Կիրակի, Հոկտեմբերի 23֊ին տեղի ունեցաւ Սիէթըլի Սուրբ Յարութիւն վարժարանի 2022-2023 տարեշրջանի առաջին ծնող-ուսուցիչ հանդիպումը:
Եկեղեցիի հոգեւոր հովիւ Վազգէն քհնյ. Բոյաջեանը ժողովի բացումը կատարեց աղօթքով, ապա իր ուրախութեան եւ երախտագիտութեան խօսքն ուղղեց ծնողներին, տնօրինութեանը եւ ուսուցչական կազմին` 85 աշակերտ արձանագրելու եւ տարին յաջող սկսելու համար: Նա ներկաներին տեղեկացրեց, որ վարժարանի կեանքում ունենք մի շարք ուրախ լուրեր եւ նորութիւններ: Տէր հայրը տեղեկացրեց նաեւ, որ առաջիկային ծնողական խորհրդին կից պիտի ունենանք նաեւ հոգաբարձութեան խորհուրդ:
Տնօրինութեան կողմից, Սիլվա Ղազարեանը նախ ներկայացրեց ուսուցչական կազմին եւ իրենց գործունէութիւնը ապա դպրոցի ժամերն ու առօրեան: Ծնողների համար նախատեսուած էր հարցաթերթիկներ ծնողների սպասելիքները իմանալու նպատակով: Ապա Ծնողական խորհրդի ներկայացուցիչ Աննա Ակոբեանը, նախ ծնողների կողմից իր շնորհակալական խօսքն ուղղեց տնօրինութեանը եւ ուսուցչական կազմին, ապա ներկայացրեց ծնողական խորհրդի պարտականութիւնները` ներկաներին դիմելով քաջալերեց որ դառնան խորհրդի անդամներ:
Վերջում ընտրուեց նոր ծնողական խորհուրդ, որի առաջին հանդիպումը տեղի կ՛ունենայ շուտով: Ուժ ու կորով բոլորին:
(Թղթակցութիւնը՝ եկեղեցիէն)