Չաւախքի հիմնախնդիրը աշխոյժ թեմա է ԶԼՄների տարբեր հրապարակումներում եւ քաղաքագէտների ու վերլուծաբանների աշխատութիւններում:
Փորձենք թեզի տարբերակով ներկայացնել որոշ հայեացքներ այն մասին, թէ ինչպիսի նոր (միաժամանակ աշխուժացնելով գոյութիւն ունեցողները) մեթոտներ պէտք է ընդգրկել ինչպէս պաշտօնական Երեւանի քաղաքականութեան, այնպէս էլ հայ քաղաքական ընտրախաւի եւ հասարակութեան մօտեցումներում՝ խուսափելու համար Չաւախքում տիրող իրավիճակի զարգացման բացասական սենարիոներից:
Նախ՝ հարկաւոր է յստակ գիտակցել, որ ջաւախքահայերի հիմնախնդիրը եւ Վրաստանի հայ բնակչութեան հիմնախնդիրը մի քիչ տարբեր են:
Թիֆլիսեան հայ համայնքը, չնայած իր հարստագոյն մշակութապատմական աւանդոյթներին եւ նշանակութեանը, ապրում է ուրիշ կեանքով, ունի այլ խնդիրներ, նպատակներ եւ այլն: Թիֆլիսեան հայ համայնքի ներկայացուցիչները Վրաստանի խորհրդարանում կամ իշխանական կառոյցներում չեն կարող Չաւախքի հայերի շահերի արտայայտողները լինել, առաւել եւս, որ նրանց շարքերում կան մարդիկ, ովքեր յարմար են եղել ե՛ւ կոմունիստների, ե՛ւ Զ. Կամսախուրտիայի, ե՛ւ Է. Շեւարտնածէի, ե՛ւ, ինչպէս պարզուեց, նաեւ Մ. Սահակաշւիլու օրօք:
Անհրաժեշտ է տարածաշրջանի հոգեւոր եւ մշակութային կեանքի աշխուժացում: Միայն վերջին տարիների ընթացքում հայկական եկեղեցին սկսեց աշխոյժ դեր խաղալ Ախալքալաքում, ինչն էլ անմիջապէս դրականօրէն անդրադարձաւ քաղաքի հոգեւոր-մշակութային կեանքի վրայ:
Մինչ այդ, փաստօրէն, դեռեւս 1930ական թուականներից (երբ բոլոր կրօնական միջոցառումները, ըստ վրացական եկեղեցու հետ հայկական հոգեւոր ղեկավարութեան պայմանաւորուածութեան, Վրաստանի հայութեան կողմից նշւում էին ուղղափառութեան սովորոյթներով եւ այլն), Չաւախքի հայ համայնքը, փաստօրէն, անտեսւում էր Էջմիածնի կողմից: Միաժամանակ հարկաւոր է նկատի ունենալ, որ շրջանում վերջին տասնամեակում դատարկ տեղում բացուեցին մի քանի վրացական վանքեր, շրջանը գործուն կերպով «իւրացւում» է վրացական ուղղափառ եկեղեցու կողմից:
Ակնյայտ է, որ հայկական դիրքորոշումն ուղղուած չէ հայ-վրացական յարաբերութիւնների չարաշահմանը: Բայց միաժամանակ հարկաւոր է հասկանալ, որ Չաւախքի «քարթւելացմանը» նոյնպէս հայկական կողմը չի կարող չդիմակայել: Այդ պատճառով անհրաժեշտ է որոնել շրջանի իրադարձութիւնների զարգացման «երրորդ ուղին», որը հնարաւորութիւն կը տայ խուսափել հակամարտութիւնից, սակայն թոյլ չտալ հայ բնակչութեան դուրսմղումն այնտեղից:
Այդ առումով համարձակւում եմ ենթադրել, որ առաւել առանցքային փոփոխութիւններից մէկը մօտեցումներում պէտք է դառնայ Չաւախքի, այսպէս կոչուած՝ «միջազգայնացումը» այն առումով, որ այն պէտք է դուրս բերուի զուտ հայ-վրացական, առաւել եւս՝ ռուս-վրացական յարաբերութիւնների եւ աշխարհաքաղաքական ծրագրաւորման շրջանակներից:
