Հոկտեմբերի 8ին «Իրաւապահների միութիւնը» կազմակերպել էր ուղեւորութիւն դէպի պատմական Հայաստանի միջնադարեան մայրաքաղաք Անի, ուր գտնւում են ռուսական սահմանապահ ուղեկալները: Այս ձեռնարկով Հայաստանի ուժայինները ցանկանում էին իրենց ուժն ու կորովը ներդնել հայրենիքի պաշտպանութեան գործին:
Ըստ Իրաւապահների միութեան ղեկավար Չիւան Յակոբեանի, ձեռնարկը նպատակ ունի ցոյց տալ, որ հայրենիքի սահմանների պաշտպանութեան գործում հայերը միասնական են ռուս սահմանապահների հետ. «Միջոցառման իմաստն այն է, որ մենք մեր աջակցութիւնն ենք ցոյց տալիս ռուս սահմանապահներին՝ մեր հայրենիքի սահմանները աւելի ոգեպնդուած պաշտպանելու համար»: Ծառայողական պարտականութիւնների անթերի կատարման համար հայ եւ ռուս զինուորները միջոցառման ընթացքում խրախուսուեցին պատուոգրերով:
«Մենք տեսնում ենք նրանց աշխատանքը, որն արժանի է շնորհակալութեան: Մեր յանձնածը ընդամէնը պատուոգիր է, բայց իր ծառայողական պարտականութիւնների կատարման ամենացածր աստիճանում գտնուող զինուորն զգում է, որ իր աշխատանքը գնահատւում է, որ իրեն չեն մոռացել, իր ծառայութիւնը չի դիտւում սոսկ պարտականութիւն»:
Պատուոգրերը տրուեցին զինուորներին, քանի որ զինուորն է անմիջական պաշտպանութիւն իրականացնում, գտնւում առաջին գծում: Ուրեմն, կազմակերպչի համոզմամբ, մեր պարտքն է նրանց շնորհակալութիւն յայտնել, որ իրենց կեանքը մեզ են նուիրում: Իսկ մենք սահմանից հեռու վստահ ենք, որ մեր սահմանները ամուր են: «Մենք իրաւունք չունենք նրանց արածը չգնահատելու, մանաւանդ որ մենք էլ ենք ծառայել եւ գիտենք դրա դժուարութիւնները:
«Ազգին հերոսներ են պէտք, իսկ հերոսին հարկաւոր է ոգեշնչել: Ով էլ որ կանգնած լինի մեր հայրենիքի պաշտպանութեան գծում՝ մենք նրա կողքին ենք եւ մեր հնարաւորութիւնների չափով ուզում ենք աջակցել, յայտնել մեր երախտագիտութիւնը: Հայրենիքը մեզ համար առաջնահերթ է: Իսկ հայրենիքի զարգացման, բարգաւաճման համար նախ եւ առաջ անհրաժեշտ է, որ մեր սահմանները ամուր լինեն»:
Սահմանապահներն էլ շնորհակալութիւն յայտնեցին, որ յիշում են իրենց եւ որ ամենակարեւորն է՝ գնահատում: Միութեան ղեկավարի խօսքերով, իրենք պատրաստ են հնարաւորութիւնների չափով լուծելու սահմանապահների խնդիրները՝ սահմանում հեռուստացոյց, համակարգիչ, հոսանք ունենալու:
Միջոցառմանը մասնակցում էին Արցախեան պատերազմի մասնակիցներ, ուժային կառոյցների՝ ազգային անվտանգութեան, բանակի, պաշտպանութեան նախարարութեան, ոստիկանութեան վետերաններ, քանի որ Իրաւապահների միութիւնը իր կազմի մէջ միաւորում է հայրենիքի, պետութեան եւ օրէնքի պաշտպանութիւնը ապահովելու կոչուած կազմակերպութիւններին: Միութիւնը, Չիւան Յակոբեանի հաւաստմամբ, զբաղւում է բոլոր ուժային կառոյցների աշխատակիցների, նրանց ընտանիքների ընկերային վիճակի բարելաւման աշխատանքներով:
«Մենք փորձում ենք ստեղծել բոլոր հնարաւորութիւնները, որ ծառայութեան մէջ գտնուողը կարողանայ լիովին նուիրուել իր ծառայութեանը: Հագնելով այդ համազգեստը՝ նա պէտք է կարողանայ հանգիստ ծառայել՝ վստահ իմանալով, որ ինքը թիկունք ունի, իր ընտանիքի իրաւական, ընկերային, երեխայի ուսման, ծնողների առողջութեան, նաեւ՝ իր վաստակած հանգստի անցնելու հարցերով զբաղւում են», նշեց իրաւապահների միութեան նախագահը:
Միութեան ստեղծման սկզբնական շրջանում նրանք դիմել են 220 պետութիւնների ղեկավարների՝ ցանկանալով համագործակցել այդ երկրներում գործող այնպիսի կազմակերպութիւնների հետ, որոնք զբաղւում են հայրենիքի, օրէնքի եւ պետութեան պահապան կազմակերպութիւնների աշխատակիցների ընտանեկան, ընկերային վիճակով եւ նրանց օգնութեան հարցերով:
Բոլոր պետութիւնների ղեկավարները պատասխանել են, որ չունեն այդ կառոյցները միաւորող կազմակերպութիւն: «Մենք դարձանք առաջինը աշխարհում, որ կարողացանք բոլորին միաւորել», նշեց Չ. Յակոբեանը:
