ԵԱՀԿում ԱՄՆ դեսպան Ճիւլիա Ֆինլիի վերջին այցը Հայաստան, նրա հանդիպումները ընդդիմութեան առաջնորդների հետ մեծ ոգեւորութիւն են առաջացրել փրկիչների շրջանում։ Վերջիններս ձեռքերը շփելով պնդում են, թէ դրանք հաստատ ազդանշաններ են Արեւմուտքից, եւ հիմա արդէն յեղափոխականների հնարաւորութիւնները կտրուկ կը մեծանան։
Որեւէ երկրում «գունաւոր յեղափոխութեան» կազմակերպման սպառնալիքին պատասխանատուութեամբ մօտենալու դէպքում պէտք է մշտապէս ուսումնասիրել ԱՄՆից ստացուող ազդանշանները։ Դրանք կարող են բխել անմիջականօրէն ամերիկացի քաղաքական գործիչներից եւ ԶԼՄներից, կամ էլ հասցէատիրոջը հասնել միջնորդաւորուած։
Ճիշդ է, շատ բաներ յայտարարութիւններում եւ հրապարակումներում ծխածածկոյթ են «աշխարհի տիրակալների» իրական մտադրութիւնները քօղարկելու համար, եւ չափազանց հեռուն գնացող եզրայանգումներ դրանցից անել չի կարելի։ Բայց ընդհանուր միտումները նշմարել հնարաւոր է։
Այսօր նորաձեւութեան վերջին ճիչը ժողովրդավարութիւնների արտահանման ոլորտում դարձել են «գունաւոր» յեղափոխութիւնները. այն, որ Ճորճ Սորոսի յաջողութիւնները յետխորհրդային տարածքում անհամեմատ աւելի տպաւորիչ գտնուեցին, քան Պուշի վարչակազմի յաջողութիւնները Մերձաւոր Արեւելքում, ընդունում են բոլորը։
Ամերիկեան «The New York Sun» թերթը անցած տարուայ գարնանը «Փայտ նետէք յեղափոխութեան խարոյկին» վերտառութեամբ խմբագրականում հետեւեալն էր գրում յետխորհրդային երկրների մասին. «Ահա՛ թէ երբ պէտք է օգնութեան հասնի Ամերիկան։ Չէ՞ որ «նարնջագոյն» յեղափոխութիւնը տեղի ունեցաւ բնաւ ոչ ինքնաբերաբար. նրան նորածնի պէս երկնեցին ու սնուցեցին ամերիկեան իրաւապաշտպան կազմակերպութիւնները։ Նրանց շնորհիւ ժողովրդական ելոյթների կազմակերպիչներն այժմ կարող են խուսափել գնդացիրների կրակահերթերից եւ ուսումնասիրել ժողովրդական զանգուածներին կառավարելու գիտութիւնը»։
«Տեղի ունեցած յեղափոխութիւնները ցոյց տուեցին այն կաղապարի հիմնազրկութիւնը, թէ ժողովրդավարական փոփոխութիւնները չեն կարող պարտադրուած լինել արտաքին ուժերի կողմից։ Այժմ մենք պէտք է օգտագործենք Ուքրաինայի դասերը այլ վայրերում», այսպէս ձեւակերպեց ԱՄՆի արտաքին քաղաքական գլխաւոր նուաճումը Մաքս Պութը՝ արտաքին քաղաքականութեան հարցերով ամերիկեան խորհրդի (GFR) ղեկավարներից մէկը։
Կա՞ն արդեօք այս արտայայտութիւնների հետեւում ինչ-որ գործնական քաղաքական քայլեր։ Ամենայն հաւանականութեամբ՝ այո, մանաւանդ եթէ ուշադրութեան առնենք այն հանգամանքը, որ «ժողովրդավարութեան առաջխաղացման» նպատակով 2007 թուականին ամերիկացիները պատրաստւում են ծախսել 230 միլիոն տոլար։ Եւ դա միայն պաշտօնական թուերն են։
Ակնյայտ է, որ ամերիկացիների հիմնական նպատակը Ռուսաստանն է։ Եթէ դատենք ԱՄՆ քաղաքական գործիչների եւ քաղաքագէտների յայտարարութիւններից, ապա Վրաստանում եւ Ուքրաինայում տեղի ունեցած յեղափոխութիւնները պէտք է համարել Ռուսաստանը շրջապատող յետխորհրդային պետութիւնների տարբաղադրման լոկ առաջին փուլ։ ԱՄՆի արտաքին հետախուզութեան ազգային խորհուրդը ամէն կէս տարին մէկ թարմացնում է այն երկրների ցանկը, ուր ժողովրդավարութեան արտահանումը նպատակայարմար է։ Յետխորհրդային երկրներից այդ ցուցակում են Պելոռուսը, Ղազախստանը, Քիրկիզիստանը, Մոլտովան, Տաճիկիստանը, Իւզպէկիստանը, Հայաստանն ու Ատրպէյճանը։
«Իւրաքանչիւր երկրում մենք փորձում ենք շփումներ հաստատել ընդդիմութեան ներկայացուցիչների հետ, փորձում ենք աջակցել ժողովրդավարութեան առաջխաղացման ուղղութեամբ նրանց ջանքերին», յայտարարում է ԱՄՆ պետական քարտուղարի օգնական Մայքըլ Քոզաքը։
Մինչ քաղաքական գործիչներն ու քաղաքագէտները դատողութիւններ են անում, գործունեայ մարդիկ կատարում են իրենց աշխատանքը։ Մասնաւորապէս նախատեսւում է գումարների եւ «իրաւապաշտպանների» ջանքերի վերաբաշխում։ Այսօրուայ կարգախօսն է. «Դէմքով դէպի Կովկա՛ս»։ Այսպէս՝ ԵԱՀԿ նախագահը յայտարարեց. «ԵԱՀԿ ամավարկի բաշխման մէջ դիտարկւում է աշխարհագրական անհամամասնութիւն, երբ բոլոր աղբիւրների գրեթէ 50 տոկոսը յատկացւում է հարաւ-արեւելեան Եւրոպային, մինչդեռ միայն 6 տոկոսն է ծախսւում Կեդրոնական Ասիայում եւ 15 տոկոսը՝ Կովկասում։ Ես համարում եմ, որ մեզ անհրաժեշտ է սահմանել ծախսերի նոր հաշուեկշիռ եւ նոր նպատակայարմար մակարդակ, որոնց դէպքում աւելի մեծ միջոցներ կը յատկացուեն Կովկասին»։
Մի խօսքով, իրավիճակն առայժմ բաւականաչափ խճճուած է, եւ դժուար թէ այսօր որեւէ մէկը յանձն առնի ստոյգ կանխագուշակել, թէ ինչ գործողութիւններ կը ձեռնարկեն յեղափոխութեան արեւմտեան արտահանողները մեր երկրում։ Եւ կը ձեռնարկե՞ն արդեօք ընդհանրապէս որեւէ գործողութիւններ։
Պէտք է մի քանի ամիս էլ սպասել։