Չաւախքի հայ բնակչութեան հիմնախնդիրը պէտք է դրուի եւրոպական որոշակի կառոյցների եւ հիմնարկների առջեւ, ընդ որում՝ ոչ միայն եւ ոչ այնքան իբրեւ մարդու կամ Վրաստանի հայ ազգային փոքրամասնութեան իրաւունքների պաշտպանութեան մարդասիրական խնդիր, աւելի շուտ որպէս առանձին հայկական համայնքի գոյութեան հարց՝ իր ինքնատիպ պատմական, լեզուական եւ հոգեկերտուածքային առանձնայատկութիւններով, համայնք, որը կարող է գոյատեւել ու զարգանալ միայն այն պատմական տարածքի շրջանակներում, որը ներկայումս սահմանափակւում է Չաւախքի շրջանով:
Չէ՞ որ եւրոպական կառոյցներն ընդգրկուել կամ աշխուժօրէն զբաղուել են այդ նոյն թուրք-մցխեթցիների, Մերձտնեսթրի ռուսների, Պովոլժիէի գերմանացիների եւ ուրիշների հիմնախնդիրներով: Ինչո՞ւ նրանք չեն կարող այդ համաթեքսթում ներգրաւուած լինել Չաւախքի հայերի (իր իւրօրինակ առանձնայատկութիւններով, որի էթնիք անհետացումը կարող է կորուստ լինել ողջ մարդկութեան համար)՝ որպէս առանձին համայնքի հիմնախնդրի մէջ:
Չաւախքի հիմնախնդրի «միջազգայնացման» շրջանակներում անհրաժեշտ է նաեւ ուժեղացնել գործողութիւնները միւս ոլորտներում՝ իբրեւ այդ մօտեցման իրագործման պայման: Առաջին հերթին հարկաւոր է հայկական ոչ կառավարական հասարակական եւ քաղաքական կազմակերպութիւնների գործունէութեան աշխուժացում՝ համագործակցելու համար Չաւախքի հասարակական-քաղաքական շարժումների հետ, քանզի պաշտօնական Երեւանը, թէկուզ յանկարծ Չաւախքի հիմնախնդրի մէջ աշխուժօրէն ներգրաւուելու ցանկութեան դէպքում, հասկանալի պատճառներով, այնուամենայնիւ, որոշ սահմանափակումներ է ունենալու իր գործունէութեան մէջ:
Դա թոյլ կը տայ աշխուժացնել շրջանի քաղաքական դաշտը, որը, պէտք է անկեղծ ասել, այժմ փաստօրէն դատարկուել է: Ո՛չ 1990ականների առաջին կէսին երբեմնի գործուն «Չաւախք» շարժումը, ո՛չ որպէս կուսակցութիւն կամ քաղաքական շարժում չկայացած «Վիրքը» որեւէ լուրջ քաղաքական նշանակութիւն չունեն երկրամասում:
Բայց չէ՞ որ ներկայումս երկրամասի հայ բնակչութեան հիմնախնդիրներից մէկը հէնց քաղաքական ենթակայի կամ ուժի բացակայութիւնն է, որը կարող էր Վրաստանի իշխանութիւններին (իսկ հետագայում նաեւ եւրոպական կառոյցներին) ներկայացնել Չաւախքի առաջ ծառացած խնդիրների լուծումների պահանջները:
Չէ՞ որ քաղաքական կամ տնտեսական փոփոխութեան ցանկացած նախաձեռնութիւն, առաւել եւս ներկայացուած եւրոպական կառոյցների եւ հաստատութիւնների կողմից, պէտք է բխի յատկապէս Չաւախքից եւ ոչ թէ Երեւանից, Թիֆլիսից եւ առաւել եւս՝ ուրիշ վայրերից:
Հարկաւոր է նաեւ օրէնսդրական հիմքի ստեղծում՝ հիմնուած առկայ եւրոպական փորձի եւ արժէքների վրայ՝ միջազգային եւ մարդասիրական իրաւունքի ոլորտում, որի հիման վրայ Չաւախքի հայ համայնքը կարող էր իր իրաւունքները հիմնաւորել եւ պահանջները ներկայացնել եւրոպական կառոյցներին: Միաժամանակ պէտք է աւելացնել գիտական ուսումնասիրութիւնների հրապարակումը Մեծ Հայաստանի այդ պատմական մարզի անցեալի մասին:
Չնայած վերջին շրջանում երեւան են եկել մի քանի արժէքաւոր ուսումնասիրութիւններ Չաւախքի պատմութեան մասին (նշենք, օրինակ, Հայաստանի ԳԱԱ պատմութեան հիմնարկի տնօրէն Ա. Մելքոնեանի «Չաւախքը 19-20րդ դարի առաջին կէսերին» խիստ արժէքաւոր աշխատութիւնը), այդուհանդերձ, այդ եւ բոլոր վերլուծական աշխատանքների հիմնական թերութիւնն այն է, որ դրանք տպագրուել են միայն հայերէն լեզուով եւ միայն «ներքին օգտագործման» համար են: Հայաստանի սահմաններից դուրս դրանց հետ կարող է ծանօթանալ միայն հետազօտող-պատմաբանների խիստ սահմանափակ շրջանակը:
Այդ պատճառով հարկաւոր է մեծացնել եւրոպական լեզուներով թարգմանուած նման հրապարակումների (այդ թւում՝ նաեւ ժամանակակից էլեքտրոնային միջոցների օգտագործմամբ) քանակը: Դա թոյլ կը տայ լայն հասարակայնութեանը եւ փորձագէտ-քաղաքագէտներին Հայաստանի սահմաններից դուրս գոնէ նուազագոյն պատկերացում կազմել Չաւախքի հայ համայնքի՝ որպէս հայ ժողովրդի առանձին հատուածի առանձնայատկութիւնների մասին:
Պատմաբաններից բացի, միաժամանակ նաեւ հայ փորձագիտական-վերլուծական ընկերակցութիւնը նոյնպէս պէտք է իր աշխատանքներում ուշադրութիւն դարձնի Չաւախքի հիմնախնդրին: Այդ ամէնը գումարային առումով կարող է ստեղծել, այսպէս կոչուած՝ պատմագաղափարախօսական ֆոն, որը մշակուած իրաւական հիմքի հետ միասին, կարող է հիմնաւորել Չաւախքի հայերի դիրքորոշումներն իրենց հիմնախնդրի «միջազգայնացման» առումով:
Մէկ այլ կարեւոր բաղադրիչ, որ պէտք է խորհրդանշի մօտեցումների փոփոխութիւնը Չաւախքի հիմնախնդրի նկատմամբ, պէտք է դառնայ Չաւախքի առաւել խոր ներգրաւումը Սփիւռքի հասարակական ոլորտում:
Դա առաջին հերթին կ’օգնի աշխուժացնել շրջանի տնտեսական կեանքը: Քանզի Չաւախքի խնդիրը ոչ միայն միահիւսւում է քաղաքական իրավիճակի եւ վրացական ղեկավարութեան դիրքորոշման հետ, այլեւ խորանում առկայ ընկերային-տնտեսական դժուարութիւններով, չնայած՝ յաճախ սադրուած Թիֆլիսի կողմից: Սփիւռքի հետ միասին համատեղ նախագծերի յաջող իրականացումը, անկասկած, թոյլ կը տայ լուծել Չաւախքի որոշ՝ առաւել սուր ընկերային-տնտեսական հիմնախնդիրները:
Ընդ որում՝ համագործակցութեան տարազն այդ ոլորտում կարող է ընդլայնուել նաեւ Չաւախքում «Հայաստան» համահայկական հիմնադրամի ծրագրերի իրագործման հաշուին՝ ինչպէս Սփիւռքում միջոցների հայթայթման ճանապարհով (նման այն մեթոտին, որն արդէն ձեւաւորուել է Սփիւռքում ԼՂՀում սկզբունքային խնդիրների լուծման համար):
Եւ, վերջապէս, Չաւախքի հիմնախնդիրը չպէտք է շահարկման նիւթ լինի բուն Հայաստանում, հայկական քաղաքական կուսակցութիւնները չպէտք է փորձեն ծագումով ջաւախքցիներին օգտագործել ի շահ իրենց ներքաղաքական նպատակների:
Աւելին, ե՛ւ հայ հասարակութեան մէջ, ե՛ւ քաղաքական ընտրախաւում պէտք է ձեւաւորուի Չաւախքի հիմնախնդրի ինքնատիպ համաձայնութիւն, ինչը ենթադրում է նաեւ այդ հիմնախնդրի հեռանկարների հասարակական քննարկման աշխուժացում ինչպէս հայկական ԶԼՄներում, այնպէս էլ (ինչը ոչ պակաս կարեւոր է) Հայաստանի փորձագիտական-վերլուծական շրջանակներում:
(*) Հեղինակը պատմական գիտութիւններու թեկնածու է եւ Ռուս-հայկական (Սլաւոնական) պետական համալսարանի տարածաշրջանային ապահովական խնդիրներու եւ հարաւային Կովկասի համարկման գիտահետազօտական կեդրոնի տնօրէն: