Բազմաթիւ փորձագէտների կարծիքով՝ Մեծ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանի ապագայ աշխարհաքաղաքական գործընթացների կարեւորագոյն յատկանիշներից մէկը հարաւարեւելեան Թուրքիայի եւ հիւսիսային Իրաքի ջրային աղբիւրների օգտագործման խնդիրն է, որն ամենասուր հարցերից մէկն է այս տարածաշրջանում, քանզի վերջինիս կարեւորագոյն գետերի մեծ մասը հոսում է հիմնականում քրտաբնակ տարածքներով։
Մերձաւոր Արեւելքի հիմնական ջրային աղբիւրների աշխարհագրական դիրքի առանձնայատկութիւնն այն է, որ դրանց հիմնական ակունքները գտնւում են տարածաշրջանի հիւսիսային մասում (Թուրքիայի արեւելքում, Իրանի եւ Իրաքի հիւսիսային հատուածներում, այսինքն՝ յատկապէս այն տարածքներում, որոնք գերազանցապէս բնակեցուած են քրտերով) եւ, կտրելով մեծ հեռաւորութիւն, գետերի եւ ստորգետնեայ աղբիւրների համակարգով հասնում են ջրի պակասի գօտիներ։
Մերձաւոր Արեւելքում ջրային աղբիւրների նման վերաբաշխման ակնառու օրինակ է Միջագետքի ջրային համակարգը. Տիգրիս եւ Եփրատ գետերի աւազանները կեդրոնական եւ հարաւարեւելեան Անատոլիայի (էթնօաշխարհագրական հիւսիսային Քիւրտիստանի) եւ Միջագետքի հիւսիս-արեւելքի (Իրաքեան եւ Իրանեան Քիւրտիստանի արեւմուտքը) ջրային աղբիւրները տեղափոխում են հարաւ՝ արաբներով բնակեցուած անապատներ։ Այդ առանձնայատկութիւնն էլ հէնց կանխորոշում է քրտական հարցի ջրային յատկանիշը՝ տարածաշրջանի հիւսիսի (Թուրքական եւ մասամբ՝ Իրաքեան Քիւրտիստանի) ջրային աղբիւրների բաշխման խնդիրը հարաւում՝ Սիրիայում եւ Իրաքում, իսկ աւելի ստոյգ՝ սոյն խնդիրը քաղաքական եւ աշխարհատնտեսական առումներով դրսեւորւում է արաբական երկրների համար այն տարածքների ջրային աղբիւրների կենսական շահագրգռութեամբ, որոնք հիմնականում բնակեցուած են քրտերով եւ, ելնելով դրանից, Թուրքիայի կողմից այդ ջուրը Սիրիայի եւ Իրաքի նկատմամբ իբրեւ աշխարհաքաղաքական լծակ օգտագործելու հնարաւորութիւններում ու, բնականաբար, արաբական երկրների կողմից քրտական գործօնի օգտագործման հարցում Թուրքիայի հետ աշխարհատնտեսական հակակշռում, ինչը դրսեւորւում է Թուրքիայում քրտական շարժմանը աջակցելու մէջ։
Դարեր շարունակ այդ տարածաշրջանի ջրային աղբիւրները հիմնականում օգտագործուել են միայն Թուրքիայի հարաւային՝ արաբ հարեւանների կողմից, եւ միայն մօտաւորապէս 1961ին թուրքական կառավարութիւնն իր հարաւարեւմտեան, հիմնականում՝ քրտաբնակ գաւառներում նախապատրաստական աշխատանքներ սկսեց խոշոր ջրելեքտրական եւ ոռոգման շինութիւնների ամբողջական ցանցի կառուցման ծաւալուն նախագծի իրականացման ուղղութեամբ։ Թուրքիայի՝ այդ տարածքների ջրային աղբիւրների օգտագործման յաւակնոտ ծրագրերը ենթադրում են 22 ջրամբարների կառուցում (որոնցից ամենածաւալունը պէտք է կրի Աթաթուրքի անունը), որոնք միասին կարող են ապահովել մօտաւորապէս 1.7 մլն. հեքթարի (Թուրքիայի ամբողջ ոռոգելի մակերեսի 20%ը) ոռոգումը, ինչպէս նաեւ 19 ջրելեքտրակայանների կառուցումը Տիգրիսի եւ Եփրատի վրայ։ Այս երկու գետերի ջրօգտագործման պատմական առանձնայատկութիւնն այն է, որ մինչեւ 1968 թ. ոռոգում իրականացնում էին միայն նշուած գետերի ստորին աւազաններում գտնուող պետութիւնները (Իրաքը եւ Սիրիան, իսկ մինչեւ 1950 թուականը՝ միայն Իրաքը), եւ միայն 70ական թուականներին այդ գետերի ակունք պետութիւնը (Թուրքիան) ձեռնամուխ եղաւ Տիգրիսի ու Եփրատի իւրացման եւ օգտագործման աշխատանքներին։ 