Միութեան կարգախօսը՝ «Հայրենիք, պետութիւն, օրէնք», ըստ նրա, պարզապէս բառեր չեն. ամէն մի բառը իր մէջ ներառում է հազարաւոր էջեր: Կեանքն արժէ նուիրել այդ երեք բառին:
Միջոցառմանը մասնակցում էր նաեւ Իրաւապահների միութեան երիտասարդական թեւը, որի համար այցը նաեւ ճանաչողական բնոյթ ունէր:
Երիտասարդների առջեւ դրուած խնդիրն է՝ նախապատրաստել երիտասարդութեանը իրաւապահ կառոյցներում ծառայութեան անցնելու, նախապատրաստել նրանց հայրենիքի պաշտպանութեանը, որ կարողանան տիրապետել զէնքին ու բոլոր այն միջոցներին, որոնք անհրաժեշտ են ծառայութիւնն իրականացնելու համար: Իսկ դրա համար պէտք է նաեւ ծանօթ լինեն մեր պատմութեանը, տեսնել սեփական աչքերով: Շատ է խօսուել Անիի մասին, նրա աւերակներն անգամ վկայում են, որ այն մեզ համար մշակութային կենտրոն է եղել: Մարդուն պատմութիւնն է լիցք տալիս:
«Այս միջոցառմամբ մէկ անգամ եւս ցանկացանք աշխարհին ասել, որ մենք չենք մոռանում, չենք էլ կարող մոռանալ մեր նախնիներին, դրա իրաւունքն էլ չունենք: Պէտք է յիշել եւ յարգել անցեալը, որը կերտուել է շատ դժուար, մեր պապերի արեան գնով», նշեց Իրաւապահների միութեան ղեկավարը:
Իրաւապահների միութիւնը նախատեսել է նման միջոցառումներ սահմանապահ բոլոր ուղեկալներում: «Պէտք է անցնենք բոլոր ուղեկալներով, ծառայողական պարտականութիւնները անթերի կատարողների համար ունենք օգնութեան ծրագրեր», նշեց Չիւան Յակոբեանը: Յաջորդ միջոցառումը, աւելի մեծածաւալ, նախատեսուած է Հոկտեմբերի 21ին:
Աւելի մեծ շուքով նախատեսւում է նշել սահմանապահի օրը: Սակայն, ըստ Չիւան Յակոբեանի, աւելի լաւ կը լինի նշանաւոր օրերով չառաջնորդուել, քանի որ դա մշտական խնդիր է: «Կարող ես անձնական կեանքում սխալներ թոյլ տալ եւ կրկնել դրանք, բայց եթէ խօսքը վերաբերում է հայրենիքի պաշտպանութեանը, սխալուելու իրաւունք չունես: Սխալը կարող է դառնալ կործանման պատճառ»:
Ըստ նրա, այսօր մեր սահմանապահը սխալներ չունի:
Թէեւ իրաւունք չունէինք նկարահանելու մեր հինաւուրց քաղաքի աւերակները, բայց ուրախ էինք, որ գոնէ տեսնում ենք մեր պատմական հայրենիքը, որի սահմանաբաժան ձորով հոսում էր Ախուրեան գետը: 961թ. կառուցուած Անին արաբ ճանապարհորդները անուանում էին Տիեզերական քաղաք:
Այն մեր միջնադարեան ծաղկուն քաղաքներից մէկն էր: 13րդ դարում՝ Զաքարեանների տիրապետութեան ժամանակ, Անին 100 հազարից աւելի բնակչութիւն ունէր: Բազմիցս ասպատակութիւնների է ենթարկուել, գրաւուել բիւզանդացիների, սելճուքների, մոնկոլների կողմից: Քաղաքին, սակայն, վերջնական հարուած հասցրեց 1319թ. երկրաշարժը: Անիի մասին շատ են զրոյցներն ու աւանդութիւնները:
Անիում պեղումները սկսուել են 1894թ.՝ Նիկողայոս Մառի ղեկավարութեամբ, մասնակցութեամբ Թորոս Թորամանեանի, Յովսէփ Օրբելու, Ղափանցեանի, Իվանովի, Տոկարսկու եւ շատ այլ մասնագէտների: 1917թ., երբ սկսւում է Առաջին համաշխարհային պատերազմը, այստեղից արժէքները տեղափոխում են գնացքով, որոնք հիւսիսային Կովկասում կորչում են: Անիում հետագայում էլ կատարուել են շատ ուսումնասիրութիւններ: Այն եղել է մեր նշանաւոր բանաստեղծների ներշնչանքի աղբիւրը:
Ահա այսպիսին է Անին, որն այսօր մեզանից բաժանուած է, բայց միշտ՝ մեր սրտում:
Հայ-թուրքական սահմանի վրայ հնչեցին Հայաստանի եւ Ռուսաստանի հիմները, ինչը աննախադէպ երեւոյթ էր: Սա հաստատում էր երկու երկրների միասնութիւնը իրենց հայրենիքի պաշտպանութեան գործում:
Հանեցին երկու փոքրիկ դրօշակները եւ բարձրացրին մեծերը՝ ի նշան բարեկամութեան սերտացման:
Միջոցառմանը իրենց երգ ու պարով մասնակցում էին նաեւ Երեւանի քաղաքապետարանի մանկական ֆիլհարմոնիայի սաները, պաշտպանութեան նախարարութեան «Սպայի տան» սաները: Հնչեցին հայկական ժողովրդական, հայրենասիրական երգեր: Հնչեց հայոց «Կռունկ»ը եւ, ի հարկէ, «Տեսնեմ Անին ու նոր մեռնեմ»: