«Իմ կարծիքով՝ սահմանադրութեան ընդունումը Լեռնային Ղարաբաղին լիարժէք իրաւունք է տալիս յառաջիկայում դառնալ անկախ պետութիւն։ Ես շնորհաւորում եմ Ղարաբաղի ժողովրդին եւ ամբողջ հայութեանը սահմանադրութեան ընդունման համար», անցած շաբաթ «Ուրբաթ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Աբխազիայի Հանրապետութեան խորհրդարանի պատգամաւոր, Աբխազիայի հայկական համայնքի համանախագահ եւ Աբխազիայի հերոս Գալուստ Տրապիզոնեանը։
Աբխազիայի հայկական համայնքի ընկերային-տնտեսական վիճակի մասին զրուցելու էին եկել նաեւ Աբխազիայի հոգեւոր հովիւ Տարօն աբղ. Ղազիկեանը, «Ձայն համշէնական» թերթի խմբագիր, «Համշէն» հայրենակցական միութեան փոխնախագահ Սերկէյ Վարդանեանը։
Աբխազիայում այսօր ապրում են 60 հազարից աւելի հայեր, գործում են 37 հայկական դպրոցներ, որտեղ ուսուցումը կատարւում է հայերէնով։ Այս դպրոցներում կրթական ծրագիրը հաստատւում են ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեան կողմից։ Աբխազիայի համալսարանում կայ հայկական բաժին։ Հանրապետութեան 7 շրջաններից 6ում ապրում են հայեր։
Ինչպէս նշեց Գ. Տրապիզոնեանը, որը նաեւ ղեկավարել է երկու հայկական գումարտակներից մէկը, պատերազմում մասնակցել են 1500 հայ տղաներ, որոնցից 250ը զոհուել են, ովքեր, ինչպէս նկատեց խորհրդարանի պատգամաւորը, «կռուել են յանուն Աբխազիայի ազատութեան»։
1992-93 թթ. պատերազմի ժամանակ ոչնչացուել են մի շարք հայկական գիւղեր, նրանցում՝ բազմաթիւ հայկական դպրոցներ։
Անդրադառնալով հայկական համայնքի այսօրուայ վիճակին՝ նա տեղեկացրեց, որ գիւղական համայնքներում հայ բնակչութիւնը զբաղւում է գիւղատնտեսութեամբ, բայց հայերը ներկայացուած են նաեւ խորհրդարանում եւ կառավարութիւնում. խորհրդարանում կայ 3 պատգամաւոր, իսկ գործադիր իշխանութեան մէջ՝ մէկ նախարար, երեք փոխնախարար, հայերը ներկայացուած են շրջանային իշխանութիւնների ղեկավար մարմիններում։
Աբխազական պատերազմից յետոյ շրջափակման տարիներին կեանքը դժուար է եղել, երկրում մնացել են միայն կանայք, իսկ տղամարդիկ աշխատում էին դրսում իրենց ընտանիքները պահելու համար։
Այս բոլոր դժուարութիւնների միջով անցել է նաեւ հայ համայնքը։ «Այսօրուայ դրութեամբ վիճակը բարելաււում է, եւ վերջին երեք տարիներին, շնորհիւ զբօսաշրջութեան զարգացման, մօտ կէս միլիոն զբօսաշրջիկներ իրենց հանգիստը անցկացրել են Աբխազիայում, ինչը իր ազդեցութիւնն է գործում Աբխազիայի տնտեսութեան զարգացման վրայ», ասաց խորհրդարանականը։
Բնակչութեան թուով երկրորդը լինելով՝ արդեօ՞ք աբխազահայութիւնը քիչ չի ներկայացուած գործադիր եւ օրէնսդիր մարմիններում։ Լրագրողների ուղղած այս հարցը Գ. Տրապիզոնեանը ճիշդ նկատառում համարեց։ Նրա տեղեկացմամբ՝ պատերազմից յետոյ աւելի մեծ էր այդ ներկայութիւնը, սակայն, նրա խօսքով, այսօրուայ իրականութեան պատճառներից մէկն էլ այն է, որ աբխազահայերն աշխոյժ չեն այդ գործում։
«Այն շնորհալի եւ արհեստավարժ մարդիկ, ովքեր պատերազմի ժամանակ Աբխազիայում էին, այսօր գնացել են Աբխազիայից։ Առաջիկայում Աբխազիայում խորհրդարանական ընտրութիւններ են, եւ մենք աշխատելու ենք, որ այսօրուայ «մանդատներից» աւելի ստանանք», ասաց Գ. Տրապիզոնեանը՝ միաժամանակ մտահոգութիւն յայտնելով, որ այսօր աբխազահայերի թւում չկան արհեստավարժ քատրեր, քանի որ այսօր կարեւոր է, որ հայերը կառավարութիւնում ներկայ լինեն ոչ միայն որպէս հայ, այլ նաեւ որպէս մասնագէտներ։
1994ից Հայաստանում աբխազահայ երիտասարդները իրենց յատկացուած տեղերով մանկավարժներ են դառնում, որոնց մի մասը վերադառնում է, մի մասն էլ մնում Հայաստանում։ Ակումբի հիւրը, իր շնորհակալութիւնը յայտնելով ՀՀ կրթութեան եւ գիտութեան նախարարութեանը նման որոշման համար, միաժամանակ նկատեց, որ աբխազահայութեանը պէտք են նաեւ որակեալ բժիշկներ, իրաւաբաններ, տնտեսագէտներ, որոնք էլ հետագայում կը ներկայացնեն տեղի համայնքը ղեկավար մարմիններում։
Տարօն աբղ. Ղազիկեանն էլ իր խօսքում նշեց, որ 2004 թուականի Դեկտեմբերին Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Բ.ի բարձր հովանու ներքոյ ստեղծուեց Աբխազիայի հովւութիւնը։
«Երբ մեկնեցի այնտեղ, վիճակն իրօք ծանր էր, նման համայնք ունենալով հանդերձ՝ հայկական եկեղեցի չկար։ Կար միայն փոքր մատուռ Գագրայում։ Աբխազահայութիւնը տեղեակ չէ հայ եկեղեցու որեւէ ծէսին, տօնակատարութիւններին, եւ նրանք հիմնականում սովորել են քրիստոնեայ աբխազների ծիսակատարութիւնները», իրավիճակն այսպէս ներկայացրեց հոգեւոր հովիւը։
Նա հանդիպել է Աբխազիայի նախագահի հետ, եւ հանդիպման ընթացքում պայմանաւորուածութիւն է ձեռք բերուել մայրաքաղաքում կառուցել հայկական եկեղեցի, որի աշխատանքներն արդէն ընթացքի մէջ են։ Եւ քանի դեռ չկայ այդ եկեղեցին, նա այս մէկ տարուայ ընթացքում աշխատել է հայ համայնքի, մասնաւորապէս՝ Գ. Տրապիզոնեանի եւ համայնքի միւս համանախագահ Խաչիկ Մինասեանի հետ, այցելել են հայկական դպրոցներ եւ մասնակից եղել տարբեր միջոցառումների, երեխաների հետ զրուցել, կամաց-կամաց սովորեցրել հայ առաքելական եկեղեցու ծիսակարգը։
«Ձայն համշէնական» թերթի խմբագիր, «Համշէն» հայրենակցական միութեան փոխնախագահ Սերկէյ Վարդանեանն էլ ներկայացրեց 1992 թուականին հիմնադրուած «Համշէն» հայրենակցական-բարեգործական միութեան կատարած աշխատանքը, նշեց, որ 1991ին փորձ արուեց 2000 տպաքանակով տպել «Լոյս Համշէնի» թերթը, որը տարածւում էր Աբխազիայի, ինչպէս նաեւ Կրասնոտարի մարզի համշէնահայերի մէջ, որտեղ հայկական խօսքի կարիք կար։
2004 թուականի Օգոստոսից սկսուել է «Ձայն համշէնական» թերթի հրատարակումը, որի առաքման եւ տպագրման գործում մեծ է Գ. Տրապիզոնեանի աջակցութիւնը։ Նա նոյնպէս անդրադարձաւ հայկական դպրոցների խնդրին։ «Այսօր ոմանց զարմացնում է այսօրուայ հայկական դպրոցների թիւը, իսկ ով գիտի, թէ նախկինում ինչքան է եղել այդ թիւը, վշտանում է, որովհետեւ մինչեւ Երկրորդ համաշխարհային պատերազմը եղել է 128 հայկական դպրոց՝ 12 հազար աշակերտով։ Ցաւօք, այսօր աշակերտների թիւը արտագաղթի արդիւնքում նուազել է», ասաց Ս. Վարդանեանը։
Հանդիպման ժամանակ աբխազահայութեան ներկայացուցիչներն անդրադարձան նաեւ Աբխազիայի հետագայ կարգավիճակի խնդրին։ «Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը կայացրել է իր որոշումը, նոյն կերպ նաեւ Աբխազիան է կայացրել նման որոշում», ասաց Աբխազիայի խորհրդարանի պատգամաւորը։