1980 թուականից Թուրքիան սկսեց «Հարաւարեւելեան Անատոլիա» (Guneydogu Anadolu Projesi -GAP) հսկայածաւալ նախագծի իրականացումը, որն ընդգրկում է 73,863 քառ. քմ. մակերեսով տարածք (թուրքական Քիւրտիստանի հարաւարեւմտեան եւ կենտրոնական մասերը, որոնք ներառում են Ատըեաման, Տիարպէքիր, Կազիանթէպ, Մարտին, Սղերդ, Ուրֆա, Շըրնաք եւ Պաթման նահանգները), որը կազմում է Թուրքիայի տարածքի 9.4%ը, եւ ինչպէս համարում են քիւրտ որոշ հեղինակներ, տնտեսական նպատակներից բացի՝ այն շրջանի ընկերային-տնտեսական եւ ժողովրդագրական դիմագծի փոփոխութեան համալիր ծրագիր է, որովհետեւ դրա արդիւնքում կարող է զգալիօրէն կրճատուել տուեալ մարզերի քիւրտ բնակչութեան թիւը։
Թուրքական Քիւրտիստանի խոնաւ շրջաններից աւելորդ ջրերը Մերձաւոր Արեւելքի պապակ երկրներ (Սիրիա, Յորդանան, Իսրայէլ եւ Պարսից ծոցի պետութիւններ) հասցնելու համար «ջրատար» կամ «աշխարհի խողովակաշար» կառուցելու՝ Թուրքիայի գաղափարը, որը դեռ 1987ին առաջ քաշեց վարչապետ Թուրկութ Օզալը Ուաշինկթընի Ռազմավարական եւ միջազգային հետազօտութիւնների կենտրոնում (CSIS), արաբական երկրները ոչ անհիմն կերպով ընդունեցին եւ այսօր էլ դիտարկում են տարածաշրջանում տնտեսական եւ քաղաքական տիրապետութեամբ ղեկավար դիրքի հասնելու՝ «Թուրքիայի երազանքի» առումով (այդ երկրները կախման մէջ գցելով «թուրքական ջրից»)։
Բացի այդ, Սիրիան յիշեցնում է, որ Թուրքիան, մշտապէս յայտարարելով ջրային աղբիւրների պակասի մասին, առաջարկում է արտահանել ջուրը։ Դրան գումարած՝ Թուրքիան նախատեսում է Միջերկրական ծովի յատակով 80 քիլոմեթրանոց խողովակաշար անցկացնել դէպի Հիւսիսային Կիպրոսի թուրքական հատուած. հեռանկարային է նաեւ ջրի վաճառքը Կիպրոսի յունական մասին։
Թուրքիայի քրտաբնակ շրջաններից ջրային աղբիւրները տարանցելու հիմնախնդիրն աւելի ու աւելի կարեւոր նշանակութիւն է ստանում Իսրայէլի արտաքին քաղաքական ծրագրերում։
Թուրքիայի առաջարկած՝ «աշխարհի մինի խողովակաշարը»՝ տարեկան 180 միլիառ խորանարդ մեթր ջուր Մանաւղաթ գետից Սիրիային, Յորդանանին, Իսրայէլին եւ Պաղեստինին վաճառելու համար (այդ թւում՝ նաեւ Միջերկրական ծովի յատակով՝ Սիրիայի տարածքային ջրերի սահմաններում), նոյնպէս հանդիպում է Սիրիայի դիմադրութեանը։
Ի դէպ, հազիւ թէ Թուրքիայի ջրամատակարումներն Իսրայէլին կարելի է «աշխարհի խողովակաշար» անուանել։ Մամուլում ի յայտ եկան տեղեկութիւններ, թէ սոյն հարցն անմիջականօրէն կապւում է Իսրայէլի կողմից թուրքական բանակին արուող արդի սպառազինութիւնների այն մատակարարումների հետ, որոնք Անգարային առաջին հերթին անհրաժեշտ են քրտերի դէմ պայքարելու համար։
Այսպէս, ժամանակին տեղեկատուական գործակալութիւնները հաղորդեցին, թէ, ի պատասխան ամերիկեան իրաւապաշտպան կազմակերպութիւնների՝ ԱՄՆ սպառազինութիւնների մատակարարումների (մասնաւորապէս՝ մարտական ուղղաթիռների, որոնք Թուրքիան կարող է քիւրտ ապստամբների դէմ օգտագործել) դէմ կազմակերպած արշաւների պատճառած դժուարութիւնների, թուրք պաշտօնատար անձինք կրկին աշխուժօրէն վերսկսեցին բանակցութիւնները ռուս-իսրայէլական ընկերութիւնների հետ՝ Ka-50-2 ուղղաթիռներ գնելու շուրջ:
Բացի այդ, Թուրքիան բանակցութիւններ սկսեց 108 միաւոր հարուածային անօդաչու ինքնաթիռների եւս մէկ խմբաքանակ գնելու համար։ Փոխարէնը, ինչպէս հաղորդեց «Jerusalem Post»ը, Իսրայէլը պարտաւորուեց տարեկան 50 մլն. խոր. մ. ջուր գնել Թուրքիայից։
Յայտնի է, որ ջրային խնդիրն արաբաիսրայէլական յարաբերութիւնների բաղկացուցիչ մասն է։ Իսրայէլի եւ արաբների («Ա.».- Աւելի ճիշդ՝ պաղեստինցիներու) միջեւ Օսլոյում կնքուած համաձայնագրի դրոյթներից մէկում նշւում է Յորդանան գետի ջուրերը հրէական պետութեան եւ արաբ հարեւանների միջեւ բաշխելու մասին։
Քիւրտ դիտորդները նշում են, որ Իսրայէլի հետաքրքրութիւնը քրտաբնակ տարածքի ջրային աղբիւրների հիմնախնդրի նկատմամբ անհրաժեշտ է դիտարկել իսրայէլա-արաբական հակամարտութիւնը խաղաղ լուծելու հեռանկարի տեսանկիւնից։
Միացեալ Նահանգներն ու Իսրայէլը մերձաւորարեւելեան կարգաւորման գործընթացում են դիտարկում նաեւ Եփրատ գետի ջրերը։ Թուրքիայի զիջումը Սիրիային Եփրատի հարցում, նրանց կարծիքով, կարող է նպաստել իսրայէլեան զօրքերի դուրսբերմանը Կոլանի բարձունքներից, որովհետեւ Սիրիան, ստանալով «յաւելում» Եփրատում, աւելի զիջող կը լինի Իսրայէլի նկատմամբ, որը կենսականօրէն շահագրգիռ է Կոլանի ջրերով, ինչը կը վերացնի եւս մի խոչընդոտ շրջանից իսրայէլական ռազմական համակազմը դուրս բերելու առումով։
Թէեւ Թուրքիան յայտարարում է, թէ «թուրքական ջուրը» չի կարող գործարքի առարկայ դառնալ մերձաւորարեւելեան խաղաղ գործընթացում, դրա շուրջ բանակցութիւնների հէնց սկզբից ԱՄՆը՝ իբրեւ գլխաւոր գործող անձ այդ գործընթացում, անփոփոխ կերպով դրանում ընդգրկեց Եփրատի հարցը։ Միաժամանակ, Իսրայէլը խոստանում է Թուրքիային՝ հաշուի առնել վերջինիս ջրային շահերը Սիրիայի հետ բանակցութիւններում։
Սակայն չի բացառւում, որ, չնայած զարգացող իսրայէլա-թուրքական համագործակցութեանը ջրային աղբիւրների եւ ոռոգման ոլորտում (ընդհուպ մինչեւ այսպէս կոչուած՝ «ջրային աղբիւրների հաւասար բաժանում ստեղծելու համատեղ նախագծերը, համաձայն որոնց՝ Տիգրիսի եւ Եփրատի ջրերը բաշխուելու են տարածաշրջանի բոլոր պետութիւնների, այդ թւում՝ Իսրայէլի միջեւ), ինչը խորապէս մտահոգում է արաբներին, Թուրքիայի ջրային շահերը ապագայում կարող են զոհաբերուել մերձաւորարեւելեան խաղաղ գործընթացին։ Միւս կողմից, արաբների՝ «թուրքական ջրից» կախման մէջ ընկնելու վախը մասամբ կարող է նպաստել Իսրայէլի հետ նրանց հաշտութեանը։
Հարկ է նշել, որ 1998 թ. Սիրիայի եւ Թուրքիայի յարաբերութիւնների սրման (որը հետեւանք էր PKK-ի խարիսխները Սիրիայում փակելու Անգարայի պահանջին) պատճառներից մէկն էլ GAP-ի ջրելեքտրական կառոյցների նախագծի անվտանգութեան ահագնացող սպառնալիքն էր քիւրտ ապստամբների կողմից։
Տուեալ դիմակայութիւնում, ինչպէս յայտնի է, բազմաթիւ վերլուծաբանների կարծիքով՝ այդ ժամանակահատուածում ոչ պակաս կարեւոր դեր խաղաց Թուրքիայի եւ Իսրայէլի միջեւ լիովին ձեւաւորուած ռազմաքաղաքական դաշինքի առկայութեան փաստը։
Այսպիսով, Մեծ Մերձաւոր Արեւելքի տարածաշրջանային աշխարհաքաղաքականութեան կարեւորագոյն տարրերից մէկը, յատկապէս՝ քրտական հարցի առումով, հարաւային Թուրքիայի եւ հիւսիսային Իրաքի քրտաբնակ շրջաններով հոսող ջրերի բաշխման հիմնահարցն է։
Հետեւաբար, շրջանի աշխարհաքաղաքական գործընթացների զարգացման հեռանկարները բազմաթիւ առումներով կախուած կը լինեն այն բանից, թէ ինչքանով քրտերը կարող են (կամ, հակառակը՝ չեն կարող) վերահսկել այդ աղբիւրները։ Միաժամանակ, սոյն գործօնը կÿանդրադառնայ նաեւ իսրայէլա-թուրքական փոխյարաբերութիւնների մակարդակի, իսկ ընդհանուր առմամբ՝ արաբ-իսրայէլական հակամարտութեան հեռանկարների վրայ։