Մովսէս Ս. Հերկելեան
Բա՛ եղա՞ւ Ալիք ջան, սա՞ էր մեր պամանաւորուածութիւնը: Երեւան գալէս առաջ, երբ զանգեցի, ասացիր, որ «մի քիչ շուտ արի», որպէսզի քո կազմած եւ խմբագրած` Պետրոս Հերեանի գիրքի շնորհահանդէսը անենք բացօթեայ, նկատի առած անձրեւների մօտալուտ լինելու հաւանականութիւնն ու համաճարակի հայրենիքում սանձարձակօրէն տարածուած լինելու իրողութիւնը:
Սակայն, երբ Սեպտեմբերի չորսին Երեւան հասայ, յաջորդ օրը իսկ, ինձ տեղեկացրին, որ իմ ժամանումից միայն մի օր առաջ, համավարակը քեզ էլ է տարել… : Բա՛ եղա՞ւ… : Իսկ ես սպասում էի շնորհահանդէսի օրուան, որպէս զի հրապարակաւ յատուկ շնորհակալութիւն յայտնէի քեզի, որովհետեւ դու ոչ միայն ծրագրեցիր, յառաջաբանը գրեցիր եւ հրատարակեցիր, այլ նաեւ դու գտար «Պետրոս Հերեանի ընկերներին, ովքեր մեծահոգաբար հովանաւորեցին այս ժողովածուի լոյս ընծայումը»: Մեր վերջին հեռաձայնային խօսակցութեան ընթացքին ասեցիր, որ քո վերջին գրած վէպիդ՝«Փոսը»ի խորագիրը, (որուն խիստ ժամանակակից բովանդակութեանն ու բնոյթին ծանօթ էի արդէն), ուզում էիր փոխել, դնել «Որոգայթ» եւ ապա հրատարակել: Թէ ի՞նչ եղաւ անոր ճակատագիրը, արդէն տեղեակ չեմ: Իսկ հիմա ի՞նչ… Ալիք ջան, իսկապէ՛ս անդարձ մեկնեցար ու արդեօ՞ք մի ամիս չանցած, Անահիտին էլ դո՛ւ կանչեցիր մօտդ: Չգիտեմ ի՞նչ եղաւ… շուարած եմ: Շատ բան չեմ հասկանում: Տակաւին կարծում եմ, որ ու՞ր որ ես, կը զանգես… :
Սիրելի Անօ,
Ձեր անսպասելի ու իրերայաջորդ մեկնումը այնքան անհեթեթ է ու անժամանակ, որքան անցնող տարուան Լիբանանի չարաբաստիկ ռումբն ու մեր անտրամաբանական պարտութիւնը: Երկու պարագաներուն ալ մեր մարդկային ու ազգային ինքնասիրութիւնն ու արժանապատուութիւնը խոցուած են ու արհամարհուած…:
Մեր ծանօթացման հետաքրքրական ու տարօրինակ պատմութենէն ետք, ես գրել էի նաեւ մի այլ յօդուած, ուր կար երկու վկայութիւն քո գեղեցկութեան ու դերասանական խաղի մասին: Դու ընթերցեցիր ու ասացիր «Քանի որ իմ ծննդեան 70ամեակին առիթով արդէն իսկ գրել ես, սա էլ, լաւ կը լինի որ հրատարակես իմ ծննդեան 75ամեակի առիթով»: Սակայն համաճարակը շտապեց ու թոյլ չտուեց, որ քո ծննդեան 75ամեակը նշենք… :
Բայց յիշեցնեմ, թէ ինչպէս՞ էի աւարտել այն: «(Մուսալեռցիք) նորապսակներին մաղթում են մի բարձի վրայ ծերանալ, իսկ ես քո ծննդեան եօթանասուն հինգամեակի առիթով, քո եւ Ալիքին մաղթում եմ մի բարձի վրայ շարունակէք այսպէս երիտասարդ մնալ… ու ստեղծագործել»:
Եւ այդպէս ալ դաժան ճակատագիրը այնպէս արեց, որ դուք միասին մտաք հիւանդանոց ու հրաժեշտ տուեցիք կեանքին, հիւանդանոցի նոյն սենեակում եւ քանի մը շաբաթ տարբերութեամբ միայն:
Թէեւ ձեր ստեղծագործական թափը կտրուեց անժամանակ, սակայն դուք երկուսդ էլ մնում էք զոյգ մը գագաթներ, մեր գրական ու թատերական ասպարէզներէն ներս. ու այն ինչ որ տուել էք արդէն, թէ՛ որակով եւ թէ քանակով, ապահովում են ձեր մշտական ներկայութիւնն ու գոյատեւումը մեր մշակութային կեանքէն ներս: Դուք կը շարունակէք ապրել մեր մէջ ու մեր հետ, ոչ միայն իբրեւ անցեալի յուշ ու ապագայի գրաւական, այլ նաեւ իբրեւ ստեղծագործական առօրեայ ներկայութիւն… :
Ստորեւ թարմացուած յուշագրութիւնս (յապաւուած, Խմբ․)․
«…Աղուոր Աղջիկ»
Սիրելի Անահիտ,
Վերջերս, երբ Ալիքի ուղարկած ե-նամակը ստացայ, կարծեցի, թէ կատակում է: Սակայն պարզուեց, որ իսկապէս գալ տարի Օգոստոսին լրանում է քո ծննդեան 75ամեակը: Փաստօրէն մի տարի դու մեծ ես ինձանից, մինչդեռ կարծում էի թէ քեզանից առնուազն տասնամեակ մը առաջ եմ ծնուել:
Բայց հարցը դա չէ։
Քանի որ հիմա առիթ է ստեղծուել քեզ հետ զրուցելու, լաւ կը լինի, որ մի քանի խոստովանութիւն եւ բացայայտում կատարեմ, առաւելաբար առնչուած այս պարագային քո կանացի հմայքի հետ:
Առաջին անգամ քեզ տեսել էի Երեւանի դրամատիկական թատրոնում, ճիշդ կէս դար առաջ, ուր «Աստուածային Կատակերգութիւն» ներկայացման մէջ խաղում էիր «Եւա»ի գլխաւոր դերը: Բեմի վրայ երեւում էիր գրեթէ մերկ, գեղեցիկ ու ցանկայարոյց…: Ուղխինահոս, երկար ու հարուստ վարսերդ աւելի ընդգծում էին քո մարմնի բարեմասնութիւններն ու դարձնում քեզ՝ աւելի գրաւիչ:
Ի՞նչ մեղքս պահեմ, սկզբում ընկերների հետ թատրոն էինք գալիս, աւելի քո կանացիութիւնը դիտելու, քան՝ բեմական խաղդ, սակայն, կարճ ժամանակի ընթացքին, ամէն ինչ փոխուեց: Քո բեմական հմայքի շնորհիւ, անմիջապէս քեզ նշմարեցին ու դարձար փնտռուած անուն մը, թէ թատերական, թէ հեռուստացոյցի եւ թէ ֆիլմարուեստի բնագաւառներէն ներս:
Երբ Ալիքը Ծաղկաձորում մեզ ծանօթացրեց քո մէջ գտայ խորապէս մարդկային մի հարազատի: Ինձ այնպէս թուաց թէ հնուց, է՜ն գլխից ճանաչում եմ քեզ: Հետաքրքրական ու գեղեցիկ է մեր ծանօթացման պատմութեան շարունակութիւնը եւս, որից շատ բան կարելի է յանձնել թուղթին: Այդ ժամանակի մեր սերունդի մտաւորականներից, արուեստագէտներից ու գրողներից շատեր «սիրահարուել» էին դերասանուհի եւ գեղեցկուհի Անահիտին:
Այո՛, դու գիտէիր այս բոլորը եւ գուցէ նաեւ՝ աւելին: Սակայն արդեօք տեղեա՞կ էիր թէ երէց սերունդի ներկայացուցիչներից եւս ոմանք կախարդուած էին քո գեղեցկութեամբ ու հմայուած քո դերասանական խաղով: Մէջբերեմ երկու օրինակ միայն:
Առաջինը՝ Ռաֆայէլ Իշխանեանն էր: Հմուտ լեզուաբան, գրականագէտ ու պատմաբան, իմ շատ սիրելի քանի մը յարգարժան դասախօսներից մէկը: Երեւանի պետհամալսարանի հին շէնքի բանասիրական բաժնի միջանցքում էր հանդիպումը: Նա ինձ հրաւիրեց իր տունը՝ ընթրիքի, ուր ներկայ պիտի լինէր նաեւ փեսան՝ Վազգէն Մանուկեանը: Թէեւ մեր հանդիպումը գործնական էր եւ կարեւոր, ես խնդրեցի յետաձգել այն, պատճառաբանելով թէ «Դրամատիկական»ում կարեւոր ներկայացում կայ: Իշխանեանը գլխի ինկաւ եւ անմիջապէս հարցրեց.
– Անահի՞տն է խաղում:
– Այո՛:
– Նրա համար արժի յետաձգել… :
Ես զարմացած էի, նայում էի նրա դէմքին, աչքերը շողում էին ու տրամադրութիւնը՝ բարձր:
Նա շարունակեց. «Այո՛ երիտասարդ, իրաւունք ունես: Ես էլ եմ փորձում ներկայ լինել նրա ներկայացումներին: Նա բացառիկ դերասանուհի է ու հմայիչ կին:
Երկրորդը՝ Փօլ Կիրակոսեանն էր:
Օգոստոսեան շոգ օր էր: Լիբանանի քաղաքացիական պատերազմի օրերին, Պէյրութում թաղային մարտեր էին մղւում եւ հայերից շատեր ապաստանած էին ծննդավայրս՝ Այնճար, իբրեւ համեմատաբար նուազ վտանգաւոր վայր: Հաւաքուել էինք իմ հօրենական տան բակը: Ներկայ էին, Զաւէն Խտըշեանը, Յարութիւն Թորոսեանը, Վահէ Աշգարեանը, Փօլ Կիրակոսեանը եւ ուրիշներ: Բոլորի դէմքին կար ապագայի անորոշութեան տագնապը: Զրոյցը գնում էր պատերազմի թեմաներով, որից Փօլ Կիրակոսեանը չէր ախորժում: Երբ նա իմացաւ, որ մի քանի շաբաթից Հայաստան պիտի վերադառնամ, հարցրեց.
– Հոն գեղեցիկ կին մը կայ կը ճանչնա՞ս:
Առանց հարցնելու թէ ո՞վ է, պատասխանեցի.
– Այո’, կը ճանչնամ:
– Է՜, անունը ի՞նչ է:
– Անահիտ:
– Հա, Անահիտ, դուն ըրեն ըսէ, որ Փօլը քըզի շատ կը սըրէ (կը սիրէ ըսել կ՛ուզէր):
– Եթէ տեսնեմ կ՛ըսեմ, սակայն յետո՞յ:
– Դուն ըրեն ըսէ, որ Փօլը քըզի շատ, շատ կը սըրէ, ըրեն հոս բեր, ես ըրեն Հոլիվուտ պըտի տանիմ, Օմար Շէրիֆին քով: Ինք մենծ արթիսթ է, գեղեցիկ ու «էլէգանդ»: Ես ըրեն շատ սըրեցի: Դուն հոս բեր ես անոր պըտը գծեմ, հասկցա՞ր…:
Փօլ Կիրակոսեանը այդպէս կը խօսէր իր մօրմէն սորված Երկրի բարբառով: Ան շուրջ տասնեակ մը լեզուներ գիտէր, որոնց մէջ սակայն ամէնէն թոյլը հայերէնն էր: Նաեւ ունէր երեխայի մաքրութիւն ու անմիջականութիւն:
Այո՛ Անօ ջան։ Այն ատեն դեռեւս անձնապէս չէի ճանաչում քեզ, բայց գիտէի որ դու ունէիր (եւ այսօր ալ ունես) բազմաթիւ երկրպագուներ, որոնցմէ շատ-շատեր կ՛երազէին լինել քո կողակիցը: Սակայն դու ի սկզբանէ ճի՛շդ կողմնորոշուեցար ու ընտրեցիր, մի ազնուասիրտ ու բազմատաղանդ մարդու, որ կարողացաւ «սանձել» քո նման կաշկանդումներ չհանդուրժող «էգ»ին, միայն ու միայն իր ազնուութեանբ, իր բարութեամբ, համբերատարութեամբ եւ մասամբ նորին: Մենք՝ Ալիքի ընկերները կարողացանք «ներել» նրան, որովհետեւ նա քեզ «չխլեց» մեզանից եւ չկտրեց շրջապատից. դու մնացիր նոյն ընկերասէր ու ազատախոհ կինը, որ իր ընկերական փոխյարաբերութիւնների «սահմանները» ճշդում էր, առանց երբեք խաթարելու Ալիքի վարկն ու տղամարդու արժանապատուութիւնը:
Իմ աղուոր աղջիկ եւ հաւատարիմ ընկերուհիս:
«Աղուոր» բառը Մուսա Լերան բարբառի մէջ նշանակում է թէ՛ գեղեցիկ, թէ՛ ուշիմ ու թէ կիրթ միաժամանակ: Ես չափազանց քիչ օգտագործում եմ «աղուոր» բառը, որովհետեւ աղուորները այնքան ալ շատ չեն… դժբախտաբար:
Քո եւ Ալիքի հետ ոչ միայն կապը չի կտրուել, այլեւ շարունակւում է կողակիցիս՝ Էլոյի ընկերակցութեամբ, ընտանեկան ջերմ ու հարազատ մակարդակներու վրայ: