ՆԱՆԷ ԱՒԱԳԵԱՆ
Հայ Ճարտարագէտների եւ Գիտնականների միութեան ՍԹԵՄ (գիտութիւն, տեխնոլոգիա (ճարտարարուեստի), ճարտարագիտութիւն եւ մաթեմատիկա) ակադեմիան բացեց Միացեալ Նահանգներում առաջին «Արմաթ» ինժեներական (ճարտարագիտական) լաբորատորիան (տարրալուծարանը): 10-18 տարեկանների համար նախատեսուած այս ծրագիրը կը գործի «Ակադեմիա Եու.Էս.Էյ»ի տարածքում եւ համագործակցութեամբ:
Հայաստանում հիմնուած «Արմաթ» ինժեներական լաբորատորիաներ նախագիծը պատանիներին ծանօթացնում է գիտութեանը, տեխնոլոգիային, ինժեներութեանը եւ մաթեմաթիկային (ուսողութեան): «Եթէ երեխան հետաքրքրուած է ծրագրաւորմամբ, ռոբոտաշինութեամբ (մարդմեքենայի կազմութեամբ), 3D մոդելաւորմամբ, ապա այս ծրագիրը հիանալի առիթ կը լինի նրանց համար: Գործունէութեան ինը տարիների ընթացքում շուրջ 17,000 պատանիներ են սովորել «Արմաթ»ում, եւ նրանց 45 տոկոսը շարունակել է մասնագիտանալ ճարտարագիտութեան ոլորտում, 15 տոկոսը՝ սկսել է սթարթափ ծրագրեր:
«Միացեալ Նահանգներում «Արմաթ»ը գործում է Շաբաթ եւ Կիրակի օրերին: Ուսուցիչը՝ արհեստական բանականութեան ոլորտում բարձր որակաւորում ունեցող մասնագէտ է, որ դասաւանդել է Հայաստանում, ճանաչուել լաւագոյններից, այստեղ էլ աւարտել է «Եու.Էս.Սի.» համալսարանը», տեղեկացնում է ԱՄՆում ծրագրի տնօրէն Արաքսեա Նաջարեանը: Նրա խօսքով, դիմող պատանիները անհրաժեշտ չէ, որ ունենան յատուկ պատրաստուածութիւն: Ուսուցիչը համակարգում է տարբեր մակարդակներ ունեցող աշակերտներին եւ յանձնարարում նրանց գիտելիքներին համապատասխան առաջադրանք: Դասերը՝ շաբաթը մէկ անգամ՝ չորս ժամ:
Ծրագրում ընդգրկուելու համար անհրաժեշտ է արձանագրուել հետեւեալ կայքում: