Հ.Յ.Դաշնակցութեան հիմնադիր երրորդութեան մէջ ինքնօրինակ կերպար է Ռոստոմը։ Նա այն հազուագիւտ անձնաւորութիւնն է, որ գլխաւոր դերակատարութիւն է ունեցել Դաշնակցութեան գրեթէ բոլոր կարեւոր իրադարձութիւններում, բայց եղել է չափազանց համեստ ու անփառատենչ։ Եւ երեւացել են նրանք, ովքեր իր գաղտնի կազմակերպչական աշխատանքների արդիւնքն էին։
Հայդուկային շարժումներից սկսած մինչեւ Հայաստանի Առաջին հանրապետութեան արարումը, Ռոստոմը ամուր կանգնած էր բոլոր այն իրադարձութիւնների թիկունքում, որոնցից ամէն մէկը կարելի է համարել առանձին արար կամ գործողութիւն, որոնք աստիճանաբար մօտեցնում էին հայոց նոր պետականութեան արարումին, որի ստեղծումով աւարտուեց նրա կեանքը։
Յաճախ այն տեսակէտն է հնչել, որ Ռոստոմը գործի մարդ էր եւ ոչ թէ տեսաբան։ Բայց, կարծում ենք, այս գնահատականը ճիշդ չէ։ Պարզապէս նրա տեսութիւնները չէին գրւում, կեանքի էին կոչւում ոտքի վրայ, գրի չէին առնւում, որովհետեւ Ռոստոմը չէր սիրում շատ գրել, սիրում էր գործել։
«Կատարենք մեր պարտքը մեր թշուառ ժողովրդի հանդէպ… փա՞ռք, ծա՞փ, դափնինե՞ր, ունայնութիւն ունայնութեանց», այս էր նրա կարգախօսը։
Ռոստոմը (Ստեփան Զորեան) ծնուել է Գողթան գաւառի (Նախիջեւան) Ցղնա գիւղում 1867 թ. Յունուարի 18ին։ Նախնական կրթութիւնն ստացել է գիւղի ծխական դպրոցում, ուր առանձնակի սէր է դրսեւորել դէպի հայոց լեզուն ու պատմութիւնը։
Ծխական դպրոցը տակաւին չաւարտած՝ Ռոստոմի ծնողները նրան տանում են Թիֆլիս, ուր նախ նախապատրաստւում է Բէգլարեան մասնաւոր դպրոցում, ապա՝ 1882 թուականին, մտնում է պետական ռէալական դպրոց, որն աւարտում է 1886 թուականին։ Ինչպէս վկայում է Ս. Վրացեանը, Ռոստոմը «ռէալական դպրոցի ընդունակ աշակերտներից է լինում եւ առանձնապէս աչքի է ընկնում բնագիտական եւ մաթեմատիկական առարկաների մէջ։
«Եւ արդէն դպրոցական նստարանի վրայ՝ սկսում է հետաքրքրուել հասարակական խնդիրներով եւ գործօն մասնակցութիւն է ունենում աշակերտական ինքնազարգացման խմբակների մէջ։ Նրա դպրոցական ընկերները վկայում են, որ հանդարտ ու խոհուն տղայ էր, չէր սիրում մասնակցել խաղերին, շատ կարդում էր եւ շատ մտածում»։
Ռոստոմը նոյնպէս, ինչպէս Դաշնակցութեան միւս երկու հիմնադիրները, տարւում է ռուս յեղափոխական նարոտնիկների գաղափարախօսութեամբ, «բայց հայկականութիւնը իր մէջ աւելի զօրաւոր էր»։
Թիֆլիսի ռէալական դպրոցն աւարտելուց յետոյ նոյն տարում Ռոստոմը ընդունւում է Վարշաւայի մօտ գտնուող Նովօ-Ալեքսանդրեան գիւղատնտեսական ճեմարանը, սակայն, շատ չանցած, ուսանողական խռովութեանը մասնակցելու պատճառով ձերբակալւում է եւ ոստիկանի հսկողութեան տակ աքսորւում է ծննդավայրը՝ Ցղնա գիւղը, ուրիշ տեղ սովորելու իրաւունքից զրկուելով։ Ցղնայում Ռոստոմը երկար չի մնում, այլ Աբրահամեան ազգանունով կեղծ անցագրով մեկնում է Թիֆլիս եւ մտնում յեղափոխական խմբակների մէջ։ 1887թ. նա Քրիստափոր Միքայէլեանի հետ փորձում է գաղտնի տպարան պահել Թիֆլիսում, բայց նիւթական միջոցների բացակայութեան պատճառով չի յաջողում։ Այնուհետեւ Ռոստոմն անցնում է Պաքու։
1889թ. ընդունւում է Պետրովսկօ-Ռազումովսկայեա գիւղատնտեական ակադեմիան, ուր սովորել են նաեւ Քր. Միքայէլեանը, Ս. Զաւարեանը, Աւ. Սահակեանը եւ ուրիշներ։ Այս ակադեմիայում Ռոստոմի եւ միւսների սովորելը պատահական չէր, քանզի այնտեղ դասաւանդում էին համաշխարհային հռչակ ունեցող գիտնական-փրոֆեսէօրներ, որոնք այն դարձրել էին օրինակելի բարձրագոյն հաստատութիւն։ Եւ նաեւ այս պատճառով այն հանդիսանում էր յեղափոխական գաղափարների դարբնոց։
1890 թուականին Մոսկուայում տեղի են ունենում ուսանողական ցոյցեր։ Դրանց աշխոյժ մասնակցութիւն ցուցաբերելու համար Ռոստոմը նոյնպէս շատերի հետ ձերբակալւում է։ Նա աքսորւում է Կովկաս՝ զրկուելով ակադեմիայում ուսումը շարունակելու եւ Մոսկուա վերադառնալու իրաւունքից։
Ռոստոմի վերադարձի օրերին Հ.Յ.Դաշնակցութիւնն արդէն կազմաւորւում էր Թիֆլիսում։ Նա դառնում է կուսակցութեան ամենագործունեայ անդամներից մէկը՝ խմբեր է կազմակերպում, թռուցիկներ հրատարակում, վարում զինավարժութեան գործը։ Քանի որ տարբեր շրջաններ էին առաքւում Դաշնակցութեան հիմնադիր գործիչները, Ռոստոմը եւս մեկնում է Թաւրիզ, ուր զբաղւում է Հ.Յ.Դ. կառոյցների ստեղծման աշխատանքներով։
1892 թ. տեղի է ունենում Հ.Յ.Դաշնակցութեան առաջին Ընդհանուր ժողովը։ Վերադառնալով Թաւրիզից՝ Ռոստոմը մասնակցում է նրա աշխատանքներին եւ լինում է ծրագրի հեղինակներից մէկը։ Նրա գրչին է պատկանում ծրագրի ներածական մասը, որի վրայ մեծ էր մարքսիզմի ազդեցութիւնը։ Այն աւելացւում է ծրագրին Ընդհանուր ժողովից յետոյ եւ վաւերացւում երկրորդ Ընդհանուր ժողովի կողմից։
1892 թ. Ռոստոմն անցնում է Ռումինիա, ապա՝ Ժընեւ, ուր հաստատւում է որպէս «Դրօշակ»ի խմբագիր։ Այստեղ նա մնում է մինչեւ 1895թ.։ Նա ե՛ւ խմբագիր էր, ե՛ւ գրաշար, ե՛ւ թղթակից։ Բայց յեղափոխական գործիչը թողնում է «Դրօշակ»ը, վերադառնում Կովկաս, եւ ապա անցնում «Թրքաց Հայաստան»։
Ռոստոմի Էրզրում անցնելու շրջանում սկսւում են արեւմտեան առաջին զանգուածային ջարդերը։ Եւ շնորհիւ նրա ստեղծած ինքնապաշտպանական խմբերի, Էրզրումի հայութիւնն աւելի մեղմօրէն ճաշակեց կոտորածի սարսափները։
Սակայն, դժբախտաբար, աքսորւում է եւ, որպէս պարսկահպատակ, Ղարա-Մելիքի (Բարսեղ Մելիք-Գրիգորեան) հետ աքսորւում է Պարսկաստան։ Այստեղից անցնում է Թիֆլիս, ուր մասնակցում է Հ.Յ.Դ. Երկրորդ Ընդհանուր ժողովին։ Ժողովում նա ընտրւում է Հ.Յ.Դ. Արեւմտեան Բիւրոյի անդամ։ Ընդհանուր ժողովից յետոյ կապեր է հաստատում յոյների, մակեդոնացիների եւ այլազգիների հետ։ Այդ նպատակով անցնում է Պալքաններ եւ հաստատւում Ֆիլիպպէում, ուր բացում է մասնաւոր դպրոց՝ նոր սերունդը դաշնակցական գաղափարներով սնելու համար։
Ռոստոմի կեանքի կարեւորագոյն փուլերից է նրա մասնակցութիւնը 1903թ. սկսուած հակացարական պայքարին։ Այդ նա էր, որ այցելեց կաթողիկոսին՝ համոզելու, «որ հրատարակէ իր հանդիսաւոր մերժման կոնդակը, ի պատասխան ցարի ուքազին։ Մեր ընկերը կը խոստանար Դաշնակցութեան կողմէ ամէն աջակցութիւն»։
Եւ շնորհիւ Ռոստոմի ու Դաշնակցութեան՝ ցարիզմը շուտով տեղի տուեց՝ հետ վերցնելով իր հակահայ որոշումը։
Անուրանալի է Ռոստոմի դերը հայ-թաթարական կռիւներում հայութեան տարած յաղթանակի առումով։ 1905-06 թթ. հայ-թաթարական կռիւների շրջանում «Ռոստոմներ կային ամէնուրեք, ուր կռիւ կար եւ կազմակերպչական գործ»։
Նա իրեն փայլուն կերպով է դրսեւորում Գանձակում, ուր գործում է Ա. Գիւլխանդանեանի եւ Սեպուհի հետ (մինչ այդ Շուշիում էր)։ Այնուհետեւ Ռոստոմը մասնակցում է Վիեննայում տեղի ունեցած Հ.Յ.Դ. չորրորդ Ընդհանուր ժողովին (1907թ.), որի ընթացքում վաւերացուեց «Կովկասեան նախագիծը»։
Անուրանալի է Ռոստոմի դերը Հ.Յ.Դաշնակցութեան՝ Պարսկաստանի յեղափոխութեանը մասնակցելու գործում։ Այդ յեղափոխութեան ընթացքում Ռոստոմն «ամէն տեղ էր, դիրքից-դիրք, ճակատից-ճակատ, գիշեր, թէ ցերեկ», Նիկոլ Դումանի եւ Քեռու հետ։
Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեակին Ռոստոմը մասնակցում է Հ.Յ.Դ. ութերորդ Ընդհանուր ժողովին, որը պատերազմի ժամանակ հայ ժողովրդի չէզոքութեան որոշում է ընդունում։ Ժողովը որոշում է նրան մէկ տարուայ հանգիստ տալ, եւ նա մեկնում է Ժընեւ։ Բայց այդ անհանգիստ մարդը հանգստի համար չէր։ 1915թ. սկզբին նա արդէն Կովկասում էր։ Վանի գրաւումից յետոյ (1915թ. Մայիս) նրան տեսնում ենք Վանում։
Ռոստոմը բնազդօրէն զգում էր, որ հայոց պետութիւնն է վերջապէս արարւում, բայց, դժբախտաբար ռուսական հերթական կեղծ նահանջը թոյլ չտուեց, որ նրա կենտրոնը դառնայ Վանը։
Այն արարուեց Երեւանում, Արամ Մանուկեանի կողմից 1918թ., բայց Ռոստոմն այնտեղ չէր։ 1917թ. Փետրուարեան յեղափոխութիւնից յետոյ նա ընտրւում է համառուսական սահմանադիր ժողովի անդամ, իսկ 1917թ. Հոկտեմբերեան յեղաշրջումից յետոյ, երբ քայքայւում է ռուսական բանակը, անցնում է Պետերբուրգ, ապա՝ Մոսկուա, ուր տեղի հայ գործիչների հետ մէկտեղ աշխատում է կապեր հաստատել խորհրդային իշխանութեան հետ եւ Թուրքահայաստանի ազատութեան պահանջը մտցնել Գերմանիայից խորհրդային իշխանութեան պահանջների մէջ։ Սակայն նրա այս ձգտումը ձախողւում է Պրեսթ-Լիթովսքի պայմանագրով։
Այնուհետեւ Ռոստոմն անցնում է Պաքու, ուր Անդրկովկասի կոմիսար Ստ. Շահումեանի հետ մէկտեղ ձեռնամուխ է լինում Պաքուն թուրքական յարձակումից պաշտպանելու գործին։
Պաքուի անկումից յետոյ Ռոստոմը հազարաւոր հայերի հետ մեկնում է Պարսկաստան (ընդ որում՝ նա վերջին հեռացողներից էր)։
1918թ. Նոյեմբերին, ընդհանուր զինադադարից յետոյ, Ռոստոմը վերադառնում է Թիֆլիս։ Երբ սկսւում են հայ-վրացական կռիւները, նա գերմարդկային ճիգեր է գործադրում՝ վերջ տալու այդ անիմաստ պատերազմին։ Ինչպէս վկայում է Ս. Վրացեանը, նա իր ողջ կեանքում այնքան չէր տառապել, որքան այդ օրերին։
«Անվերջ ոտքի վրայ էր,- գրում է նա,- ժողովների եւ խորհրդակցութիւնների մէջ, ձմեռուայ ցրտին, մի թեթեւ վերարկուով ու ծակ կօշիկներով, անփոյթ դէպի իր առողջութիւնը, անտես առնելով ընկերների թախանձանքը՝ խնայելու իր անձը։ Ու մի գիշեր էլ, ժողովից ուշ վերադառնալով տուն, անկողին ընկաւ ու այլեւս ոտքի չելաւ. պարզուեց, որ վարակուած է բծաւոր տիֆով։ Քիչ անցած՝ տիֆը վերածուեց թոքերի բորբոքման։ Բժշկական գիտութիւնն անզօր էր այլեւս օգնելու։ Եւ 1919թ. Յունուարի 19ի գիշերը Ռոստոմը յաւիտենապէս փակեց աչքերը…»։
Ռոստոմի կեանքը իր ժողովրդի ազատագրութեան դատին նուիրուելու անկրկնելի օրինակ է։