ԱՆԻ ԹԱԴԷՈՍԵԱՆ
Նարինէ Իսաջանեանի անհատական ցուցահանդէսի վերջին նախապատրաստական աշխատանքներն են կատարւում: Նկարչուհին ընտրում է ներկայացուելիք ստեղծագործութիւնները: Ուրախ է, եռանդուն, ժպտուն ու յուզուած:
– Նարինէ,- ասում եմ,- յիշեցրիր ուսանողական քննութիւնից առաջ պատասխանատուութեան շփոթը:
– Ի հարկէ,- հաստատում է Նարինէն, – ցուցահանդէսի բացումից յետոյ գործերս ինքնուրոյն են ապրելու: Իմ աշխարհը, որն մինչ այդ արուեստանոցում էր, այժմ ի ցոյց եմ դնելու` կարծես իմ ապրած կեանքի խոստովանութիւնը լինի:
Նարինէ Իսաջանեանի նկարչական գործերը այնքան ամբողջական են եւ աւարտուն, որ այլեւս հնարաւոր չէ ուղղել, փոփոխել: Դրանք հեղինակի «խենթ» աշխարհի մասին պատմող զգացական պոռթկումներ են: Պատահական չէ որ ցուցադրութեան խորագիրը Existential է:
– Ի՞նչպիսին է քո ստեղծագործական ընթացքը:
– Կարծես գործերն իրենք են խնդրել աշխարհ գալ, ես նոյնպէս աշխատանքը վերջացնելուց յետոյ նայում եմ, թէ ինչ է ստացուել: Այդ պատճառով ինձ համար հետաքրքիր է ստեղծագործելու ընթացքը, կարծես երկխօսութիւն լինի իմ ու իմ գործի մէջ: Ինքս ինձ վստահելու արդիւնքում ես կարողանում եմ ստեղծագործել:
Նարինէի արուեստը շատ մօտ է բնութեանը: Ստեղծագործական նիւթը յաճախ աւազն է, հողը, կաւը կամ քարը: Ֆիզիկական դրսեւորմամբ այն շատ մօտ է բնութեանը, միաժամանակ, վերածուելով «անբառ» հաղորդագրութեան` մեր կաւաստեղծ էութեան եւ յաւէրժական արժէքների մասին:
– Դու կարծես քաոսից փորձում ես ներդաշնակութիւն ստեղծել, ենթադրում եմ` նայելով քո ստեղծագործութեան վերածուող նիւթերին եւ ստացուած արդիւնքին:
– Բնութիւնն այնքան կատարեալ է, իսկ նկարիչը, իր բանականութեամբ, միայն ձգտում է մօտենալ այդ կատարելութեանը: Փորձում եմ գտնել գոյների բնական համադրութիւնները եւ հիանում. ստեղծում եմ անցումները: Այո՛, ես ստեղծում եմ ԻՄ ԱՇԽԱՐՀԸ, ԻՄ ԱԶԱՏՈՒԹԻՒՆԸ:
Նարինէն խոստովանում է, որ ֆրանսիացի իմպրեսիոնիստ (տպաւորապաշտ) Մոնէն եղել է իր ոգեշնչումը, եւ որի հիման վրայ ստեղծել է սեփականը` կոնցեպտուալ (յղացական), մինիմալիստական (պարզամէտ (1950ականներու արուեստի մօտեցում)), իւրայատուկ արուեստ: Լինի կտաւի, թղթի, տախտակի, փայտի կամ մետաղի վրայ, Նարինէի գործերը համարձակ են իրենց ծաւալներով, գոյնի ու նիւթի անսպասելի ընտրութեամբ ու լուծումներով:
– Երբ նկարում եմ, ինձ թւում է, թէ թռչում եւ պարում եմ: Մտքումս երաժշտութիւն եմ լսում: Իմ արուեստի միջոցով ես ուզում եմ արտայայտել այն ազատութիւնը, որը զգում եմ իմ հոգում:
Նարինէ Իսաջանեանը ծնուել է Երեւանում, որոշել է դառնալ ճարտարապետ, ապա փոխել մտադրութիւնը եւ շարունակել ուսումը Երեւանի Արուեստի հիմնարկում` որպէս նկարչուհի: Ինչքան պարզ ու անկեղծ, այնքան էլ հանելուկ Նարինէն` իր կեանքը վերածել է բացայայտումների շարքի. պարուհի, ճարտարապետ, նկարչուհի եւ էլի տարբեր մասնագիտութիւններ: Ցուցադրուել սկսել է 1990ից` Երեւանում, ուր յետագայում բազմաթիւ անհատական ցուցահանդէսներ է կազմակերպել: Լոս Անջելես տեղափոխուելուց յետոյ (1998) նա մասնակցել է բազմաթիւ խմբակային եւ անհատական ցուցադրութիւնների` Լոս Անջելեսում, Մոսկուայում, Փարիզում, Ճապոնիայում եւ այլուր: Ամուսինը` Ալենը, երաժիշտ է, իսկ նրանց տղան` Աւետիսը, ծնողներից ժառանգել է արուեստի նկատմամբ սէրը. սիրում է դաշնամուր նուագել ու նկարել:
Գլենդելի Glenmark հիւրանոցի սրահում Նարինէ Իսաջանեանի Existential խորագրով ցուցահանդէսը կը շարունակի գործել մինչեւ Ապրիլի 30ը: