Արցախի Հանրապետութեան արտաքին գործոց նախարարութիւնը ողջունեց Եւրոպական խորհրդարանին կողմէ Արցախի շրջափակման դատապարտումը եւ համաձայնութիւն տուաւ տեղւոյն վրայ մարդասիրական իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցքը փաստահաւաք առաքելութիւն մը ուղարկելու նախաձեռնութեան: «Արմէնփրէս»ը հրապարակեց նախարարութեան վերոնշեալ նիւթին վերաբերող յայատարարութիւնը, զոր կու տանք ստորեւ.
«Ողջունում ենք Ադրբեջանի կողմից Արցախի շարունակուող շրջափակման դատապարտումը Եւրախորհրդարանի կողմից եւ կոչերը` անյապաղ վերականգնել Լաչինի միջանցքի գործունէութիւնը` ի կատարումն 2020 թ. Նոյեմբերի 9ի Եռակողմ յայտարարութեան դրոյթների: Երախտագիտութիւն ենք յայտնում այն պատգամաւորներին, որոնք սկզբունքային դիրքորոշում են դրսեւորել Արցախի եւ նրա ժողովրդի նկատմամբ Ադրբեջանի անմարդկային քաղաքականութեան կանխման անհրաժեշտութեան վերաբերեալ:
«Հաւանութիւն ենք տալիս տեղում հումանիտար (մարդասիրական) իրավիճակը գնահատելու նպատակով Լաչինի միջանցք փաստահաւաք առաքելութիւն ուղարկելու, ինչպէս նաեւ` միջազգային կազմակերպութիւնների` Արցախ մուտքն ապահովելու կոչերին: Բարձր ենք գնահատում Եւրախորհրդարանի դիմումը միջազգային հանրութեանը` աւելի ակտիւ (աշխոյժ) մասնակցութիւն ունենալ Արցախի ժողովրդի ճակատագրում:
«Կրկին ընդգծում ենք, որ Արցախի շրջափակումը Ադրբեջանի` Արցախի ժողովրդի ոչնչացման ծրագրի բաղադրիչներից միայն մէկն է: Ստեղծելով անտանելի կենսապայմաններ` Ադրբեջանը նպատակ ունի վտարել Արցախի ժողովրդին իր պատմական հայրենիքից: Կարեւորում ենք միջազգային հանրութեան հաւաքական ջանքերի կենտրոնացումը կոնկրետ (յստակ) քայլերի իրականացման վրայ` միտուած Ադրբեջանի ցեղասպանական ծրագրի խափանմանը»։