճարները: Աստուածները կան. եթէ կայ գոնէ մի հաւատացեալ: Ես սիրում եմ իմ տունը՝ Գառնոյ տաճարը: Ես կ’ասեմ, թէ ով կը բուժի քո եղբայր Տրդատին, բայց պայմանով, որ իմ տունը չաւերուի»:
Այսպիսի գեղեցիկ պատմութիւն է ներկայացւում մեզ պաստառից: Գուցէ նման յօրինուած միթով կարելի է բացատրել Հայաստանում հեթանոսական տաճարի հիմնայատակ չաւերման եւս մի վարկածը:
Հայաստանի հեթանոսական շրջանը համարեայ անյայտ է մեզ. Հայ հեթանոսութեան պատմութիւնը մեզ քիչ է աւանդուել, այն աղօտ է մեր գիտակցութիւնում: Հնագէտները, պատմագէտներն են միայն, որ վեր են հանում ինչ-ինչ դէպքեր եւ աւանդոյթներ: Հատուկենտ մշտաներկայ ծէսեր ու սովորութիւններ են երբեմն-երբեմն յիշեցնում են մեզ հեռաւորագոյն մեր անցեալը: Վիգէն Չալդրանեանի «Քրմուհին» ժապաւէը արթնացնում է տարօրինակ մի հետաքրքրութիւն, քանի որ վերաբերում է 301 թուականին, հայ ազգի բեկումնային՝ քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն ընդունելու տարեթուին: Բայց սա պատմական ժապաւէն չէ, սա վիպասք է՝ նուիրուած հայոց պատմութեան ամենանշանաւոր իրադարձութեանը: Սա պատմութիւն է մարդկային յաւերժական թեմաների՝ սիրոյ, հաւատի, հաւատարմութեան, հայոց երկրի անսկիզբ ու անվախճան տիեզերական ընթացքի, այդ ընթացքի անսահմանութիւնում մարդ արարածի միանգամեայ կեանքի աննշանութեան, միաժամանակ՝ անհատականութեան կարեւորութեան մասին:
«Քրմուհին» ժապաւէնը մեզ ընձեռում է հնարաւորութիւն մոռացումից դուրս գալու, վերապրելու անցած ու կարեւորագոյն իրողութիւններ:
Հեղինակը կարծես անսահմանութիւնից, հայոց անտակ պատմութիւնից մի դրուագ է ստեղծել, մի գեղեցիկ առասպել հեթանոսական Հայաստանի, հեթանոսական ծէսերի, քրմութեան, Գառնոյ քրմուհու, քրիստոնէացող հայերի, խաչի մուտքի, Գրիգոր Լուսաւորչի, ի վերջոյ Ագաթանգեղոսի մասին:
Մի կին աւտովթարի հետեւանքով, մահաքնից ու վիրահատութիւնից յետոյ, արթնանում է որպէս ուրիշ մի մարդ՝ Գառնիում, իր ծննդավայրում՝ նախաքրիստոնէական Հայաստանում, մի իրականութիւնում, որ վաղուց դարձել է միթ, առասպել, մշուշոտ անցեալ, որ այժմ ընդամէնը ժամանակ առ ժամանակ տաք ու առեղծուածօրէն ցոլցլում է անթափանց շղարշների ետեւից:
Գեղեցիկ է շղարշներից անդին, թւում է թեւաւոր մի ազատութիւն կայ այդ աշխարհում, խորախորհուրդ ու հզօր է երեւում հայոց երկիրը, բնութիւնը՝ իր սիգապանծ Մասիսով:
Սա գեղեցիկ գեղագիտական ժապաւէն է՝ գոյների, խորհրդանիշերի, բնանկարների, կենցաղային ու թատերական տեսարանների, նախշուն ու խօսուն իրերի ու տեքորների շքահանդէսի համադրումով ու հերթափոխով:
Այս ամբողջ բառեղէն ու խորհրդանշային ասքի առանցքը դեռատի գեղուհին, գուշակուհին, քրմուհին է՝ սլացիկ, թրթռուն, բնութեանը, ոգեղէն ու ընդերքային երեւոյթներին հաղորդակից, անմիջական ու արտառոց էութիւն: Խարանակիր այդ էակը Միհրի հարսնացուն է, որ, ինչպէս ամէն մի բնական արարած, ըղձում է արտայայտել իր փթթուն սէրը, այն լիովին նուիրել Գառնոյ դիցին՝ իր նուիրական ամուսնուն, բայց հեթանոս աստուածը անհաղորդ է նրա սիրատոչոր ձգտմանը: Եւ թէկուզ կանացի նրա բնութիւնը գտնում է իր արական մարդկային ընկերոջը, ծոցւորւում է ապագայ քրիստոնեայ պատմիչով, նա էլի մնում է անդաւաճան նուիրեալ իր հեթանոս աշխարհին ու Գառնոյ տաճարին: Նոյնքան հաւատարիմ կարեկից ու քոյր է նա Գրիգորին՝ ապագայ Լուսաւորիչ կաթողիկոսին հայոց:
Հեթանոսութիւնից քրիստոնէութիւն անցման այս պատմութիւնը շարժանկարում հասու է միայն պատմաբան Հայկ Արամեանին եւ հարիւրամեակներ անց վթարուած հայ կնոջը, որ ծինային պատահականութեամբ թէ ճակատագրական անհրաժեշտութեամբ, վթարային վնասուածքի ու քրմական դաջուածքատեղի համընկման պատճառով թէ վիրահատական նշտարի միջամտութեան շնորհիւ՝ բացում է հայոց պատմութեան շրջադարձային անցքերն ու հայ ներաշխարհի համար թանկ ապրումներ:
Անցեալը առեղծուածների ու հանելուկների մի շարան է ու անկանգ ընթացքով պատմաբանութիւնը՝ հանելուկների լուծման փորձ: Իսկ մեր դիտածը բանաստեղծական շարժարուեստի գործ է եւ արտացոլում է մեր արմատների ճանաչման մեր ձգտումը. մենք կարօտ ենք մեր Սկզբին՝ մեր սկիզբը յիշելու եւ չուրանալու բնազդով: Սա թանկ վերյուշ է հայերիս համար: Նախկին հեթանոսներիս համար անցեալի վիհերում թաղուած մի նուիրական էջ է կամ գուցէ եթերային ծալք է երկնքին բաժին դառած, որ պէտք է գեղեցկացնի, ամրացնի, հզօրացնի մեզ այս բացառիկ գանձերին տէր ներկայ ու հաւատաւոր քրիստոնեաներիս, ազգային ամրահիմք քաղաքակրթութեան կրողներիս: Սեփական խորագոյն անցեալին վերստին տէր դարձնող այս բացառիկ վիպասքը ընկալւում է որպէս յիշեցում, որպէս կենսական աղբիւր, որպէս նուէր քրիստոնեայ առաջին պետութեան հաւատաւոր մարդկանց: Նուէրի հեղինակը շարժանկարի ստեղծագործն է՝ Վիգէն Չալդրանեանը, որ ժապաւէնից ժապաւէն շարունակում է ոգեղէնի բացայայտման իր ուղին: Յայտնութիւն է Ռուզան Վիթ Մեսրոպեանը, ում դերակատարումը սոսկ մարմնաւորում չէ, այնքան անմնացորդ է նա տարրալուծուել հեռաւոր ու գաղտնախորհուրդ, հզօր ու նուաղուն այդ էակի՝ քրմուհու մէջ: Առանձնայատուկ խորհրդաւոր ու արտայայտիչ է երաժշտութիւնը Արա Գէորգեանի ու Անետի ինքնատիպ լուծմամբ:
Այս նիւթը այնքան նոր է եւ այնքան կարօտ բացայայտման: Բեմագիրներ Անահիտ Աղասարեանն ու Վիգէն Չալդրանեանը արժանի են շնորհակալութեան, որ խիզախել են մխրճուել գաղտնիքների մէջ եւ կատարել այսպիսի ինքնաճանաչողական աշխատանք:
Իսկ ժապաւէնն աւարտւում է անկեղծ անհանգստութեամբ: Պատմաբան Հայկ Արամեանն է միայն, որ վստահում է 1700ամեայ դէպքերի նորայայտ վկայուհուն: Նա գիտակցում է, որ մեզ հարկաւոր են պատմութեան այս խորքերը, սեփական պատմութեան այդ գանձերն ու դասերը, հարկաւոր են գիտական ու ազգային բացայայտումները, որ ազգին ստիպում են թօթափել անանցանելի աղքատութիւնն ու մերկութիւնը եւ վերականգնել անփոխարինելի, անկողոպտելի արժանապատուութիւնը ու ազնուական ինքնավստահութիւնը: Նա դէմ է այդ վկայութիւնները մոռնալուն, նրա համար բնական է միաժամանակ անցեալում ու ներկայում ապրելը: Իսկ աւելի ճշգրիտ՝ նա գուրգուրում է այդ անցեալը որպէս մարդկութեան, մասնաւորապէս հայ ազգի գեղեցիկ, անուրանալի պատմաշրջանը: Բայց բժշկական վերջնական միջամտութեամբ կտրւում է յիշողութեան թելը, ընդհատւում է անգնահատելի, եզակի ու միակ վկայութիւնը՝ ի յուսահատութիւն եւ ի սարսափ պատմաբանին: Ինչպէս ջրի մեքենան է սրբում գետինը, փոշին, այդպէս էլ վիրաբոյժի որոշմամբ ջնջւում է անցեալի կենդանի թարգմանի՝ Վկայուհու անցեալապատկան յիշողութիւնը:
Հնչեցնելով իր անհանգստութիւնը՝ Վիգէն Չալդրանեան հեղինակը արթնցնում է մեր վաղ անցեալի կարօտը՝ ազնուական ու զօրաւոր այդ արժէքները, այնպէս որ կարելի է համարել, որ նրա շարժանկարը կայացել է եւ նրա ասելիքը պէտք է որ տեղ հասնի:
Շարժանկարը
տեսնելու յաջորդ օրը՝
Դեկտեմբեր 20, 2006